
Գործարար Վահե Բալուլյան. «Բոլոր կառավարությունները վատն են, բայց կան ավելի վատերը»
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռիի» բիզնես ֆորումը։ Գործարար Վահե Բալուլյանին քննարկմանը հարց տվեցին, թե ինչ փոխհարաբերություններ կարող է լինել որևէ ստարտափի ներդրողի և ստարտափի հեղինակի միջև, և ինչպիսին պետք է լինի պետության դերը:
«Ես միշտ նախընտրում եմ պետության դերը պահել նվազագույնի վրա. մենք ներդրումներ ենք արել և՛ Հայաստանում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ամերիկայում, մեր մտքով անգամ չէր անցնում մեր հույսը դնել պետության վրա. նույնը քաջալերում եմ ներդրողներին անել Հայաստանում: Պետությունից պետք չէ ոչինչ սպասել, մենք ամեն ինչ կարող ենք անել մեր ձեռքով», - ասաց նա։ Գործարարը պետությանը կոչ արեց փոխել պետական մտածողությունը. երբ ինչ-որ նախաձեռնության առաջարկ է հնչում՝ պետք է հարցնել ոչ թե ինչու, այլ՝ ինչու ոչ։
«Ներդրողին գրավողը պետք է լինի նախագծի հեղինակը, նա պետք է համոզի, թե ինչու գա Հայաստան, ինչու դա անի, ինքը պետք է գա ոչ թե որովհետև հայ է, այլ պետք է տեսնի հնարավորություններ. եթե մեզ չխանգարեն, մենք ամեն տեղ մի բան կմոգոնենք»,- ասաց նա։ Բալուլյանը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակի օրինակով ներկայացրեց, թե ինչպես է պետք մոտենալ առհասարակ ցանկացած կառավարության։
«Կառավարությունների հանդեպ իմ վերաբերմունքը շատ յուրահատուկ է, ես չեմ սիրում կառավարություններին, Ջորջ Օրուելի նման եմ մոտենում էդ հարցին, երբ ասում է բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարներ, բոլոր կառավարությունները իմ համար վատն են, բայց կան ավելի վատերը։ Կառավարությունը սահմանափակող ուժ է, պետք է կարողանալ համագործակցել, բայց հույսներս մեզ վրա պետք է դնենք, էն կառավարությունը, որը կարող է ձեզ ամեն ինչ տալ, ուրեմն կարող է նաև վերցնել, ինքը էդ ուժը ունի տալու, ուրեմն ունի նաև հետ քաշելու, այսինքն՝ այն պետք է լինի օգնող այլ ոչ թե տվող»,- ասաց Բալուլյանը։
Գործարարն ընդգծեց՝ աշխարհի ցանկացած երկրում է այդպես՝ կառավարությունը գործարարի հետ «ախպեր, ընկեր ու բարեկամ չէ»: «Կառավարությունը բիզնեսից ուզում է հարկեր հավաքել, մենք ուզում ենք օրենքի սահմանում խուսափենք այդ հարկերից»,-ժպտալով ասաց նա։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել