
Հետո կհայտնվեմ ես՝ սպիտակ թիկնոցով
Մամուլում հրապարակումներ եղան, որոնք արձանագրում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, նախագահ Արմեն Սարգսյանինն՝ աճում: Եվ որ քաղաքական փորձառու գործիչ, դիվանագետ ու հաջողակ բիզնեսմեն Արմեն Սարգսյանը գուցե թե Հայաստանի համար ավելին կարողանար անել, եթե Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները խորհրդանշական չլինեին: Եթե նա Հայաստանում ունենար քաղաքական հենարան: Եվ եթե վարչապետը նրան չդիտարկեր իբրև մրցակից, Արմեն Սարգսյանն իր փորձն ու գիտելիքները Հայաստանին ծառայեցնելու դաշտ կունենար:
Հանուն արդարության պետք է արձանագրել, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նախագահ Սարգսյանի վարկանիշն իրոք աճել է այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվելու պահին այն չափազանց ցածր էր: Սարգսյանն՝ իր ներկայանալի կեցվածքով, գրագետ, ինտելեկտուալ խոսքով, կրթությամբ, ինչ խոսք, ակնհայտորեն և շահեկանորեն տարբերվում է Հայաստանի քաղաքական դաշտում եղած գործիչներից:
Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ նա Հայաստանը գրագետ ու հետաքրքիր ելույթներով ներկայացնում է աշխարհին, սակայն իր փորձն ու գիտելիքները այդպես էլ Հայաստանում գործնական քայլերի չեն վերածվում: Սահմանադրությունը թույլ չի՞ տալիս: Կամ նրան ընկալում են իբրև վարչապետի մրցակի՞ց՝ հեռուն գնացող ծրագրերով: Օբյեկտիվ այս պատճառները, հնարավոր է, կան, սակայն հիմնական պատճառը, կարծում եմ, այլ է:
Իմ կարծիքով՝ պատճառը նրա չափազանց ընդգծված պրագմատիզմն է, իրեն ձեռնտու լուծմանը հասնելու ճանապարհին հնարավոր բոլոր կոմպրոմիսներին պատրաստ լինելը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր համար անգամ ոչ շահեկան իրավիճակից կարող է դրական իմիջ կերտել, ինչպես հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակ գնալն ու Փաշինյանի հետ հանդիպելը: Ինչպես իր նստավայրի առաջ իր իսկ դեմ բողոքող Ամուլսարի պաշտպանների բողոքին ու շուրջպարին միանալը:
Երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Արմեն Սարգսյանին, վերջինս ամենաանսպասելի խոսքերն ուղղեց Սերժ Սարգսյանին. «Թույլ տվեք նախ եւ առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի եւ առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչեւ այսօր: Եվ թույլ տվեք նաեւ իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա, պարո՛ն նախագահ, ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի եւ մեկը, որը, վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը»:
Այս դեպքում խնդիրը, հասկանալի է, քաղաքավարությունն ու էթիկետը չեն, երբ քեզ նախագահ նշանակած մարդուն շնորհակալություն ես հայտնում: Խնդիրը շնորհակալության հնարովի բովանդակությունն է, որպեսզի այն հնարավորինս ականջահաճո լինի Սերժ Սարգսյանի համար:
Իր՝ ՀՀ նախագահ դառնալուց օրեր հետո Հայաստանում բողոքի հզոր ալիք բարձրացավ: Սերժ Սարգսյանը գնաց, եկավ Նիկոլ Փաշինյանը: Հրաշալի է: Հիմա նա պատրաստ է Փաշինյանի յուրաքանչյուր քայլը հրապարակայնորեն ողջունել, աշխարհին ներկայացնել Հայաստաը՝ որպես հեղափոխական փոփոխությունների երկիր:
Այս մեկ տարվա ընթացքում որևէ մեկը չի կարող պնդել, թե նա ինչ-որ բան այնպես չէ արել՝ որպես երկրի նախագահ: Նա նախագահ է, որի համար չենք ամաչում, որը Հայաստանից դուրս կամ երկրի ներսում ցանկացած մակարդակի հանդիպման ժամանակ իր խոսքով ու պահվածքով ոչ մի սայթաքում թույլ չի տալիս:
Որևէ սխալ թույլ տալու համար, կրկնենք, նա չափազանց պրագմատիկ է: Եվ այդ պրագմատիզմն է, որ որոշակիորեն զգուշավոր է դարձնում նաև ՀՀ քաղաքացիներիս. ինչպե՞ս կվարվի նա Հայաստանի համար ֆորսմաժորային իրավիճակում: Կվարվի այնպես, ինչպես կպահանջեն Հայաստանի՞ շահերը, թե՞ ինչպես կպահանջեն իր բիզնես հետաքրքրությունները, իր անձնական կյանքը, ժամանակը խնայելու տրամաբանությունը:
Նախադեպերը ցույց են տալիս, որ նա վարվում է այնպես, ինչպես այդ պահին առավել հարմար է՝ անձնական բարեկեցության տեսանկյունից:
Երբ նրան ազատեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նա միանգամից հրաժարվեց Հայաստանի քաղաքացիությունից ու դարձավ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը գործնական կյանքում անհարմարություններ կարող էր առաջացնել: Բայց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը բարոյապես բարդ որոշում պիտի լիներ մի մարդու համար, որը ժամանակին եղել է Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ վարչապետը: Արմեն Սարգսյանը, գուցե դժվարությամբ, սակայն հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից:
Եթե նրա ցանկության կատարմանը խոչընդոտում է Սահմանադրությունը, նա կարող է զանց առնել նաև գլխավոր օրենքը: Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածը, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը։
Արմեն Սարգսյանը կյանքին, աշխատանքին շատ փիլիսոփայորեն է նայում:
Society ամսագրի հարցին՝ «Ձեր կարծիքով, ի՞նչն է կյանքում ամենակարևորը», նա պատասխանել է. «Կյանքում շատ կարևոր բաներ կան. ժամանակը, օրինակ, դրանցից մեկն է: Բոլորս այս մոլորակի վրա ունենք որոշակի ժամանակ, և կան շատ քիչ բաներ, որոնք ժամանակից ավելի արժեքավոր են, ինչպես սերը մերձավորներիդ կամ երկրիդ հանդեպ: Դու կարող ես զոհաբերել ժամանակդ հանուն սիրո: Ուստի, եթե չես սիրում քո աշխատանքը, ինչո՞ւ պետք է այն անես»:
Երկրի նախագահ, վարչապետ, բարձրաստիճան պաշտոնյա կամ ուղղակի քաղաքացի լինել նշանակում է սիրել երկիրը, պատրաստ լինել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պարտականություններից զատ՝ նաև բարոյական, չգրված պարտականություններ ունենալ աշխատանքիդ, պետությանդ հանդեպ: Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատանքը կատարում է Սահմանադրության տառին համապատասխան՝ առանց իռացիոնալ, զգացմունքային մասի: Եվ դա է այն հարցի պատասխանը, թե ինչու նա չի սխալվում կամ չի սայթաքում:
Իհարկե, երեխաների հետ պաղպաղակ ուտելը կամ նրանց համար համբուրգերներ պատրաստելը, նրանց գլուխը շոյելը, Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներին որդիների մեդալները հանձնելիս հուզվելը աշխատանքի բաղկացուցիչ մաս է, որը նախագահը պարտավորված է զգում անել:
Արմեն Սարգսյանը Հայաստանի զարգացման ու հեռանկարային ապագայի համար շահագրգռված է՝ ի պաշտոնե: Եթե վաղը Նիկոլ Փաշինյանին նորից հաջորդի Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը նույն անվրդովությամբ ու ժպիտով կշարունակի իր աշխատանքը՝ իբրև ՀՀ նախագահ: Ինչպես գրված է Սահմանադրությունում:
Արմեն Սարգսյանը գիտական, բիզնես հրաշալի կարիերա է արել: Նրա զավակներն իրենց հայ չեն համարում, չեն ծառայել հայկական բանակում: Արմեն Սարգսյանի համար Հայաստանն այն կենսատարածքը չէ, որտեղ նա պատկերացնում է իր զավակների, թոռների կյանքը: Հիմա նա Հայաստանի չորրորդ նախագահն է, և, ինչպես ընդունված է ասել այս օրերին, կմնա պատմության մեջ՝ որպես ոչ թե արքայազն Չարլզի ընկեր կամ խոշոր, կայացած ու հաջողակ գործարար, հրաշալի ֆիզիկոս. նրա քաղաքական կապիտալն արդեն ամենաբարձրն է՝ երկրի նախագահ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել