HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Օրենսդրական փոփոխությունները լիովին կխարխլեն ավագանու ինստիտուտը

Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է ավագանու անդամներին տեղական ինքնակառավարման մարմիններում ու նրան ենթակա հիմնարկներում աշխատելու իրավունք տալ։ Տեղական ինքնակառավարման (ՏԻ) ոլորտի փորձագետների կարծիքով՝ ՏԻ մարմիններում ավագանու անդամների աշխատանքի անցնելը միանշանակ հակասում է գործող օրենքների տրամաբանությանը եւ խարխլում ավագանու ինստիտուտը:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչությունն իր մշակած օրենսդրական նախագիծն այսպես է հիմնավորում. «Համայնքների ավագանիների մի մասը զբաղեցնում է պաշտոններ առեւտրային կազմակերպություններում կամ կատարում է վճարովի այլ աշխատանքներ, որոնք անհամատեղելի են ավագանու անդամի կարգավիճակի հետ՝ համաձայն Օրենքի: Հաշվի առնելով վերոգրյալը, բացահայտված խնդիրը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել Օրենքում»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: 

Նշենք, որ մինչ օրս նման երեւույթներ բացահայտվելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվել օրինազանց համայնքների ղեկավարների համար։ Այժմ ցանկանում են օրինականացնել այն՝ լրացումներ կատարելով «Հանրային ծառայության մասին» օրենքում:

«Այս նախագիծը ոչ թե ավագանու անդամների վարձատրությունն է ապահովում, այլ նրանց լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունը։ Ներկայացված նախագծում օրենսդրական փոփոխություն կատարելու հիմնավորումը եւ նախագիծն իրար չեն համապատասխանում»,- ասում է տեղական ինքնակառավարման հարցերով իրավական փորձագետ Վահագն Պետրոսյանը:

Փորձագետին անհասկանալի է, թե քաղաքապետարանն ինչու է ցանկանում ավագանու անդամին 50 եւ ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկվելու իրավունք տալ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել դրանով, ի՞նչն է ուզում բարելավել։

«Եթե ցանկանում են Երեւան քաղաքի ավագանուն վարձատրել, կարող են փոփոխություն եւ լրացում կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, եւ 1700 հոգանոց աշխատակազմ ունեցող համայնքապետարանը վարձատրի նաեւ իր ավագանու 65 անդամներին։ Երեւանն այն համայնքն է, որտեղ ավագանին համամասնական ընտրակարգով է ձեւավորվում: Սա շատ էական հանգամանք է, որ համամասնական ընտրակարգով  ձեւավորված ավագանին, որը նաեւ Երեւանի քաղաքապետին ընտրող մարմինն է, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում վարձատրություն ստանա»,- հայտնեց փորձագետը։

«Ինչո՞ւ քաղաքապետարանը հարցը չի կարգավորում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելով» հարցին Վահագն Պետրոսյանը պատասխանում է. «Այդ օրենքում, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածում, ավագանու պաշտոնի հետ անհամատեղելի սահմանափակումները հստակ ամրագրված են։ Քանի որ այդ երկու օրենքներն ավելի վաղ են ընդունվել, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ գործում է այն նորմը, որն ավելի վաղ է ընդունվել։ Ուստի, նրանք «Հանրային ծառայության մասին» օրենքում են ցանկանում ավագանու համար բացառություններ սահմանել»։

Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու անդամը չի կարող միաժամանակ

1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար,

2) լինել վարչական շրջանի ղեկավար,

3) աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:

ՏԻ հարցերի իրավական փորձագետն անթույլատրելի է համարում ներկայացված օրենսդրական փոփոխությամբ շահերի բախում առաջացնելը։ «Այդ փոփոխություններն ավագանու ինստիտուտը լիովին խարխլում են եւ էականորեն փոխում նրան վերապահված վերահսկողի գործառույթը»,- հայտնեց նա։

Նշենք, որ գործող երկու՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված են ավագանու լիազորությունները, ըստ որի` համայնքի ավագանին վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ, եւ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ: Ավագանին հաստատում է՝

  • համայնքի զարգացման ծրագիրը,
  • համայնքի բյուջեն, բյուջեի փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,
  • դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները,
  • դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները եւ այլն:

Հնարավո՞ր է աշխատել համայնքապետի աշխատակազմում, միաժամանակ իրականացնել ավագանու վերը թվարկված գործառույթները։ Վ. Պետրոսյանը նշում է, որ Երեւան քաղաքի ավագանու անդամը այլ համայնքի աշխատակազմում եւ ՊՈԱԿ-ներում կամ  ինչպես նախագծում է գրված՝ «այլ ՏԻՄ-երում» չի կարող աշխատել նաեւ մեկ այլ պատճառով: Որպեսզի ավագանու անդամն այլ համայնքի աշխատակազմի աշխատակից լինի, նա պետք է լինի համայնքային ծառայող, իսկ այլ համայնքում համայնքային ծառայող լինելով` չի կարող կատարել ավագանու անդամի գործառույթը։ «Ինչպե՞ս են պատկերացնում, երբ Երեւանի ավագանին ունի մշտական հանձնաժողովներ, ժամանակավոր հանձնաժողովներ, խմբակցություններ եւ նիստերի գումարումից դուրս դա իրենց աշխատանքն է»,- հավելեց փորձագետը։

Տեղական ինքնակառավարման ոլորտում գործող երկու հասարակական կազմակերպությունները՝ «Համայնքների ֆինանսիստների միավորումը» եւ «Հայաստանի համայնքների միությունը»պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել այս նախագծի վերաբերյալ։

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը հայտնեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը բացասական դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը։ «Սա քաղաքական որոշում է, եւ մեր կազմակերպությունն իր բացասական դիրքորոշումը ներկայացրել է»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունը հանձնառություններ ունի Եվրոպայի խորհրդի (ԵԽ) առջեւ՝ իրագործելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները։ Ներկայացված նախագիծը միանշանակ նահանջ է Հայաստանի որդեգրած ժողովրդավարական արժեքներից:

Նկատի ունենանք նաեւ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում այսպիսի կարգավորում մտցնելը կտարածվի հանրապետության բոլոր համայնքների վրա։ Մյուս համայնքներն, արդյոք, ճի՞շտ են համարում ավագանու ինստիտուտն արժեզրկելը, համայնքի ղեկավարի եւ ավագանու միջեւ շահերի բախում ստեղծելը։ Կարծում ենք՝ ոչ, նրանք իրենց տեսակետը հայտնել են 4 տարի առաջ Հայաստանի կառավարությանն ուղղված ուղերձով։

2014թ. մարտի 27-ին Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային մարմինների կոնգրեսն ընդունել էր Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014 թ.) Հանձնարարականը։ Դրանից հետո ԵԽ-ն Հայաստանում երկու սեմինար կազմակերպեց խթանելու համար այն միջոցառումները եւ մոտեցումները, որոնք կարող են գործնականում կիրառելի դարձնել Հանձնարարականի դրույթները:

Սեմինարի ավարտին մասնակից 150 համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ ուղերձով դիմեցին Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով ինստիտուցիոնալ հավասարակշռություններ ստեղծել։ Մասնակիցները շեշտեցին համայնքի ղեկավարի նկատմամբ ավագանու դերի հզորացման անհրաժեշտությունը, որպեսզի ավագանին հնարավորություն ունենա դրսեւորել իր ուժը եւ վերահսկողական գործառույթները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter