HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրել են Շնողի անտառապետի այգու տնակը

Փետրվարի 15-ի կեսգիշերին այրել են Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառապետության անտառապետ Վարուժան Մաշինյանի Մանստև հանդամասում գտնվող այգու տնակը: Հրդեհը կեսգիշերին նկատել և ահազանգել են «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցները: Հրդեհը ժամանակին մարել չի հաջողվել, և տնակն ամբողջ գույքով այրվել է: Անտառապետն անհանգստացած է իր ընտանիքի  անվտանգության համար:

Նախորդ տարվա հոկտեմբերին Շնողի անտառապետության անտառապետ Վարուժան Մաշինյանը Լալվարի անտառտնտեսության տնօրինությանն ահազանգել է, որ համայնքի ավագանու անդամ Վիգեն Սարգսյանն իր թրթուրավոր տրակտորով ապօրինի անտառահատումներ է իրականացնում Շնողի Գուլաբի և Չնգլի Ձոր հանդամասերի անտառներում: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն իր մոտ է հրավիրել Շնողի անտառապետին և զգուշացրել, թե Վիգենը պետք է անտառից փայտ բերի։ «Նրան բան ասողն իմ հետ գործ կունենա»,- ըստ Վարուժանի՝ ասել է համայնքապետը: Վարուժան Մաշինյանն այդ մասին տեղեկացրել է անտառտնտեսության տնօրինությանը և ոստիկանության Թումանյանի բաժնին: Անտառապետի խոսքով՝ Դավիթ Ղումաշյանին 8 խմ թափուկ վառելափայտի տոմս է տվել: Սակայն այդ տոմսով համայնքի ղեկավարը հոկտեմբերի 13-ին նոր հատված շինափայտ է հանել անտառից։ Լալվարի անտառտնտեսության՝ ոստիկանությանը ներկայացրած փաստերով Թումանյանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որը ներկայումս Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի բաժնում նախաքննության փուլում է:

Լալվարի անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանի խոսքով՝ Շնողի անտառի վրա այս պահին հարձակվում են ավելի շատ նախկին անտառագողերը, որոնք հիմնականում փայտագողությամբ են ապրել: Փետրվարի 3-ի կեսգիշերին՝ ժամը 12-30-ի սահմաններում, Շնողի  Շևուտ հանդամասում Լալվարի անտառտնտեսության աշխատողները ոստիկանության հետ բացահայտել են ապօրինի անտառահատման նոր դեպք: Հայտնաբերմանը մասնակցել են նաև անտառտնտեսության տնօրենը, Ծաղկաշատի անտառապետության անտառապետ  Յուրիկ Փարսադանյանը, անտառտնտեսության այլ աշխատողներ և ոստիկաններ: Վարուժան Մաշինյանն ապօրինի անտառահատներին կեսգիշերին սպասել է Շնողի «Շեկ աղբյուրներ» հանդամասի գոմերի ճանապարհին: Փայտագողերը փայտն իջեցրել են գյուղի «Գուգութ» հանդամասի անտառներից: «Ճանապարհին ոստիկանության աշխատողների հետ փայտը բռնեցինք «Շևուտ» հանդամասում: «ՈւԱԶ» մակնիշի  20 SS 048 պետհամարանիշի ավտոմեքենայով էր տեղափոխվում փայտը, բայց դա նոր կտրած ծառ էր, որն անտառից տեղափոխվում էր տուն: Խոշոր փայտ էր: Մի քանի ռեյսով պետք է տուն տեղափոխվեր»,- պատմեց Հարություն Ամիրջանյանը:

Ծաղկաշատի անտառապետ Յուրիկ Փարսադանյանի խոսքով՝ Լալվարի անտառտնտեսության աշխատողները նախապես տեղեկացված են եղել փետրվարի 3-ի կեսգիշերին «Գուգութ» հանդամասի անտառում նախատեսված  ապօրինի անտառահատման մասինը: «Գիշերը` ժամը 12-ի սահմաններում, նկատեցինք Շնողի Շևուտի անտառի Բոշանց աղբյուրի մոտ իջնող երկու «ՈւԱԶ» մեքենաներ: Մեկը դատարկ էր, մեկը՝ փայտով բարձված: Ոստիկանները ստուգելուց հետո գողոնը տեղափոխել են ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ Գուգութի անտառում այդ գիշեր 2 հաճարենի է կտրվել: Ծառերը շնողցի Կարեն Տիրացվյանն է կտրել»,- պատմեց Փարսադանյանը: «Կարենն ասում է՝ իրեն երեխեքն են կտրել»,- պարզաբանեց Հ. Ամիրջանյանը:

Վարուժան Մաշինյանի մայրը՝ Անգին Մաշինյանը, իրենց տնակի այրումը կապում է ապօրինի անտառահատումների դեմ որդու պայքարի հետ: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է պարզի Թումանյանի ոստիկանությունը: «Շնողի և Թեղուտի որևէ գյուղացի Վարուժան Մաշինյանից դժգոհ չէ, ընդամենը նրանից դժգոհում են մի քանի փայտագողեր: Վարուժանը բոլոր գյուղացիների հասանելիք  8 խմ վառելափայտը ժամանակին տվել է: Այս պահին կոնկրետ չգիտենք՝ ովքեր են հրդեհել նրա տնակը»,- ասաց տնօրենը: Վարուժան Մաշինյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել: Միայն ասաց, որ ավելի շատ նեղսրտում է 82-ամյա մոր համար. «Մայրս 25 տարի ապրել է այդ տնակում: Նա անընդհատ լացում է, իսկ ես չեմ կարողանում տեսնել մորս լացը: Միայն մի բան կարող եմ ասել՝ մորս տնակն այրողը  թանկ է հատուցելու»: Այրված տնակից որևէ իր չի փրկվել:

Մայրը՝ Անգին Մաշինյանը, պատմեց, որ 25 տարի ամուսնու՝ Զալիկի հետ ապրել է իր այգու տնակում: Ասաց՝ իր ընտանիքը այգու և տնակի հետ կապված գեղեցիկ հիշողություններ ունի: Պատմեց, որ 7 տարի առաջ է ամուսինը մահացել, բայց նրա մահից հետո ինքը երբեք այգին չի լքել: Ամեն տարի մարտ ամսին գնացել է այգի,  նոյեմբերին՝ վերադարձել տուն. «Այգին մենակ եմ մշակել, չեմ թողել երեխեքս չարչարվեն: Երեք հատ ճանճ ունեի, հիմա կարող է ծխից է, ինչից է՝ սատկել են: Տնակում ձեռքի սարքած պահարաններ ունեի: Զալիկն էր սարքել: Թոռս գնացել է վառված տեղիցը Զալիկի սարքավորումներից մի քիչ հավաքել: Զալիկը թոշակի փողից 80 հազար դրամ էր հավաքել: Մեռնելուց առաջ նամակ էր գրել ինձ, որ էդ փողին թոռիս՝ Հայկի հարսանիքին ոսկի առնեմ: Էդ փողը, Զալիկի գրած նամակի հետ տնակում վառվել է»,- պատմեց Անգին Մաշինյանը:

Տնակում տիկին Անգինն ուներ 6 լ հոնի օղի, 10 կգ սերմացու լոբի, գարնանը օգտագործելու համար իր քաշած մեղրը և այլ իրեր:

Փետրվարի 13-ին ոստիկանության Թումանյանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լեռնիկ Գիգոլյանը «Լալվար» անտառտնտեսությանը հայտնել է, որ ոստիկանության նախապատրաստած նյութերով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Ալեն և Ռոբերտ Տիրացվյանների կողմից Շնողի անտառապետության «Գուգութ» կոչվող հանդամասից երկու հաճարենի տեսակի ծառերի ապօրինի հատման փաստով փետրվարի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժին: Անտառապետ Վարուժան Մաշինյանը տնակը հրդեհելու հենց նույն օրը դիմել է ոստիկանության Թումանյանի բաժին: «Փաստի առթիվ մենք 10 օրվա ընթացքում ենք քրեական գործ հարուցում, 10 օրը դեռ չի լրացել»,- հայտնեց ոստիկանության Թումանյանի բաժնի պետ  Լեռնիկ Գիգոլյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter