HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրաստանդարտ. Ադրբեջանի պենիտենցիար համակարգը

Այս բառը, որպես իրականում մի անհասանելի բան, Ադրբեջանի բանտարկյալների առօրյա կյանքում կրում է հարգալից, նաեւ թեթեւ հեգնական երանգ: Սովորականից քիչ ավելի մեծ բանտախուցը՝ գետնին փռած գորգով, արդեն բավարար է, որպեսզի նրա բնակիչն ընկնի «բուրժուա»-ների շարքը, իսկ խուցը՝ «եվրաստանդարտ» խուց դառնա:

Իրականում այդ չարչրկված «եվրոպական ստանդարտը» բանտային համակարգի համար բավական անորոշ մի հասկացություն է, որն անընդհատ զարգանում է եւ շարժվում դեպի մարդասիրությունը: Եվրոպայում գոյություն չունի ստանդարտների որեւէ ժողովածու բանտախցերի չափերի կամ վերմակի հաստության, զբոսանքի տեւողության կամ բանտային հագուստի գույնի վերաբերյալ: Ամեն մի երկիր իր նրբերանգներն ունի, իր ազգային առանձնահատկությունները, իր դատական համակարգը:

Այստեղ առանցքային է «դաժան վերաբերմունք» հասկացությունը, որը ճկունորեն ձեւավորվում է Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցների (CPT) եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա:

«Եվրոպական ստանդարտների» ստորին շեմն այնտեղ է, որտեղ սկսվում է «դաժան վերաբերմունքը»: Օրինակ, երբ բանտարկյալը չունի քնելու սեփական տեղ, կամ էլ բանտախցում բնական լույսն այնքան թույլ է, որ պատուհանից մեկ մետր հեռավորության վրա հնարավոր չէ գիրք կարդալ, երբ առողջ մարդուն պահում են հիվանդի հետ նույն բանտախցում՝ սա արդեն ստանդարտից դուրս է եւ չի կարող թույլատրվել Եվրոպայի խորհրդի անդամ երկրում:

Էական պահ է համարվում վերահսկող մարմնի՝ CPT-ի առկայությունը: Ի տարբերություն ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի, որն աշխատում է երկրների հաշվետվությունների հիման վրա, համաեվրոպական այս մարմինն իր հաշվետվությունները կազմում է տվյալ երկիր կատարած իր սեփական այցերի եւ հավաքած այլ տեղեկատվության հիման վրա: Եթե երկիրը վավերացրել է Խոշտանգումների կանխարգելման եւ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի մասին եվրոպական կոնվենցիան, ապա դրանով նա համաձայնում է CPT-ի փորձագետների այցին: Այցերի միջոցով կոմիտեն ուսումնասիրում է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբեմունքը՝ վերահսկողության ուժեղացման եւ, անհրաժեշտության դեպքում, նրանց խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու նպատակով: Ընդ որում, կառավարությունը, կոնվենցիային համամապատասխան, իր իրավասությունների շրջանակներում թույլատրում է այցելություններ ցանկացած տեղ, ուր պահվում են պետական իշխանության մարմինների կողմից ազատազրկված անձինք: Յուրաքանչյուր այցելությունից հետո CPT-ն կազմում եւ իշխանություններին է ուղարկում զեկույց այցերի ընթացքում բացահայտված փաստերի մասին՝ հաշվի առնելով այն բոլոր դիտողությունները, որոնք կարող էին նրան տրամադրվել իշխանությունների կողմից: Եթե իշխանությունները չեն համագործակցում CPT-ի հետ կամ էլ հրաժարվում են շտկել իրավիճակը կոմիտեի առաջարկությունների հիման վրա, ապա CPT-ն կարող է տվյալ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություն անել:

Ադրբեջանում այս մեխանիզմն արդեն սկսել է գործել: Եվրոպական ստանդարտներն սկսել են աստիճանաբար ներդրվել դեռ 1990-ականների վերջից, այն բանից հետո, երբ երկիրը 1996 թ. ԵԽ անդամության հայտ ներկայացրեց:

2000 թ. հունիսին Ադրբեջանը Ստրասբուրգի առաջ ստանձնեց կոնկրետ պարտավորություններ, որոնք այս կամ այն կերպ կապված են բանտային համակարգի հետ: Այստեղ կարելի է նշել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան՝ նրան հարող արձանագրություններով, մի շարք հոդվածներ, որոնք ազատում են քաղաքացիներին մահապատժից, խոշտանգումներից, կամայական ձերբակալումից, անարդարացի դատից, տալիս են դատական որոշումները վերանայելու եւ կատարված խախտումների հետեւանքով վնասը փոխհատուցելու իրավունք: Վավերացվել են Խոշտանգումների կանխարգելման եւ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի մասին եվրոպական կոնվենցիան, Հանձնման մասին եվրոպական կոնվենցիան: Ստորագրվել է համաձայնագիր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության մասին, որը երաշխավորում է ԿԽՄԿ-ի աշխատակիցներին անսահմանափակ մուտք կալանավորների մոտ: Երկրում ստեղծված Օմբուդսմենի ինստիտուտը նույնպես նախատեսում է ոստիկանական տեղամասերում ու բանտերում կալանավորներին պահելու պայմանների վերահսկողություն: Սկսվել է դատավորների ու իրավապահ մարմինների աշխատակիցների հերթափոխման գործընթացը: Երկու անգամ երկիր են այցելել CPT-ի առաքելությունները:

Այժմ, ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցելուց հինգ տարի անց, կարելի է ասել, որ մեզ մոտ արդեն ձեւավորվել է ձեւական նշումներ անելու համար կոսմետիկ փոփոխություների պաշարը: Երեւում է, որ բանտային համակարգը լուրջ փոփոխություների առաջ է կանգնած, որոնցով պահանջվում է արդեն ո՛չ թե նորից ներկել պատերը կամ մեծացնել «սննդի փայաբաժինը», այլ վերակառուցել կառավարության (եւ ողջ հասարակության) վերաբերմունքը բանտերի եւ վանդակաճաղերի ու փշալարերի հետեւում գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ:

Բանտարկյալների էժան աշխատանքի վրա հիմնված խորհրդային ուղղիչ- աշխատանքային հաստատությունները մի ժամանակ քիչ եկամուտ չէին բերում ուսադիրավոր իրենց «տերերին»: Բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, անցյալում մնաց պետպատվերների համակարգը, պետական տնտեսությունն էլ լճացավ: Այս վիճակն արտացոլելով՝ բանտերը հրաժարվեցին աշխատանքից եւ վերածվեցին ոչ թե ուղղիչ, այլ ինչ-որ մի «պատիժ կրելու հաստատությունների»: Վարչակազմի եկամտի հիմնական աղբյուր դարձավ ոչ թե բանտարկյալների աշխատանքը, այլ հենց իրենք՝ բանտարկյալները: Զարգացավ դատապարտյալներից դրամաշորթման համակարգը, որտեղ անվճար մնաց միայն օդը, այն էլ' ոչ ամեն օր: Մնացած ամեն ինչն իր սակագինը ձեռք բերեց. նոր համազգեստը, բարաքում լավ տեղը, բանտախցից բանտախուց տեղափոխությունը, տեսակցությունները, հանձնվող պարենը, հեռախոսազանգերը, լավ բնութագրերը, պայմանական-վաղաժամկետ ազատվելը...

Մի անգամ գաղութներից մեկի պետը, որը ներկայումս արդեն ազատված է աշխատանքից, իրավապաշտպանների հետ զրույցի ընթացքում պարծենալով հայտարարեց. «Ինձ մոտ՝ գաղութում, «օբշչակ» չկա ու չի լինի: Այստեղ ես ինքս եմ «օբշչակը»: Իրականում այդպես էլ կար:

Ի՞նչ է «օբշչակ»-ը: Դա դրամաիրային ֆոնդ է, որը ստեղծվում է կալանավորների կողմից՝ բանտում նորմալ «դրություն» ապահովելու համար: Դրանով պետք է ապահովվի այն նվազագույն մակարդակը, որը հասնում է օրենքով՝ ապահովվի «հասանելիքը», «օրենքովը»: Եթե հաջողվի «դրությունն» այդ մակարդակից ավելի բարձրացնել, ապա «օբշչակի վերակացուները» լավ թիմ կհամարվեն: Սովորաբար «օբշչակի» հեղինակությունը նվազագույն աստիճանի է դառնում, եթե վարչակազմն ինքն է ապահովում հաստատության մեջ նորմալ դրությունը:

Մեր դեպքում իրավիճակը հայելանման հակառակն է: Բանտերը մասնավոր «կրպակների» վերածելով՝ այդ հաստատությունների պետերը «խլել են քրեական հեղինակությունների հացը» եւ իրենք են վերածվել «զոն նայողների»: Հավաքելով փողերն իրենց սեփական «օբշչակի» մեջ՝ նրանք ձգտում են գաղութներում «դրությունն» ապահովել եվրոպական կարգով: Ում դա չէր հաջողվում, զրկվում էին իրենց տեղից: Արդյունքում մի քանի տարում բանտային համակարգի նյութական վիճակն էականորեն բարելավվեց:

Սակայն, ինչպես եւ ցանկացած այլ կարգի կաշառակերության դեպքում, նման համակարգը բազմաթիվ խոցելի տեղեր ունի: Նախ եւ առաջ' այն չի կարող գոյատեւել առանց «տանիքի», որի մշտական «նորոգման» համար ծախսվում է հավաքված միջոցների նշանակալի մասը: Անձնական նվիրվածության սկզբունքով ստեղծվում է հիերարխիկ խիստ համակարգ, որի համար նախաձեռնությունը, անկախությունը խորթ երեւույթներ են, որը ստեղծված է միայն դրամաշորթության նպատակով: Այդ համակարգի անդամները, որոնց էլ է «փայ» ընկնում «օբշչակից», դուրս են մնում հասարակական հսկողությունից եւ, զգալով իրենց անպատժելիությունը, դեմ չեն «բեսպրեդել» հաստատելուն (այսինքն նաեւ ձեւական, գրված օրենքը խախտելուն), եթե միայն դա կօգնի նրանց ավելի մեծ եկամուտ ստանալուն:

Ո՞վ կարող է ասել, թե դա «պատիժ» չէ, որը «կրում» են: Հարցը միայն այն է, թե՝ ո՞վ: Ի՞նչու պիտի ընտանիքները վճարեն այն բանի դիմաց, ինչը պարտավոր է ապահովել պետությունը: Որտե՞ղ է շորթումների սահմանը, եւ ի՞նչ անեն նրանք, որոնց բախտը չի բերել ազգականների եկամուտների առումով կամ էլ ում ազգականները չեն այցելում: Եվ ի՞նչ պետք է լինի բանտերի արդեն մոռացության մատնված հիմնական գործառույթի՝ հանցագործներին ուղղելու հետ: Ինչպե՞ս կարող է մարդն ուղղվել, եթե նա հասարակության համար օգտակար ոչինչ չի անում եւ ամեն օր տեսնում է օրենքի անպատիժ խախտումը հենց նրանց կողմից, ովքեր պարտավոր են նրան հետեւել... Միակ բանը, որն ինչ-որ ձեւով կարող է մարդուն դրդի զղջման ու նրա մեջ առաջացնի նորից ճաղերի հետեւը չընկնելու ցանկություն, դա սեփական ընտանիքի առաջ սիրտ մաշող մեղքի զգացողությունն է, ընտանիք, որին անողոքաբար թալանում են ուսադիրավոր մարդիկ:

Ոչ, բոլորովին պատահաբար չէր, որ լուրջ քննադատության ենթարկվեց եւ 2005 թ. փոխվեց բանտային համակարգի նախկին ղեկավարությունը, որը ժամանակին շատ բան էր արել, որ կալանավորները սովից ուշագնաց չլինեն, իսկ մեր բանտերը դառնան Հարավային Կովկասում լավագույնները: Բայց հակառակ այդ մասին հայտարարություններին՝ նման «օբշչակային» համակարգն ի վիճակի չէ հասարակություն վերադարձնել ֆիզիկապես ու բարոյապես առողջ մարդու: Եվ եթե այն նույնիսկ ապահովի բանտախցի անհրաժեշտ մեծությունն ու վռիկի շատ թե քիչ տանելի համը, ապա միեւնույն է, բանտերը դրանից Եվրոպային ավելի չեն մոտենա:

Այնտեղ՝ Արեւմուտքում, երբեք չեն մոռանում, որ այսօրվա կալանավորը վաղը կրկին վերադառնալու է հասարակություն, եւ ձգտում են նրան առավելագույնս նախապատրաստել ազատ արձակմանը, որպեսզի այն ողբերգություն չդառնա ո՛չ նրա, ո՛չ էլ նրան շրջապատողների համար: Ինքնըստինքյան հասկանալի է համարվում, որ պետք է կիրառվեն աշխատանքն ու կրթությունը: Մի շարք դեպքերում դատարանի որոշմամբ դատապարտվածներին ուժով են պարտադրում սովորել: Իսկ մեզ մոտ ցմահ բանտարկյալը, որը ցանկացել էր շարունակել բարձրագույն կրթությունը, հանդիպեց ամենաիսկական դիմադրության եւ տանուլ տվեց բոլոր դատական նիստերը, ներառյալ՝ Սահմանադրական դատարանինը:

Կապիտալիստական աշխարհում կարողանում են հաշվել փողերը եւ աշխատում են դատապարտյալին հարկ եղածից ավելի չպահել, այսինքն՝ ուղղվելուց հետո նրան բանտում չպահել: Այստեղ կալանավորը բեռ է, այլ ոչ թե կթան կով: Պետք է նաեւ համաչափություն լինի. եթե մարդը գողացել ու հասցրել է 300 դոլարի վնաս, ապա նրան բանտ նստեցնելով՝ պետությունը նրա վրա զգալիորեն ավելի շատ կծախսի: Մեր այսպես կոչված «շիրվանային գործերը» ( կոպեկային- խմբ.) եվրոպական համատեքստում անհեթեթ տեսք ունեն:

Այդ պատճառով Եվրոպայում այդպես զարգացած է կալանքից պայմանական- արտաժամկետային ազատ արձակելու ինստիտուտը: Եվրոպայի խորհրդի երաշխավորմամբ ցմահ դատավճիռների վերանայումը հնարավոր է բանտում 8-14 տարի մնալուց հետո: Այդ պատճառով նույնիսկ դատարանով ցմահ դատապարտվածները մինչեւ ազատ արձակվելը նստում են միջինը 12 տարի (այսինքն՝ ոմանք 8, իսկ ոմանք էլ՝ 40 տարի): Մեզ մոտ այդ ժամկետը կազմում է 25 տարի:

Վերջերս ցմահ բանտարկյալ ծանոթներիցս մեկը, որն արդեն նստած է 17 տարի, դիմել էր մեր դատարան իրեն ազատելու խնդրանքով: Նա դա հիմնավորում էր նրանով, որ հանցանք գործելու պահին (դեռեւս Խորհրդային Միությունում) դատարանի դատավճռով 15 տարուց ավելի չէին տալիս, եւ որ նա կալանքի ընթացքում թոքախտ է ձեռք բերել: Դատարանը հպարտորեն մերժեց խնդրանքը, եւ հիմա նա պետք է նստի առնվազն եւս 8 տարի: Ես ոչինչ չեմ ասում այդ որոշման առավել քան կասկածելի իրավական հիմքի մասին, սակայն ի՞նչ իմաստ ունի պահել ու բուժել կոտրված, հիվանդ մի մարդու, որն արդեն ակնհայտորեն այլեւս այն «կռուտոյ բանդիտը» չէ, ինչպիսին երիտասարդ տարիներին էր:

Ի դեպ, հիվանդությունների մասին: Հիմնականում դրանք «վաստակում են» մինչեւ դատավճիռը, քննչական մեկուսարանների (ՔՄ) լեփ լեցուն խցերում ամիսներ շարունակ պահվելու ընթացքում: Հետաքննության եւ դատական ձգձգվող ընթացակարգերը հանգեցնում են նրան, որ կալանավորները ՔՄ-երում անց են կացնում իրենց ժամկետի զգալի մասը: Արդյո՞ք սա հիմնավորված է այն դեպքերում, երբ կարելի է կիրառել գրավի, հեղինակավոր անձանց երաշխիքի, տնային կալանքի դիմաց ազատ արձակելու մեթոդը:

Այստեղ արդեն սկսում գործել մեր անցյալի մեկ այլ մնացորդ՝ իրավապահ համակարգի համոզվածությունը, թե «մարդ որ լինի, հոդված էլ կճարվի»: Ինչպես արտահայտվել էր ժամանակին նրանց գործընկերը ֆաշիստական Գերմանիայում. «Կապեք մարդուն, հանեք նրա գուլպաները, տվեք ինձ մի տուփ լուցկի եւ նա ինձ կխոստովանի ինչ-որ պետք է»: Ու չէ՞ որ խոստովանում են՝ եթե նրանց վրա մի լավ «աշխատեն»:

Այստեղ ես ուզում եմ նշել, որ չեմ կարծում, թե կտտանքների հետեւանքով տրված բոլոր ցուցմունքները պարտադիր կերպով հանցանքի կեղծ խոստովանություն են կամ սուտ: Մի անգամ այդ թեմայով խոսելիս ցուցմունքներ պոկելու հայտնի մի վարպետ ինձ հայտնեց. «Ձերբակալման պահին ես նրա մասին արդեն ունեմ կոմպրոմատի մի ամբողջ փաթեթ. ես գիտեմ, թե ում հետ է նա եղել, ինչի մասին է խոսել, ինչ է արել»: Մի կողմ դնենք հեռախոսային զրույցների չթույլատրված գաղտնալսումների ու նամակների գաղտնի ընթերցման հետ կապված էթիկական հարցերը եւ պատկերացնենք կոնկրետ իրավիճակ: Քննիչը գիտի հանցագործության ողջ պատկերը, սակայն չի կարող դա օգտագործել դատարանում: Այդ ժամանակ նա «կալանավորվածից հանում է գուլպաները» եւ ստիպում նրան ստորագրել այն ամենի տակ, ինչն իրեն առանց այդ էլ հայտնի է, այսինքն՝ օրինականացնել օպերատիվ տվյալները:

Բայց նույն ճանապարհով էլ կարելի է ցանկացած մարդու ստիպել խոստովանել ուզածդ բանը, եւ հազիվ թե որեւէ ուսադիրավոր կարող է դիմանալ նման գայթակղությանը, եթե դա կարող է հանգեցնել ծառայության մեջ առաջխաղացման, նրա տարածքում հանցագործության ցուցանիշների բարելավման եւ այլն: Անցյալում եղել են դեպքեր, երբ 28 բացառիկ սպանություն գործած մոլագարի փոխարեն դատի էին տվել 28 միանգամայն անմեղ մարդկանց: Բոլորը խոստովանեցին, բոլորին նստեցրին, ինչ-որ մեկին նույնիսկ գնդակահարեցին, ինչ-որ մեկը մահացավ բանտում: Արդյոք շա՞տ է հեռացել դրանից մեր համակարգը: Աչքի առաջ են 1990-ականների եւ նույնիսկ ավելի ուշ ժամանակների քաղաքականապես հիմնավորված ձերբակալությունները: Հատուկ նշանակության ոստիկանական ջոկատների անդամներն ինձ պատմում էին, որ փոխխոսնակ Աֆիյադդին æալալովի ահաբեկչական սպանությունը նախապես խոստովանել էր մոտ 30 մարդ: Բայց անհրաժեշտ էին միայն 5-ը, քանի որ դրանից ավելի մարդ պարզապես չէին տեղավորվի այն մեքենայի մեջ, որով եկել էին մարդասպանները: Արդյունքում «թեկնածուների» մեծ քանակից ընտրել էին առավել հարմարներին ու գործը փակել:

Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի չկատարած պարտավորություններից մեկն էլ հենց այն մարդկանց պատասխանատվության ենթարկելն է, ովքեր մեղավոր են խոշտանգումների հարցում: Այդ բանը պնդում են Եվրոպան ու իրավապաշտպանները, իսկ մեր հասարակությունը լռում է: Նույնիսկ կալանքից արդեն ազատ արձակված զոհերը վախից լռում են՝ տեսնելով, որ «իրենց գուլպաները հանողները» ոչ միայն չեն պատժվել, այլեւ նույնիսկ արժանացել են խրախուսանքի: Հասարակության այդ խոցից ազատվելու գործընթացը դեռ չի սկսվել: Ո՞վ գիտի՝ որքան չարչրկված «կմախքներ պահարաններից» դուրս կթափվեն, եթե բացվի դրանց դռները, եւ ինչպե՞ս դա կազդի այս կամ այն պաշտոնյաների եւ երկրի ողջ հասարակական-քաղաքական կայունության վրա:

Նման իրավիճակներում Արեւմուտքում սիրում են գործածել «transition» (անցում) արտահայտությունը: Անցումային շրջանի համար, ի տարբերություն կայուն ժողովրդավարությունների, կարելի է սահմանափակվել կիսամիջոցառումներով, միայն թե բարեփոխումները կանգ չառնեն եւ գնան ճիշտ ուղղությամբ: Դա լայն տարածություն է թողնում փոխզիջումների համար. «Դե, ո՞նց կլինի, էլի ընտրությունները կեղծեցին: Բայց դրա դիմաց փոխեցին թեկնածուների գրանցման դրույթը: Դե, խոշտանգումների կազմակերպչին չնստեցրին, բայց պատվով թոշակի ուղարկեցին. նա արդեն այդ գործի վրա չէ, ճի՞շտ է»:

Ի տարբերություն այն արդարության, որը սահմանված է «սպիտակ մարդկանց» համար, նույնիսկ հայտնվել է «անցումային շրջանի արդարություն» (transitional justice) արտահայտությունը: Մարդու իրավունքների ինչ-որ երկակի ստանդարտ, իհարկե, ոչ ընդմիշտ, այլ միայն ժամանակավոր: Չեմ հերքի այդ մոտեցման դրական կողմերը. իշխանությունները թուլացնում են իրենց դիմադրությունը բարեփոխումներին, իրավիճակն աստիճանաբար փոխվում է դեպի լավը՝ հեռանալով վտանգավոր նշագծից: Վատ է միայն, որ եթե այդ փուլը ձգձգվում է, ապա «երկակի» ստանդարտներն աստիճանաբար ձեռք են բերում ուռճացած ձեւեր, իսկ բարեփոխումները վերածվում են նմանակման:

Վերջերս լայն տարածում ունեցող գաղթը դեպի Եվրոպա բացատրվում է քաղաքացիների՝ առանց իրենք իրենց փոխելու, դեպի «եվրաստանդարտների» աշխարհ ցատկելու ձգտումով: Որովհետեւ փոխվել, գիտակցությամբ դառնալ եվրոպացի' կնշանակեր ակտիվ դիրք գրավել սեփական օրենքների խախտումների նկատմամբ, անտարբերությամբ չանցնել անարդարության կողքով: Իսկ դա դեռեւս անվտանգ չէ:

Պատմում են, որ իշխանության գալով Աթաթուրքը պատժելու սպառնալիքի տակ թուրքերին արգելել էր ֆես կրել: Ժողովուրդը մի քիչ մռթմռթաց ու սկսեց հագնվել եվրոպական ոճով: Իսկ շուտով, իր կրած հագուստին համապատասխանելու համար սկսեց վարվել, հետո' նաեւ մտածել նույն կերպ: Արդյունքում Թուրքիան պատմականորեն կարճ ժամանակում միջնադարից դարձավ եվրոպական պետություն: Ես չեմ ուզում պարզունակեցնել, բայց բնությունը ձգտում է ձեւի ու բովանդակության համապատասխանության:

Այնպես որ մնում է սպասել, թե երբ է Ստրասբուրգի մեր նոր «ավագ եղբայրը» «եվրաստանդարտները» վերեւից խցկելու մեր հասարակության գլուխը: Մեր փափախները եվրոպական կեպիներով փոխարինելու ժամանակն է:

Էլդար Զեյնալով
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter