Հայաստանի քրեակատարողական համակարգը
2001թ. հունվարին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ:
Երկրում սկսվեց օրենսդրությունը եվրաստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը: Հենց ԵԽ-ում անդամությունը նպաստեց քրեակատարողական (կամ՝ պենիտենցիար) համակարգում այնպիսի արմատական բարեփոխումների իրականացմանը, որոնց շնորհիվ այն այսօր քիչ է հիշեցնում սովետական ժամանակների հիմնարկները:
Պենիտենցիար համակարգի օրենսդրական «վերանորոգում»
Առաջին քայլը դարձավ պենիտենցիար հիմնարկների տեղափոխումը ներքին գործերի նախարարության ենթակայությունից արդարադատության նախարարություն: 2001թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին որոշում»-ը: Այս որոշման համաձայն արդարադատության նախարարությանն անցան 14 հիմնարկներ, այդ թվում' քննչական մեկուսարանները, 2 գաղութ-բնակավայրեր եւ հիվանդանոց բանտարկյալների համար: ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ 2003 թ. հունվարի 1-ից արդարադատության նախարարության (ԱՆ) ենթակայության տակ ստեղծվեց եւս մեկ հիմնարկ' «Երեւան-Կենտրոն»-ը, ինչը փաստորեն նշանակում էր ՀՀ ազգային անվտանգության վարչության քննչական մեկուսարանի փոխանցումն ԱՆ-ին: Այս քայլով ավարտվեց Հայաստանի բոլոր պենիտենցիար հիմնարկների արդարատադության նախարարության ենթակայությանը փոխանցելու գործընթացը:
2002 թ. նոյեմբերի 1-ին շահագործման հանձնվեց հիվանդանոցի նոր մասնաշենքը, որը կառուցվել էր տուբերկուլյոզով տառապող բանտարկյալների համար: Այն նախատեսված է 220 մարդու համար: Բայց արդեն 2003 թ. բոլոր քրեակատարողական հիմնարկներում գրանցված էին 303 տուբերկուլյոզով հիվանդներ:
Այսօր քրեակատարողական ծառայության համակարգը կազմում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը եւ նրան ենթարկվող 15 հիմնարկներ: Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց պահելու վայրերին (նախնական կալանքի նախկին խուցերին, որոնք առօրյա գործածության մեջ հայտնի են ԿՊԶ անվանումով), ապա դրանք մնում են ՀՀ ոստիկանության համակարգում:
Ընդունվեցին նոր օրենքներ' «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» (2002 թ. փետրվար), «Քրեակատարողական ծառայության մասին» (2003 թ. նոյեմբեր) եւ «Քրեակատարողական օրենսգիրք» (2004թ. դեկտեմբեր), որոնցով խորհրդային օրենսդրության համեմատ զգալիորեն ավելի են պաշտպանված մարդու իրավունքները:
Ինչպես ցույց է տալիս փորձը, այս պահի դրությամբ քննչական մեկուսարաններում գտնվող մարդիկ, այսինքն այն անհատները, որոնց նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, պահվում են զգալիորեն ավելի ծանր պայմաններում, քան դատապարտյալները: Եվ ակներեւ է այս կարգի մարդկանց համար իրավիճակը շտկելու միտումը:
Գործող քրեակատարողական օրենսգրքի համաձայն Հայաստանում կան հետեւյալ տեսակների ուղղիչ հիմնարկներ. բաց, կիսաբաց, կիսափակ, փակ, բուժական ուղղիչ հիմնարկներ:
Մյուս նորամուծությունն այն է, որ պատիժը կրելու հիմնարկի տեսակը դատարանների փոխարեն այժմ որոշում է ԱՆ քրեակատարողական ծառայությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը: Ընդ որում' գործում են հիմնարկի տեսակի ընտրության ճշգրիտ չափանիշներ: Հանձնաժողովն ունի հաստատության տեսակը փոխելու իրավունք՝ ելնելով բանտարկյալի վարքից եւ հասարակությունից նրան մեկուսացնելու աստիճանի անհրաժեշտությունից:
Բանտարկյալներին պահելու պայմանները
Բարեփոխումների հաջող առաջընթացի համար բացի օրենսդրական միջոցներից անհրաժեշտ է միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել նաեւ բանտարկյալներին պահելու պայմանները: Այսպես, քննչական մեկուսարանների պատուհաններից արդեն հանված են երկաթյա անշարժ շերտավարագույրները, պահպանվում է մեկ բանտարկյալի համար բանտախցում 4 քմ տարածք ապահովելու նորմը: Ընդհանուր առմամբ իրականացվում է արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը. քրեակատարողական հաստատություններում կան հեռախոսներ, որոնցից կարող են օգտվել բանտարկյալները, եթե ունեն հեռախոսային քարտեր, հարազատների հետ տեսակցության իրավունք ունեն ոչ միայն այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է կալանքը, այլեւ ձերբակալվածները, որոնք հսկողության տակ են առաջին 72 ժամերի ընթացքում: Ընդ որում' եթե մինչեւ օրենսդրության փոփոխությունը ձերբակալվածների համար տեսակցություններն արգելված էին (դրանք կարող էին տեղի ունենալ միայն քննիչի թույլտվությամբ), ապա այժմ սկզբունքորեն այլ մոտեցում է կիրառվում: Տեսակցությունները, ինչպես եւ հեռախոսազանգերը թույլատրված են, սակայն քննության շահերից ելնելով' կարող են արգելվել քննիչի հատուկ որոշմամբ: Առաջվա նման դեռեւս լուծված չէ կանանց գաղութում («Աբովյան» քրեակատարողական հիմնարկ) երկարատեւ տեսակցությունների հարցը, չկան դրա համար անհրաժեշտ տարածքներ: Ազատազրկման կամ ազատության սահմանափակման բոլոր տեսակների համար լուրջ խնդիր են մարդու իրավունքների այնպիսի խախտումները, ինչպիսիք են կտտանքները, դաժան, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը եւ պատիժը: Իհարկե, նման երեւույթների հաղթահարումը այդքան էլ հեշտ բան չէ: Կարելի է նշել դրական առաջխաղացումներն այդ հարցում, բայց միաժամանակ կա արմատավորված կարծիք, որ հանցագործություն կատարած անհատներն արժանի չեն մարդասիրական վերաբերմունքի: Օրենսդրական դրույթները նման դեպքերը հայտնաբերելու եւ կանխելու պայմաններ են ստեղծում: Հետաքրքրական է, որ 2005 թ. նոյեմբերին ընդունված Հայաստանի նոր սահմանադրության 17 հոդվածում բացի կտտանքները եւ անմարդկային վերաբերմունքն արգելող սովորական դրույթից հատուկ նշվում է, որ «ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք»:
Որոշակի առումով դրան նպաստում է հենց քրեակատարողական հիմնարկներն արդարադատության նախարարությանը փոխանցելու փաստը, հանցագործության հետաքննական եւ կալանքի տակ պահելու գործառույթների տարանջատումը:
Քրեակատարողական հիմնարկներ մուտք գործած անձինք կարանտինի փուլում պետք է ենթարկվեն մանրամասն բժշկական քննության նրանց հետ դաժան վարվելու եւ նրանց ծեծի ենթարկելու հետքեր հատնաբերելու նպատակով: Բացի այդ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է կալանքի տակ գտնվող մարդու մատնանշումով անկախ բժիշկ հրավիրելու իրավունք: Ենթադրվում է, որ մարմնական վնասվածքներով բանտարկյալի մուտք գործելու դեպքում քրեակատարողական հիմնարկի անձնակազմը պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի ինչպես իր ղեկավարությանը, այնպես էլ վերադաս մարմիններին այդ վնասվածքների առաջացման պատճառներն ու ձեւերը հետաքննելու համար: Ցավոք, գործնականում նման դեպքեր ծայրաստճան հազվադեպ են լինում: Անհրաժեշտ է նաեւ ճշգրիտ որոշարկել անձնակազմի կողմից հատուկ միջոցների կիրառման հնարավորությունները: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքից հանվել են այն հոդվածները, որոնք կարգավորում են հատուկ միջոցների (ռետինե մահակների, ձեռնակապերի, զենքի եւ այլն) կիրառման հարցը: Այսօր այս խնդիրը լուծված չէ, եւ ստեղծված է իրավական մի յուրօրինակ վակուում: Չկա ճշգրիտ սահման հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտության եւ անմարդկային, դաժան վերաբերմունքի միջեւ: Այս պատճառով դժվար է պարզելը ռետինե մահակները, ձեռնակապերը, զենքը եւ այլ միջոցները կիրառվել են խիստ անհրաժեշտ լինելո՞ւ պատճառով, թե՞ դրանք գործի են դրվել այլ նպատակներով, օրինակ՝ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի:
Կա եւս մեկ՝ դեռեւս չլուծված խնդիր, որը կապված է բանտարկյալներին պահելու պայմանների հետ: Բանտարկյալների առողջությանը հետեւող եւ նրանց բուժող բժիշկները քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, հետեւաբար՝ ենթարկվում են ԱՆ քրեակատարողական վարչությանը: Մինչդեռ հենց նրանց պարտականությունն է հաստատություններում գտնվող բանտարկյալների պարբերական քննությունը, մարմնական վնասվածքների հետքերի հայտնաբերումը: Դժվար է բժիշկներից օբյեկտիվություն սպասել, երբ խոսքը գործընկերների գործողությունների մասին է, որոնց հետ նրանք կողք-կողքի են աշխատում: Հնարավոր է, արժե մտածել, որ քրեակատարողական հիմնարկների բժշկական աշխատողներն անցնեն Առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ ֆինանսական մատակարարումը ստանան այնտեղից: Բժշկական ծառայությունների մատուցումն ինքնըստինքյան Հայաստանի պենիտենցիար համակարգի ցավոտ հարցն է: Հաստատությունների մեծ մասում չկան բավարար քանակի բժշկական միջոցներ: Հիվանդանոց կարող են տեղափոխվել միայն այն ազատազրկվածները, որոնց նկատմամբ արդեն ուժի մեջ է մտել դատավճիռը: Քննության տակ գտնվողներին, կամ էլ նրանց, ում գործերը դատաքննության փուլում են (իսկ դա կարող է տարիներ տեւել) հետեւում են քրեակատարողական հիմնարկների բուժկետերը: Իսկ այստեղ բժշկական սպասարկման մակարդակը ցածր է:
Քրեակատարողական հիմնարկներում ուղղվելու խնդիրը
Գործող օրենսդրությունը նախատեսում է աշխատանքի եւ կրթության իրավունք ուղղիչ հիմնարկների բանտարկյալների, ինչպես նաեւ ձերբակալվածների համար: Աշխատատեղերի, աշխատելու հնարավորության բացակայությունը հանրապետության պենիտենցիար համակարգի ամենամեծ խնդիրներից է: Դատապարտվածների զբաղվածության խնդիրը լուծված է միայն կանանց գաղութում, որտեղ կա տնամերձ տնտեսություն, եւ Մեղրու գաղութ-բնակավայրում: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա աշխատանքի նրանց իրավունքը դեռեւս երկար ժամանակ կմնա միայն թղթի վրա հռչակված վիճակում, քանի որ ներկայիս հիմնարկները, որտեղ մարդիկ պահվում են խցային պայմաններում, նախատեսված չեն աշխատանքի կազմակերպման համար: Իսկ իրողապես կրթություն ստանալ կարող են միայն անչափահասները: Եվ խոսքը միայն միջնակարգ դպրոցի մասին է, այլ ոչ թե բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության:
Բանտարկյալների իրավունքների պաշտպանության համար լուրջ վտանգ է ստեղծում քրեակատարողական հիմնարկների անձնակազմի աշխատանքային նորմալ պայմանների բացակայությունը, քանի որ դա ստիպում է անձնակազմին կենտրոնանալ իրենց խնդիրների, այլ ոչ թե բանտարկյալների իրավունքների վրա: Վերջերս անձնակազմի աշխատավարձերը բարձրացվեցին, սակայն հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի եւ ծանրությունը, եւ կարեւորությունը՝ պետք է մտածել հետագա բարձրացման մասին:
Ցավոք, մարդանց գիտակցությունն այդքան արագ չի փոխվում, որքան արագ փոփոխվում են օրենքները թղթի վրա: Հաճախ ոչ միայն նյութական ծանր պայմաններում ապրող Հայաստանի հասարակ բնակիչները, այլեւ իրենք՝ պենիտենցիար հաստատությունների աշխատակիցները, անարդար են համարում այն, որ հանցագործություն կատարած, օրենքը խախտած «վատ» մարդիկ պետք է «լավ ապրեն» (պետությունը նրանց կերակրում-սնում է, ստեղծում է կյանքի համար պայմաններ), իսկ «լավ», օրինապաշտ քաղաքացիներն ապրում են զգալիորեն ավելի վատ պայմաններում: Եվ այդ պատճառով երկրորդական չէ պենիտենցիար համակարգի եւ հասարակության միջեւ կապի պահպանման խնդիրը: Այն կարող է նպաստել, որպեսզի հասարակ մարդիկ վերաբերվեն ձերբակալվածներին եւ դատապարտվածներին ոչ որպես վտարվածների, այլ որպես մարդկանց, որոնք պետք է վերադառնան նորմալ կյանք: Այս խնդրի լուծման համար որոշակի, եթե չասենք գլխավոր դերի կատարմանն է կոչված քրեակատարողական հիմնարկների նկատմամբ Հասարակական վերահսկողության խումբը:
Կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերի նկատմամբ իրականացվում է դատական, վարչական, դատախազական, ինչպես նաեւ՝ հասարակական վերահսկողություն («Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենք, հոդված 47): Նույն օրենքի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի 2003 թ. հուլիսի 16-ի հրամանով հաստատվեց «Բանտարկյալներին պահելու վայրերում հասարակական հսկողների խմբի գործունեության կարգը»: Խմբի կազմը, որի մեջ մտան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաստատվեց 2004 թ.:
Անցած գրեթե երկու տարիներին հասարակական դիտորդները՝
- իրականացնում են հասարակական վերահսկողություն կալանավորների իրավունքների պաշտպանության հարցում, հետեւում են նրանց աշխատանքային եւ կենցաղային պայմանների բարելավմանը,
- հասարակությանը ներկայացնում են քրեակատարողական հիմնարկներում տիրող իրական վիճակը, իսկ արդարադատության նախարարությանը՝ եզրակացություններ եւ առաջարկություններ,
- ուսումնասիրում են քրեակատարողական օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ են անում դրանց փոփոխման կամ լրացման համար, ինչպես նաեւ մշակում են իրավական նոր ակտեր:
Այսպիսով՝ հասարակական դիտորդների խումբն իրականացնում է մի գործունեություն, որն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հայտնաբերմանը եւ կանխմանը: Խմբի անդամներն ունեն օրվա որեւէ ժամին եւ առանց նախնական տեղեկացման քրեակատարողական ծառայության որեւէ հիմնարկ անսահմանափակ մուտքի հնարավորություն: Նրանք կարող են առանձին հանդիպել բանտարկյալների հետ, նրանց համաձայնությամբ ծանոթանալ անձնական գործերի եւ բժշկական թղթերի հետ: Խմբի եւ արդարադատության նախարարության միջեւ ձեւավորվել են փոխհարգալից գործնական հարաբերություններ:
Շուտով կսկսվի նաեւ ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների վերջերս ստեղծված խմբի աշխատանքը:
Նարինե Ռշտունի
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբանական բաժնի պետ (Հայաստան), ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել