HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գնումների armeps.am համակարգում ներդրվել է մոտ կես միլիոն դոլար, սակայն մինչ օրս այն լիարժեք չի գործում

Ֆինանսների նախարարությունը 2016 թվականի հուլիսից գործարկում է էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային www.armeps.am/ppcm համակարգը:
Համակարգի ներդրման նպատակով նախարարությունը 2015թ. կնքել է 149 մլն դրամ արժեքով պայմանագիր: Իսկ տեխնիկական սպասարկմանը 2018թ-ին հատկացրել է 45,5 մլն դրամ, 2019թ-ին՝ 49,2 մլն դրամ:
Համակարգում իրենց կարիքների համար կնքված պայմանագրերը պետք է տեղադրեն պետական մարմինները, պետության կամ քաղաքային համայնքների ձևավորած կազմակերպությունները, ՊՈԱԿ-ները, միավորումները, ընկերությունները, հիմնադրամները, որոնցում պետությունը 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունի:
Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ 2016-ից սկսած` պատվիրատուները (վերը նշված մարմինները, հեղ.) գնման գործընթացներն իրականացնում են համակարգի միջոցով, և դրա հաստատումից հետո, ավտոմատ կերպով կնքված պայմանագիրը պետք է հրապարակվի համակարգի «պայմանագրեր» բաժնում։
Բացառություն են կազմում պետական կառավարման մարմինների կողմից մուտքագրված այն գործարքները, որոնք հրապարակվում են գնման գործընթացների մասին հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: 
Կառավարությունը ներդրել է գնումների հաշվետվողականության armeps.am համակարգը որպես թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության գործիք՝ մինչ օրս ծախսելով մոտ 244 միլիոն դրամ, սակայն համակարգը առ այսօր թերություններ ունի և լիարժեք չի գործում:
Armeps.am համակարգը ունի մի շարք թերություններ
Գնումների հաշվետվողականության այս համակարգում բոլոր պետական, քաղաքային կամ համայնքային մարմինները չեն տեղադրում իրենց կարիքների համար կնքված պայմանագրերը: 
Օրինակ՝ կան ՏԻՄ այնպիսի մարմիններ,  որոնք համակարգի գործարկումից մինչ օրս իրենց կնքած որևէ պայմանագիր չեն տեղադրել: Օրինակ՝ Վարդենիսի, Մեծամորի համայնքապետարանները:
Համայնքային իշխանություններից շատերը ամիսներ շարունակ չեն հրապարակում իրենց կնքած պայմանագրերը: Օրինակ՝ Գյումրու համայնքապետարանի տեղադրած վերջին պայմանագիրը կնքվել է 2018 թվականի օգոստոսի 16-ին: Նույն իրավիճակն է Հրազդանի համայնքապետարանի դեպքում. հրապարակած վերջին պայմանագիրը 2018 թվականի հունիսին կնքածն է: Գորիսի համայնքապետարանը 2017 թվականից մինչ օր ընդամենը մեկ պայմանագիր է տեղադրել՝ 2018 թվականի հունիսի 4-ին կնքած: Էջմիածնի համայնքապետարանն այս համակարգում իր կնքած պայմանագրերից երեքն է հրապարակել, որոնք բոլորը կնքված են 2018 թվականին, վերջին տեղադրված պայմանագիրն էլ վերաբերում է 2018-ի հունիսին: Այսպիսի համայնքապետարանները բազմաթիվ են։
Բացի այն, որ տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը իրենց կնքած պայմանագրերը չեն տեղադրում այս համակարգում, չեն հրապարակում նաև իրենց պաշտոնական կայքէջերում: Այդ պատճառով` նրանց գնումների մասին տեղեկատվությունը հանրության համար դառնում է անհասանելի։
Հաճախ Armeps.am համակարգից օգտվողը որևէ ընկերության հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չի կարող ստանալ: Համակարգում բազմաթիվ ընկերությունների փնտրման մի քանի տարբերակ կա: Օրինակ՝ եթե ցանկանաք պարզել, թե այդ ընկերության հետ ինչ պայմանագրեր են կնքվել, ամբողջական տեղեկատվություն հաճախ չեք կարող ստանալ, քանի որ ընկերության անվանման ամեն գրելաձևի փնտրման տարբերակով, տարբեր պայմանագրեր կգտնեք:
Եթե, օրինակ, փնտրեք «Սաքի» ՍՊԸ գրելաձևով, կգտնեք ընկերության հետ կնքված մեկ պայմանագիր՝ 2017 թվականի հունվարի 30-ի։ Իսկ ՍԱՔԻ ՍՊԸ տարբերակով փնտրման դեպքում, կհայտնաբերեք ընկերության հետ կնքված 5 էջ պայմանագիր:
Համակարգում հաճախ լինում են դեպքեր, երբ «պայմանագրի ընդհանուր գումարը» բաժնում նշված պայմանագրի արժեքն ու պայմանագրի իրական արժեքը տարբերվում է: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի մայիսին պայմանագիր է կնքել «Դավիթշին» ՍՊԸ-ի հետ: «Պայմանագրի ընդհանուր գումարը» բաժնում նշված է, որ պայմանագրի արժեքը 752 միլիոն դրամ է, սակայն պայմանագիրը բացելիս պարզվում է, որ պայմանագիրն արժեցել է 752 հազար դրամ: 
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն նախորդ տարի ուսումնասիրում էր Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրերը և «Դավիթշին» ըներության հետ կնքած այս պայմանագրի արժեքի սխալ հրապարակումը ՀԿ-ն պարզել էր ուսումնասիրության ավարտին, որի պատճառով ամբողջովին փոխվել են ուսումնասիրության արդյունքները:
Հիմնադրամները նույնպես պետք է հրապարակեն իրենց պայմանագրերը: Բայց օրինակ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ ու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ը որևէ պայմանագիր մինչ օրս չեն հրապարակել: Հիմնադրամների՝ պայմանագրեր չհրապարակելու դեպքերը բազմաթիվ են:
Ավելին՝ համակարգը շատ հաճախ դառնում է անհասանելի և http://www.armeps.am կայքը ժամեր շարունակ չի գործում, ինչպես, օրինակ, այսօր։
«Պատվիրատուներն իրենք են համակարգում տեղադրում իրենց կարիքների համար  կնքված գնման գործարքները, ավելին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը չունի նման լիազորություն պատվիրատուներին պարտավորեցնել իրենց կարիքների համար կնքված պայմանագրերը հրապարակել համակարգում»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը երկար տարիներ աշխատել է որպես գնումների ոլորտի մասնագետ, և 2016 թվականից օգտվում է armeps.am համակարգից: Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում առանձնացրեց համակարգի հիմնական թերությունները, որոնց աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպել է: 
Որպես առաջին թերություն` նշեց համակարգի պլանավորման բաժնում զետեղված տեղեկությունը: Ասաց, որ գնումների պլանը համադրելի չի լինում գնումների հավելվածի հետ: Եղել են դեպքեր, երբ գնման առարկաների պլանավորումը զրո է եղել կամ բացասական: Որպես օրինակ նշում է բենզինը` ընդգծելով, որ անհնար է բենզինի նախատեսված ծախսը զրոյական լինի և բենզինի գնման կարիք չլինի: 
Ասում է՝ հաճախ միևնույն ՀՎՀՀ-ով հանդիպում են մի քանի տարբեր անուններով մուտքագրված ընկերության տվյալներ, այսինքն՝ ամբողջական ինտեգրում չկա իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ։
Սակայն գնումների մասնագետի համար համակարգում աշխատելիս ամենամեծ խնդիրը չհրապարակվող պայմանագրերն են: Ուսումնասիրողի համար այս թերությունը դժվարացնում է աշխատանքը, քանի որ պայմանագրերի ուսումնասիրման այլընտրանքային համակարգ չունեն. «Ակնհայտ է, որ նրանք գնումներ իրականացնում են, բայց տվյալների բազայում չկա: Այն տեղեկատվությունը, որը տարեվերջին որպես տարեկան գնումների հաշվետվություն ներկայացվում է ֆինանսների նախարարության կողմից և armeps.am-ով պայմանագրային հիմքով էականորեն տարբեր է»: 
Ասում է՝ համակարգի միջոցով չես կարող ամբողջական տեղեկատվություն պարզել գնումների մասին: Գնումների մասնագետը հաճախ է նկատել որևէ օրվա դրությամբ կնքված պայմանագրերի բազայի փոփոխություն: Այսինքն՝ եթե ինչ-որ օրվա պայմանագրեր ուսումնասիրել է, հետագայում կրկին վերանայել է այդ օրվա պայմանագրերը և բացահայտել, որ պայմանագրեր են ավելացել, որի արդյունքում գնումների հանրագումարը փոփոխվել է. «Պետք է հասկանաս, թե ոնց է եղել, ինչ պայմանագրեր են ավելացել: Սա էլ, իհարկե, խնդիր է, որը համակարգային ուսումնասիրությունների ժամանակ հավելյալ ժամանակ է խլում»,- նշում է պատգամավորը։
Գնումների ոլորտի մասնագետի համար խնդիր է հանրային կազմակերպությունների գնումների ուսումնասիրությունը: Ասում է՝ նրանք համակարգում ներառված չեն, տեղեկատվություն չեն հրապարակում: 
Մանուկյանը ֆինանսների նախարարությանն առաջարկել է համակարգում զետեղել նաև ԵԱՏՄ երկրներում «սև ցուցակում» հայտնված ընկերությունների մասին տեղեկատվություն, որը ներկայում վարվում է: Այնուհանդերձ, ասում է՝ իհարկե դրական է, որ տեղեկատվություն կա, սակայն հատվածական է, քանի որ համակարգային լուծումը կլինի համակարգերի ինտեգրումը, որի արդյունքում ընկերության տվյալները մուտքագրելիս, օրինակ «սև ցուցակում» ներառված ընկերությունների ՀՎՀՀ-ն կինտեգրվի, ինչն անհնար կդարձնի նման ընկերությունների մասնակցությունը պետական գնումների համակարգի մրցույթներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter