HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Ա1+»-ն ու «Նոյյան տապան»-ը այս տարի սպասում են Եվրադատարանի վճռին

Չորս տարի առաջ' 2002թ. ապրիլի 2-ին, «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Հայաստանի դատական ատյաններում հեռուստաընկերությունը փորձեց պաշտպանել իր իրավունքները, սակայն որեւէ արդյունքի չհասավ: 2003-ին «Ա1+»-ը դիմեց Եվրադատարան:

Հարցազրույց Եվրադատարանում «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների շահերի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանի հետ:

- Պրն Ղազարյան, ի՞նչ ընթացքում է «Ա1+»-ի գործը:

- «Ա1+»-ի երկու գործ կա Եվրոպական դատարանում. առաջինը, որտեղ վիճարկվում է 2002թ. ապրիլի 2-ի լիցենզավորման մրցույթը, ներկայացվել է 2003-ի հունվարի 30-ին, իսկ երկրորդը, որտեղ վիճարկվում են մնացած 7 մրցույթները, ներկայացվել է 2004-ի սեպտեմբերին: Երկուսն էլ ընթացքի մեջ են: Իհարկե, առաջին դիմումն ավելի առաջ է անցել, այսինքն' դատարանը կազմել է պալատ (3-րդ բաժանմունքի պալատը) իր դատավորներով, եւ գործը քննվել է ըստ էության, ծանուցվել է Հայաստանի կառավարությանը: Իսկ երբ գործը ծանուցվում է կառավարությանը, նշանակում է դատարանը նկատել է իրավունքի եւ փաստերի վերաբերյալ կարեւոր հարց: Որոշակի հարցադրումներ են արվել կառավարությանը, որոնց նա պատասխանել է: Մենք կառավարության փաստարկներին պատասխանել ենք հակափաստարկներով, որից հետո դատարանը կողմերին հարցեր է ուղղել անցյալ տարի ապրիլին: Հետագայում դատարանում մտքերի փոխանակման համար երկու կողմերն էլ նախընտրել են բանավոր տարբերակը: Դրանից հետո ոչինչ չենք լսել «Ա1+»-ի առաջին գործից:

Երկրորդ գործի մասին, որն ավելի ծավալուն է, ես կասեի' ավելի ուժեղ է, դեռ ոչինչ չենք լսել Եվրոպական դատարանից: Իմ կարծիքով' դատարանը երկրորդ գործը ուսումնասիրում է եւ, վերջ ի վերջո, երկու գործերը միացնելու է: Բայց այս ընթացքում «Ա1+»-ից դատարանում երկու առանձին դիմում է գտնվում:

Երկրորդ գործը 2003-ի մայիս-հունիս ամիսների լիցենզավորման մրցույթների մասին է' 37, 25, 31, 39, 51, 63, 56 հաճախությունների համար: Երկրորդ գործում երկու հիմնական հարց է' լիցենզավորման մրցույթները բոլոր յոթ հաճախություններով, եւ առանձին վիճարկվում է «Արմնյուզի» հետ կապված սկանդալային պատմությունը, երբ այդ հեռուստաընկերությունը որպես ԶԼՄ գրանցված չէր Արդարադատության նախարարությունում, բայց մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել այլ ԶԼՄ-ի' «Սինեմաքս»-ի փաստաթղթերով եւ հաղթել:

Ընդհանուր առմամբ' «Ա1+»-ը վիճարկում է լիցենզավորման ութ մրցույթ:

- Ինչու՞ եք կարծում, որ երկրորդ գործն ավելի ուժեղ է:

- Մի շարք հանգամանքներ կան. յոթ լիցենզավորման մրցույթներն ինքնին գործի ծավալը մեծացնում են: Այնուհետեւ, երբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը սկսեց ավելի շատ մրցույթների անդրադառնալ, մեր հարցումներին պատասխանել, ավելի շատ խճճվեց իրավունքի եւ փաստերի լաբիրինթոսում: Եվրոպական դատարանին տված նրանց պատասխաններից մենք օգտվում ենք:

Օրինակ' երկրորդ փաթեթի վերաբերյալ մի դրվագ կա. դիմել ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին' խնդրելով որոշ փաստաթղթեր, որոնք իրականում հանրային փաստաթղթեր են, այսինքն' դա տեղեկություն ստանալու մեր իրավունքն է, հանձնաժողովը պատասխանել է' այո, կարող եք ստանալ այդ փաստաթղթերը, բայց դրա համար դուք պետք է բերեք ձեր տեխնիկական միջոցները, որպեսզի պատճենահանեք: Ստացվում է, որ մենք պատճենահանման սարքը պետք է վերցնենք, գնանք հանձնաժողով: Իսկ ավելի լուրջ խնդիրներ են, օրինակ, «Լիցենզավորման մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքների, «Կարգ թիվ 4»-ի մեկնաբանությունները: Մնացած յոթ մրցույթների ժամանակ ավելի էական դարձան խախտումները:

Բացի այդ, առաջին մրցույթի ժամանակ' 2002-ի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների եւ ազատությունների Եվրոպական կոնվենցիան դեռ վավերացված չէր, այսինքն' իրավախախտումները տեղի ունեցան մինչ Կոնվենցիան վավերացնելը, որը Եվրոպական դատարանում գործերի ընդունելության չափանիշներից մեկն է:

Թեեւ դատաքննությունները ապրիլի 2-ից հետո եղան, այս իմաստով գործը, կարծես թե, կիսվում էր: Պատասխանող կողմը օգտագործում է այս փաստարկը, որպեսզի գործն անընդունելի համարի, որովհետեւ Կոնվենցիայի նախադեպերով, եթե իրավախախտումը մինչեւ Կոնվենցիան վավերացնելն է եղել, ապա դատարանի իրավազորությունը չի տարածվում: Այս եւ մի քանի այլ հանգամանքներն են, որ «Ա1+»-ի երկրորդ գործն ավելի ուժեղ են դարձնում փաստերի եւ փաստարկների առումով: Բայց իրավունքի վերաբերյալ հարցը երկու դիմումներում էլ նույնն է: Այսինքն' ազատ խոսքը, ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվել է, որովհետեւ լիցենզավորման մրցույթ է անցկացվել, որտեղ ընթացակարգային խախտումները բազմաթիվ էին, եւ այնպիսի գործողություններով, որոնք խախտում էին մի շարք ներպետական օրենքներ:

- Կառավարությունը Եվրադատարանին ի՞նչ փաստարկներ է ներկայացրել:

- Օրինակ' կառավարությունը 42-րդ կետով պատասխանել է, որ Հանձնաժողովի որոշումների բուն էությունը դատական վերահսկողության ենթակա չէ, եթե որոշում կայացնելու ընթացքում խախտում է եղել, ապա նոր այդ խախտումը կարելի է բողոքարկել դատարանում: Այսինքն' ստացվում է, որ պետական, հանրային մարմնի որոշումը ենթակա չէ դատարանում բողոքարկման, իսկ դա աբսուրդ է:

- Եվրոպական դատարանը գործը քննելու ժամկետի առումով սահմանափակված չէ՞:

- Նախ' Եվրոպական դատարանը վաղուց սկսել է իր հիմնական փաստաթղթի' Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտել ժամկետների առումով. դա դատաքննության ողջամիտ ժամկետն է: Եթե առաջ գործի քննությունը 6-7 տարի էր տեւում, ապա այսօր միջինը 3-4 տարի: Բայց, մյուս կողմից, դատարանը ելք չունի. սա այնքան արդյունավետ դատարան է դարձել, որ դիմումների քանակը, հատկապես ԱՊՀ երկրների միանալուց հետո, մի քանի անգամ աճել է: Ես դատարանին չեմ մեղադրում ժամկետները խախտելու համար, ընդհակառակը' գործը համեմատած արագ է գնում, որովհետեւ դատարանը եւ ' գործի ընդունելության վերաբերյալ հարցը, եւ ' ըստ էության քննությունը միասին է անում, այսինքն' երկու վարույթները միացրել է իրար: Եթե որոշում կայացվի ընդունելության մասին, նույն փաստաթղթի մեջ վճիռն էլ կլինի: Եթե առաջ ընդունելության մասին որոշումից հետո պետք է անցներ 1-1.5 տարի, հիմա անմիջապես է կատարվում: Դա դատարանի բարեփոխումների արդյունք է: Ընդհանուր առմամբ վերցրած' արդեն 3 տարի է «Ա1+»-ի գործը դատարանում է, բայց արդեն ոչինչ չի մնացել անելու, կողմերը սպառել են բոլոր ընթացակարգային փուլերը: Միակ հարցը, որ մնում է, փոխհատուցման հարցն է: Այդ իմաստով «Նոյյան տապանը» մեկ քայլ առաջ է, նրա վերաբերյալ մասնակի ընդունելության որոշում է կայացվել, դիմումատուին դատարանը խնդրել է ներկայացնել փոխհատուցման իր պահանջը: Իսկ «Ա1+»-ին դեռ չի խնդրել փոխհատուցման պահանջ ներկայացնել: Իմ կարծիքով' պատճառն այն է, որ ծավալով «Ա1+»-ը մի քանի անգամ ավելի մեծ գործ է:

-«Նոյյան տապան»-ը արդեն ներկայացրե՞լ է փոխհատուցման մասին իր պահանջը:

- Այո, ներկայացրել է եւ ստացել պետության նկատառումները դրա վերաբերյալ: Ե ' վ «Նոյյան տապան»-ը, եւ ' «Ա1+»-ը սպասում են դատարանի որոշմանը:

- Հայցապահանջների բավարարման դեպքում, բացի ֆինանսական փոխհատուցումից, ենթադրվու՞մ է, որ տեղի ունեցած լիցենզավորման մրցույթները անվավեր կճանաչվեն եւ Հանձնաժողովին կպարտավորեցնեն նոր մրցույթներ անցկացնել:

- Դա կախված է դատարանից: Դատարանը կողմերին առաջարկել է իր միջնորդությունը, որպեսզի հաշտվեն, այսինքն' բարեկամական կարգավորում: Կողմերը' եւ ' «Նոյյան տապան»-ը, եւ ' «Ա1+»-ը, պատասխանել են: Ցավոք, չեմ կարող ասել, թե ինչ պատասխան են տվել: Սովորաբար բարեկամական կարգավորման ժամանակ է, որ կողմերը որոշում են' ինչպիսին պետք է լինի հաշտության պայմանագիրը: Այդ ժամանակ, ասենք, դիմումատուն կարող է առաջարկել նորից մրցույթ անցկացնել եւ այլն: Բայց նման հարցեր դեռ չեն շոշափվել: Իսկ դատավճիռը պետք է լինի կամ միայն դատավճիռ (ես սա ասում եմ նախադեպերի վրա հիմնվելով) ենթադրենք «Ա1+»-ի կամ «Նոյյան տապան»-ի օգտին, կամ կարող է լինել դատավճիռ եւ գումարային' նյութական կամ ոչ նյութական փոխհատուցում, որ պատասխանող երկիրը պետք է երեք ամսում տրամադրի, իսկ փոխհատուցման չափը կախված կլինի դիմումատուի ներկայացրած փաթեթից, կամ էլ կլինի կես քայլ առաջ, ինչպես դատարանը սկսել է վերջերս անել: Այսինքն' դատավճիռ, գումարային փոխհատուցման պահանջի բավարարում եւ կոչ երկրին' խախտումների վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին: Օրինակ' Օջալանի դեպքում Եվրադատարանը կոչ արեց նոր դատաքննություն կազմակերպել: Ճիշտ է, Թուրքիան դա համարեց միջամտություն իր ներքին գործերին, բայց դատարանը կես քայլ առաջ է անում: Նա չի կարող պահանջել, կարող է միայն կոչ անել: Եթե մեր դեպքում նման կոչ արվի, դա նշանակում է նորից անցկացնել լիցենզավորման մրցույթ:

- Ի՞նչ պարտավորվածություն ունի ԵԽ անդամ երկիրը' հետեւելու Եվրոպական դատարանի կոչին:

- Եթե ընդունվում է Եվրոպական կոնվենցիայի իրավազորությունը որպես պարտադիր, նշանակում է Եվրադատարանի դատավճիռն էլ է պարտադիր: Հիմա մշակվում է Հայաստանի դատական օրենսգիրքը, որտեղ կետ կա, որ Եվրոպական դատարանի որոշումները պարտադիր են: Բայց դա ակնկալվում է, նույնիսկ եթե դա չլինի, ակնկալվում է, որ Եվրադատարանի որոշումները պարտադիր են: Պետությունը նաեւ բարոյական պարտավորություն է ստանձնում. եթե պարտվել է Եվրոպական դատարանում, ապա պետք է վճռի պահանջները կատարի:

Իմ կարծիքով' կլինի դատավճիռ եւ փոխհատուցում: «Ա1+»-ը դիմել է Եվրադատարան Կոնվենցիայի 6-րդ հոդվածով' արդար դատաքննություն, 10-րդ հոդվածով' ազատ խոսք, եւ 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով' իր տարածքից եւ գույքից ազատ օգտվելու իրավունք' դա այն մասով, երբ առանց թույլտվության մտել էին իր տարածք եւ հոսանքազրկել էին: «Նոյյան տապան»-ի դեպքում դատարանը թողել է միայն 10-րդ հոդվածի պահանջը եւ դա է ծանուցել ՀՀ կառավարությանը: «Ա1+»-ի մասով դեռ չգիտենք, բայց այստեղ ամենաուժեղը 10-րդ հոդվածն է, որովհետեւ կառավարությանն ուղարկված գրեթե բոլոր հարցերը 10-րդ հոդվածին էին վերաբերվում' ազատ խոսք, ազատ արտահայտվելու իրավունք: Այսինքն' ամբողջ լիցենզավորման մրցույթի օրինականությունը: «Ա1+»-ի գործում կարելի է ակնկալել, որ փոխհատուցման պահանջը մեծ է լինելու, որովհետեւ վնասները մեծ են:

Իմ կարծիքով' այս տարի գոնե «Նոյյան տապան»-ի մասով Եվրադատարանը կկայացնի իր վճիռը, «Ա1+»-ի պարագայում դժվար է ասել, որովհետեւ գործը ծավալուն է:

- Նման նախադեպ եղե՞լ է Եվրադատարանում:

- Այն հիմքով, որ «Ա1+»-ն է ներկայացրել, ոչ: Մոտ տասը գործ կա լիցենզավորման վերաբերյալ ( դրանք 90-ականների կեսերին են եղել ) , բայց իրավունքի առնչությամբ հարցերն այլ են: «Ա1+»-ի գործը բնութագրվում է հետեւյալ կերպ' խտրականորեն արված լիցենզավորում: Նման հիմքով գործ չկա:

- «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի գործը քննող պալատում ընդգրկված է նաեւ Հայաստանի դատավորը: Կարո՞ղ է նա Եվրադատարանում պաշտպանել պետության շահը եւ ազդել գործի քննության վրա:

- Տարածված կարծիք չէ, որ եթե Եվրադատարանում տվյալ պետության դատավորը լինի, ապա նա պետության շահերը կպաշտպանի: Գործի փաստերը բոլորին պարզ են, այդքան էլ բարդ գործեր չեն: Լավ հաստատված միջազգային նորմեր կան. վերցնենք վիճարկվող հարցերից մեկը' մենք գտնում ենք, որ Հանձնաժողովը անկախ մարմին չէ, որովհետեւ նրա անդամներին նշանակելու կարգը հակասում է միջազգային նորմերին: «Արտիկլ 19» բրիտանական կազմակերպությունը հետազոտություն է արել, Եվրախորհուրդը ժամանակին ընդունել է հանձնարարական, որտեղ նշված է, որ անդամների գոնե կեսը պետք է նշանակվեն Աժ-ի, կեսը' Նախագահի կողմից, այն, ինչ, վերջ ի վերջո, բարեփողվեց Սահմանադրությում: Բայց երբ տեղի ունեցան բոլոր այդ իրավախախտումները, հանձնաժողովը նշանակվում էր Նախագահի կողմից: Հիմա եթե մենք դա որպես փաստարկ ներկայացնում ենք' հղում կատարելով միջազգային նորմերին եւ այլ երկրների պրակտիկային, իսկ «Արտիկլ 19»-ը, որը հեղինակավոր կազմակերպություն է, արձանագրում է, որ եթե Հանձնաժողովի մեկ անդամ էլ նշանակվում է Նախագահի կողմից, արդեն խախտում է, ապա Հայաստանի դատավորը չի կարող Եվրադատարանի կարծիքի վրա ազդել, որովհետեւ բոլոր փաստարկները պարզ են:

- Դուք միայնա՞կ եք աշխատել «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի հայցերի վրա:

- Չորս իրավաբան է ներգրավված այս գործում. երկուսը Հայաստանից' ես եւ Տիգրան Տեր-Եսայանը, երկուսը Անգլիայից' Մարկ Մյուլլերը եւ Քերիմ Ուիլդիզը: Աշխատանքը հետեւյալ կերպ է կազմակերպվել' մենք կատարել ենք հետազոտությունը, սակայն հայցը գրել ենք մեր անգլիացի գործընկերների հետ միասին, ովքեր Եվրադատարանի հետ աշխատելու փորձ ունեն: Նրանք Անգլիայի Ուելսի Փաստաբանների միության' մարդու իրավունքներով զբաղվող փորձագետներն են եւ այս ծառայությունը մեզ մատուցում են անվճար: Ես եմ նրանց առաջարկել ներգրավվել այս գործում, երկուսն էլ արդեն մի քանի անգամ եղել են Հայաստանում եւ ծանոթ են գործի բոլոր հանգամանքներին:

- Ճի՞շտ եք համարում «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի' առանձին հայցերով Եվրադատարան դիմելը:

- Այո, ճիշտ եմ համարում, որովհետեւ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը տարբերվում են իրենց հետեւողականությամբ: Եթե կարդաք «Նոյյան տապան»-ի հայցի մասնակի ընդունելության մասին Եվրադատարանի որոշումը, կտեսնեք, որ գործը մեծ մասով մերժվեց, որովհետեւ «Նոյյան տապան»-ը հետեւողական չէր: Այսինքն' եթե լիցենզավորման մեկ մրցույթի վերաբերյալ նա անցել էր ներպետական բոլոր դատական ատյաններով, ապա մյուս երեք մրցույթների վերաբերյալ սպասել էր, մինչեւ «Ա1+»-ի գործը դատարանում լուծվի: Երբ մենք «Նոյյան տապան»-ի ղեկավարությանն ասում էինք' գնացեք դատարան, որովհետեւ դա Եվրադատարանում պետք է, ասում էին' ոչ, կարիք չկա, տեսնենք «Ա1+»-ինը ո՞նց կվերջանա, նոր: Արդյունքում Եվրադատարանը նշեց' այն, որ նման հիմքով մեկ այլ գործ ընթացքի մեջ էր Հայաստանի ներպետական դատարաններում, չի նշանակում, որ եթե դուք դիմեիք, ապա նույն որոշումը կկայացվեր: Այս պատճառով «Նոյյան տապան»-ի փաթեթի մի մասը մերժվեց: Սա' մեկ օրինակ: Երկրորդ' փաստացի հիմքերը տարբեր են: Ճիշտ է, իրավունքի հարցերը նույնն են, թեեւ ոչ ամբողջովին, բայց փաստացի հիմքերը տարբեր են: Եթե մենք միասին դիմեինք, ապա դատարանն ինքը կառանձնացներ, ինչպես արեց «Ա1+»-ի դեպքում: Մենք մնացած յոթ լիցենզավորման մրցույթների մասին փաստաթղթերը դատարան էինք ուղարկել որպես առաջին մրցույթի վերաբերյալ հայցի շարունակություն, սակայն դատարանը դրանք իր նախաձեռնությամբ առանձնացրեց եւ ընդունեց որպես առանձին դիմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter