
Դատախազությունը բողոքարկել է Մելիք Մանուկյանի որդուն ու ևս 8 մեղադրյալի չկալանավորելու վերաբերյալ որոշումները
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով անցնող 9 մեղադրյալի կալանավորման միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները:
Այս մասին մեր հարցին ի պատասխան` ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ բողոքարկվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդուն՝ Շանթ Մանուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս գործով մեղադրյալների թիվը գնալով աճում է. այս պահին արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի 19 անձ:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մահացել է Արտաշես Գևորգյանը: 21-ամյա Ջիվան Հարությունյանը միջադեպից մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության երկու կողմերում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդու կողմնակիցներն ու նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին ու այլ ազգականներն են:
Մելիք Մանուկյանի հարազատներից մեկն այլ անձանց հետ գնացել է Ծառուկյանին պատկանող վուլկանիզացման կետ՝ մեքենայի անիվը փչելու նպատակով, որտեղ վիճաբանություն է սկսվել աշխատակցի հետ: Հետագա իրադարձությունները զարգացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Մանուկյանի մի քանի ազգականներ հավաքույթի են մասնակցելիս եղել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել