HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նելլի Դանիելյան

Բնության եւ տնտեսական շահի եւս մեկ մենամարտ

Մարտի 30-ին «Հայկական պղինձ» ընկերությունը Ալավերդում կազմակերպել էր հանրային լսումներ, որտեղ ներկայացվեց Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Ծրագրի իրականացման դեպքում ոչնչացվելու է մոտ 600 հա բնական անտառ: «Հայկական պղինձ» ընկերությունը մտադիր է բացել ու շահագործել անտառի տակ գտնվող պղնձի եւ մոլիբդենի հանքը (Տես նաեւ' Մութ ամպեր Թեղուտի գլխին):

Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնական անտառի ճակատագիրը կախված է այս լսումներից եւ Բնապահպանության նախարարության փորձաքննության եզրակացությունից:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ Հայաստանը դեռ պղնձամոլիբդենի հսկայական պաշարներ ունի Քաջարանում, եւ Թեղուտինը պետք է պահել ապագայի համար: «Գալիք սերունդը ընդերք շահագործելու իրավունք ունի՞, թե՞ ոչ»,-հարցնում է նա:

Հանքանյութի առկայության մասին հայտնի էր դեռեւս 1970-ական թվականներին, սակայն, գունավոր մետաղների միջազգային ցածր գների պայմաններում, դրանց արդյունահանումը այն ժամանակ նպատակահարմար չէր: Միջազգային շուկայում գները վերջին 5 տարում աճել են 4-7 անգամ, եւ հանքավայրի շահագործումը մեծ շահույթ է խոստանում:

Տնտեսական այս ծրագիրը բնապահպաններին այնքան էլ չի ոգեւորում, նրանք բնության այս պատառիկը ավելի թանկ են գնահատում եւ գտնում են, որ մեր երկրին պղնձի եւ մոլիբդենի մեկ հանքն այժմ լիովին բավարար է:

Թեղուտի հանքավայրը, որ Ալավերդուց 29 կմ հեռավորության վրա է, պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդն է Քաջարանի հանքավայրից հետո: Հայաստանի ընդերքում պղնձի' 7,2 մլն տ հաստատված պաշարներից 4 մլն-ը Քաջարանինն է, 1,6-ը' Թեղուտինը, մնացած 1,6 տ-ն' մյուս 10 հանքավայրերինը:

Մոլիբդենի պաշարով նույնպես Թեղուտը երկրորդն է. Քաջարանում' 600 000 տ, Թեղուտում' 100000, մնացած հանքավայրերում միասին վերցրած' 90 000:

Ծրագրով ոգեւորված են Թեղուտի գյուղացիները: Հանքարդյունաբերողները խոստացել են 1000 աշխատատեղ բացել: Մեկ տարի առաջ հասարակական կարծիքի ճնշման շնորհիվ փրկվեց Շիկահողի արգելոցը (Տես' Ռազմավարական ճանապա՞րհ, թե՞ կաղնու կռիվ, Սփյուռքը մեզ օգնեց): Եթե Շիկահողի արգելոցի շրջակա բնակչությունը եւ համայնքների ղեկավարությունը դեմ էին իրենց անտառի ոչնչացման նախագծին եւ վճռական էին' պայքարել մինչեւ վերջ, ապա Լոռվա այս տարածքի բնակչությունը ողջունում է արդյունաբերական ծրագիրը' թեկուզեւ ի վնաս բնության:

3000 բնակիչ ունեցող Թեղուտը, որ ապագա հանքավայրին ամենամոտ գտնվող բնակավայրն է, սակավահող գյուղ է, ուստի ընտանիքը պահելու համար տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Արդյունաբերության զարգացումը, թեղուտցիների համոզմամբ, գյուղի միակ փրկությունն է: Գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը պատմում է, որ համագյուղացիները նախանձով են վերաբերվում Թեղուտի անտառում նախնական աշխատանքներում զբաղված իրենց հարեւաններին: Այս գյուղից շուրջ 60 հոգի արդեն աշխատանք ունի: «Արդեն կահույք, մեքենա են գնում էնտեղ աշխատողները: Վերջին 10 տարիների ծանր պայմանները հասցրել են նրան, որ բնապահպանական խնդիրները թեղուտցուն այնքան չեն հուզում, որքան 21-րդ դարում մարդավարի ապրելը»,-ավելացնում է գյուղապետը:

Թեեւ հանքավայրի շահագործման ծրագիրը դեռ սպասում է բնապահպանական փորձաքննության եզրակացությանը, անտառի խորքում արդեն հորատող սարքավորումների եւ բեռնատարների աղմուկ է, ինչն էլ հուշում է իշխանությունների հետ ունեցած նախնական համաձայնության մասին: Անտառի տարածքում երկրաբանական հետախուզում թույլ տալով' պատկան մարմիններն անուղղակիորեն ընդունել են անտառի ոչնչացման ու հանքավայրի շահագործման ծրագիրը: Թեղուտի Դուքանաձոր կոչվող կիրճում արդեն 7 ամիս պաշարների վերստուգման աշխատանքներ են ընթանում: Հորատվել է 31 հորատանցք, անտառի միջով բացվել են բեռնատարների ճանապարհներ: Փորձաքննության դրական եզրակացության դեպքում 3-4 տարի հետո հանքավայրը կշահագործվի: «Հայկական պղինձ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը հավատացնում է, որ ընկերությունը կկատարի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները: Ավելին' նրանք նույնիսկ դիմել են կառավարությանը' առաջարկելով անտառվերականգնում կատարել ցանկացած այլ տարածքում:

«Վայրի բնություն» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը այս ծրագրին այնքան էլ չի վստահում: «Շատ է լինում, երբ ներկայացվում է մի բան, իրականացվում' բոլորովին այլ բան: Իհարկե, կարելի է անտառ վերականգնել, բայց ես դա արդյունավետ չեմ համարում: Անտառը միայն ծառերը չեն: Այս անտառում բազում բույսեր ու կենդանիներ կան, դրանք ինչպե՞ս են վերականգնելու»,-ասում է Կ. Մանվելյանը:

Թեղուտի անտառի հազվագյուտ բույսերի ու կենդանիների հետագա գոյությունը պայմանավորված է բնապահպանական փորձաքննության եզրակացությամբ: Դրական եզրակացությունը դրանց համար կհնչի իբրեւ դատավճիռ: Այստեղից ընդմիշտ կհեռանան գորշ արջը ու միջազգային Կարմիր գրքում գրանցված միջերկրածովյան կրիան, կխտարը, այծը, գայլն ու աղվեսը: Իսկ հազվագյուտ բույսերը պարզապես կվերանան:

Ընկերությունը մտադիր է հանքավայրը շահագործել բաց արդյունահանման եղանակով: Ստորգետնյա, փակ հանույթի տարբերակը, որով բնությանը նվազագույն վնաս կհասցվեր, ընկերության ղեկավարությունը բացառում է եւ նույնիսկ չի ցանկանում քննարկել, քանի որ տասնապատիկ թանկ է:

Հանքավայրին կից նախատեսվում է կառուցել նաեւ հարստացուցիչ ֆաբրիկա, որի արտանետումները, մասնավորապես ածխածնի օքսիդը, ազոտի երկօքսիդն ու հանքաքարի ջարդումից առաջացած փոշին, նախագծի հեղինակները խոստանում են նվազագույնի հասցնել զտիչների միջոցով: Սակայն հիշեցնենք, որ նույն ընկերությանը պատկանող Ալավերդու գործարանի թունավոր արտանետումները, չնայած արդեն մի քանի տարի անընդհատ տրվող խոստումներին, մինչեւ օրս էլ առանց չեզոքացման ուղղակի նետվում են մթնոլորտ' թունավորելով քաղաքի բնակչությանը: Այս ուղղությամբ գործնական քայլեր ղեկավարությունը խոստանում է Թեղուտի ծրագրի իրականացման դեպքում: «Այն բանից հետո, երբ ծրագիրն իրականացվի, ձեռնամուխ կլինենք Ալավերդու արտանետումների խնդրի հիմնարար լուծմանը: Դա կլինի արտանետումների նվազեցման ոչ ավանդական եղանակ»,-ասում է «Հայկական պղինձ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը: Անհասկանալի է, թե ինչ կապ ունի Ալավերդու գործարանը Թեղուտի հանքավայրի հետ:

Բնապահպաններին առավել անհանգստացնողը պոչամբարն է, որտեղ պետք է կուտակվեն տասնյակ տարիների շահագործման ընթացքում առաջացած թափոնները: Պոչամբարի կառուցման համար ընտրվել է Խառատաձորի կիրճը: Այստեղով հոսում է Շնող գետը, որը լցվում է Դեբեդը: Բնապահպաններին մտահոգում է ջրի աղտոտման խնդիրը: Սակայն նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ընտրված տեխնոլոգիան հնարավորություն կտա խուսափել հնարավոր արտանետումներից, քանի որ ջուրն օգտագործվելու է փակ ցիկլով:

Լեռնամետալուրգիայի ինստիտուտի տնօրեն Սահակ Արզումանյանի տեղեկացմամբ' պոչամբարը180մլն խմ պարունակություն կունենա: Իբրեւ նախագծի այս հատվածի հեղինակ' նա վստահեցնում է, որ դրանից որեւէ արտահոսք բացառվում է: Հայաստանի կանաչների միության նախագահը այլ կարծիք ունի. «Մենք պետք է համարենք, որ Շնող գետը պարզապես չկա: Եթե այն պետք է անցնի պոչամբարի տարածքով, ապա քամված ջուրն էլ պետք է լցվի գետը»:

Պոչամբարի շուրջ, ըստ նախագծի, նախատեսված է կառուցել կրկնակի պատվար, որպեսզի կանխվի վթարի դեպքում թափոնների' շրջակա միջավայր թափանցելը: Պաշտպանիչ պատնեշը մեկուսացվելու է կավի շերտով' թույլ չտալով պոչամբարից ներծծված ջրերի արտահոսքը շրջակա միջավայր:

Հակոբ Սանասարյանը դրան եւս չի վստահում. «Լավ, ասենք պատվարը կառուցվեց, բայց այն քանի՞ տարի կդիմանա' տա՞ս տարի, հիսու՞ն, հարյու՞ր: Մի օր, վերջապես, կպոկվի, ու ողջ աղտեղությունը կտարածվի, չէ՞»:

Ընկերությունը խոստանում է նաեւ իրեն հատկացված տարածքում հանգստի վայրեր ստեղծել էկոտուրիզմի համար:

Բնապահպանության նախարարությունը դեռւս չի տվել իր եզրակացությունը, սակայն արդեն հստակ է, որ այն լինելու է դրական: Կկարողանա՞ն, արդյոք, բնապահպանները համախմբել հասարակությանը, որից կախված է բնության եւ տնտեսական շահի այս մենամարտի ելքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter