HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բյուջեն չի ծառայում համայնքի կարիքներին

Ալավերդու քաղաքապետարանին պատկանող 200 տեղանոց լեցուն դահլիճում մարտի 30-ին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ներկայացրեց քաղաքապետի 2005թ. գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

2005թ. Ալավերդի համայնքի համար եղել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տարի, ուստի ներածական խոսքում քաղաքապետն ասաց, որ իր ներկայացրած հաշվետվությունը տարբերվելու է ոչ ընտրական տարիների հաշվետվություններից:

Իրականում այս հաշվետվությունը էականորեն չէր տարբերվում նախորդներից, թեկուզ հենց նրանով, որ այստեղ եւս շրջանցվել էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջները. ներկայացված տարեկան հաշվետվությունը աուդիտորական վերստուգիչ մարմնի կամ անկախ աուդիտի կողմից ուսումնասիրության չէր ենթարկվել, եւ այդ մասին որեւէ եզրակացություն չէր ներկայացվել ո՛չ ավագանուն, եւ ո՛չ էլ ազգաբնակչությանը:

Հաշվետվության վերաբերյալ ավագանու որեւէ անդամ, կամ դահլիճում նստած որեւէ ալավերդցի կարծիք չհայտնեց: Քաղաքապետը հաշվետվության մեջ ոչ պատահականորեն շրջանցեց 2005թ.-ին համայնքի սեփականություն հանդիսացող շուրջ 43 ոչ բնակելի տարածքների, շենքերի ու շինությունների վաճառքի գործարքները (Տես նաեւ' Համայնքային սեփականությունը ծառայում է պաշտոնյաների մտերիմներին): Շարունակելով իր նախորդի «ավանդույթները»' քաղաքապետ Ա. Նալբանդյանը համայնքի ֆոնդային բյուջեին հսկայական ֆինանսական կորուստներ է պատճառում:

Հաշվետվությունից պարզվեց, որ համայնքի 2005թ. ճշտված բյուջեն կազմել է 210մլն դրամ, որից վարչական բյուջեն կազմել է 80մլն դրամ, իսկ ֆոնդային բյուջեն' 32մլն դրամ: Ֆոնդային բյուջե մտած գումարից 5մլն դրամ քաղաքապետը հատկացրել է իր համար նոր ավտոմեքենա գնելու, 7,2մլն դրամ էլ' իր եւ ավագանու աշխատասենյակները եւ քաղաքապետարանի միջանցքները վերանորոգելու համար:

Բյուջեի պարտքը կազմել է 41մլն դրամ, որը կազմում է ընդհանուր բյուջեի 19,8%-ը: Պարզվում է, որ 2005թ. հունվարի 1-ի դրությամբ քաղաքապետարանի' աշխատավարձի գծով ունեցած պարտքը կազմել է ընդհանուր պարտքերի 47,2%-ը, իսկ 2006թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 59,5% ( 22 մլն դրամ ): Այսպիսով' 2005թ.-ին 2004-ի համեմատությամբ աշխատավարձի պարտքը աճել է 12,3%-ով, որից 9,6%-ն աճել է հենց քաղաքապետ Ա. Նալբանդյանի աշխատած տասը ամիսների ընթացքում:

Սա էլ նշանակում է, որ օրենքի կարեւորագույն' աշխատավարձի առաջնահերթ վճարման մասին պահանջը քաղաքապետի կողմից գրեթե չի կատարվել: 2005թ.-ին շուրջ 9 ամիս աշխատավարձ չստացած քաղաքապետարանի բյուջետային հիմնարկների աշխատողները երանությամբ են հիշում Ալավերդում առանձնապես հարգանք չվայելած նախորդ քաղաքապետին: Ալավերդու ժողգործիքների համույթի երգիչներն ու նվագողները 2005թ.-ին ընդամենը 4 ամիս են աշխատավարձ ստացել:

Հաշվետվությունից հայտնի դարձավ, որ պարոն քաղաքապետը, ինչպես ինքը հայտնեց, «հարկային վարչարարության կատարելագործմանը զուգահեռ» ոչ պակաս կարեւորել է եղած ֆինանսական միջոցների «արդյունավետ, խնայողաբար» օգտագործումը եւ 2005թ. 2-րդ կիսամյակում կրճատել է 37 աշխատող, եւս 10-ը կրճատվել են 2006թ.-ի սկզբին: Այս կրճատումների հաշվին տնտեսվել է 6 մլն դրամ:

Խնայողության նպատակով 47 մարդու գործազուրկ դարձնող քաղաքապետը բյուջեի միջոցներից շռայլություններ է թույլ տվել: Իսկ 2006թ. նախատեսել է 400 000 դրամ իր բջջային հեռախոսի վարձավճարի, շուրջ 2մլն դրամ իր ծառայողական ավտոմեքենայի վառելիքի եւ պահեստամասերի, 1,5 մլն դրամ էլ «ներկայացուցչական ծախսեր» հոդվածով հատկացրել է իր հյուրերին հյուրասիրելու համար:

Հաշվետվության մեջ «ուշագրավ» էր նաեւ Ալավերդու բնական միջավայրի պահպանման եւ բնակչության առողջության վերականգնման ծրագրի վերլուծությունը: Ինչպես հայտնեց քաղաքապետը, ծրագրի նպատակն է «ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն' պետական բյուջեից սուբսիդիաների տեսքով կատարվող մասհանումների գումարներով լուծել համայնքի բնապահպանական եւ առողջապահական խնդիրները:

Այս տարի Ալավերդու շրջակա միջավայրը հիմնականում աղտոտող «Արմենիան Մեթըլ Փրոգրամ» ՓԲԸ-ի' ՀՀ պետական բյուջեին մուծած բնապահպանական վճարը կազմել է 120 մլն դրամ: Ինչպես պարզվեց մարզպետ Հ. Քոչինյանի ելույթից, Ալավերդու քաղաքապետարանը կարող էր այդ 120 մլն դրամը տեղափոխել համայնքի բյուջե, եթե կարողանար հիմնավորված ծրագրեր ներկայացնել ՀՀ կառավարությանը:

2006թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրած 120 մլն դրամ ընդհանուր արժեքով 16 ծրագրերից Ալավերդու քաղաքապետարանը պետբյուջեից ստացել է ընդամենը 19 մլն դրամ: Առավել զավեշտական է այդ գումարների ծախսերի պլանավորումը, որը կատարվել է առանց բնակչության կարծիքը հաաշվի առնելու: Օրինակ' 19 մլն-ից 4 մլն դրամը հատկացվել է Ալավերդուց շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող եւ օդի աղտոտվածությունից համեմատաբար քիչ տուժող Ակներ գյուղական թաղամասում առողջության կենտրոն կառուցելու համար: Սա Ալավերդում բացատրվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ գյուղի շուրջ 400 ընտրողների ձայնը հօգուտ քաղաքապետի ապահովելու հանգամանքով:

2 մլն դրամ հատկացվել է կանաչապատ անտառային տարածքների ստեղծմանը: Եթե հաշվի առնենք այն, որ վերջին տասը տարում Ալավերդում ծառը տնկելուց հետո սովորաբար չի ջրվում ջրի ավտոմեքենա չունենալու պատճառով եւ հազվադեպ է հողին կպչում, ուստի հանգիստ կարող ենք կանխատեսել նաեւ այդ 2 մլն դրամի ճակատագիրը:

Մնացած 13 մլն դրամը հատկացվել են քաղաքի 2 հեղեղատարների մաքրմանը, որոնք, ի դեպ, ընդգրկված են նաեւ քաղաքապետարանի կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» մեկ այլ ծրագրի մեջ: Այդ փողով նախատեսվում է նաեւ Ալավերդու մանկապարտեզներին լրացուցիչ սննդամթերքի հատկացում, Դեբեդ գետի պաշտպանիչ պատնեշների վերականգնում:

Ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել Ալավերդի համայնքի 2005թ. բյուջեի 210մլն դրամը, ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբսիդիաները ու դոնոր կազմակերպություներից հատկացված գումարները, ալավերդցիների համար այդպես էլ պարզ չդարձավ: Քաղաքապետի գործունեության 2005թ.-ի հաշվետվության քննարկման շուրջ 200 մասնակիցները զերծ մնացին գնահատականներ տալուց: Միակ գնահատականը տվեց քննարկման ընթացքում միակ ելույթ ունեցողը ' Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը: Նա լավ սովորույթ համարեց քաղաքապետի կողմից տարեկան մեկ անգամ հաշվետվություն տալը, կատարված աշխատանքը համարեց դրական եւ խրախուսեց Ալավերդու ավագանու եւ քաղաքապետի միաբանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter