HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղադրանքի կողմը ցմահ ազատազրկում է պահանջում երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության համար

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց  «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատական նիստը:

Մեղադրող և տուժող կողմերը սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հախանումյանի, Սարգիս Գրիգորյանի և Վահան Հակոբյանի համար պահանջում են ցմահ ազատազրկում, իսկ ամբաստանյալների պաշտպանները պահանջում են հռչակել նրանց անմեղությունը:

Այսօր դատական նիստը մի քանի րոպե տևեց: Ամբաստանյալների պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը չէին ներկայացել, հայտնել էին, որ մասնակցում են անհետաձգելի քննչական գործողության ու խնդրել հետաձգել նիստը:

Մինչ նիստը հետաձգելը դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնություններն ու  հարցրեց` արդյոք նրանք ստացել և ծանոթացել են առաջին ատյանի կողմից իրենց վերաբերյալ կայացված դատավճռին:

Ամբաստանյալներից Սարգիս Հախանումյանը, որը հայտնի է «Տլե» մականունով, ասաց, որ դատավճռին ծանոթ չէ:

«Ինչի՞ համար ընթերցեի»,- դատարանին դիմելով`ասաց Հախանումյանը: Վերջինս նշեց, որ մինչև անազատության մեջ հայտնվելն աշխատելիս է եղել, սակայն չբացահայտեց, թե որտեղ:

«Կլինի՞ չասեմ. գաղտնիք է»,- ասաց Սարգիս Հախանումյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին:

Հիշեցնենք, որ Լևոն Ղազարյանը, նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում: Սպանության մեջ մեղադրվում են Վահան Հակոբյանը, որը հայտնի է «Գաստիկ», Սարգիս Հախանումյանը, որը հայտնի է «Տլե» և Սարգիս Գրիգորյանը, որը հայտնի է «Ծըգլ» մականունով:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

2018 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելիանի, նրանց մեղավոր է ճանաչել իրենց վերագրվող արարքներում ու դատապարտել 18 տարի ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter