HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Էներգետիկ գաղութացո՞ւմ, թե՞ փոխշահավետ գործարք

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւս վաճառվեց Ռուսաստանին

Մինչ Եվրամիությունն ու Միացյալ նահանգները շարունակում են կարեւորել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը' լավագույն ճանապարհ համարելով էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան, Երեւանի իշխանությունները ռուսական հսկա «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրով ավելի են խորացնում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ապրիլի 5-ին Հայաստանի կառավարությունը 248.8 մլն դոլարով Ռուսաստանին է վաճառել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) 5-րդ էներգաբլոկը:

Վերջին երեք տարիներին Ռուսաստանը արդեն գնել էր մեր երկրի էներգետիկ աղբյուրների ու համակարգի ավելի քան 70 տոկոսը, այդ թվում Հրազդանի ՋԵԿ-ը' բացի վերոնշյալ 5-րդ էներգաբլոկից, Սեւանի կասկադը, բաշխիչ ցանցերը, իսկ Մեծամորի ատոմակայանը լիազորագրային կառավարման էր տրվել ռուսներին, քանի որ այս ոլորտում ամրագրված է պետական մենաշնորհ: Բացառությամբ Որոտանի կասկադի եւ Երեւանի ՋԵԿ-ի, ինչպես նաեւ մի քանի փոքր ՀԷԿ-երի, մնացածը տիրապետում են ռուսական ընկերությունները:

«Գազպրոմի» պաշտոնական ինտերնետային կայքէջում ապրիլի 6-ին հրապարակվեց մամլո հաղորդագրություն, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից բացի «Գազպրոմը» Հայաստանի կառավարությունից կգնի նաեւ Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը, իսկ «ՀայՌուսգազարդը» կդառնա Իրան-Հայաստան գազատարի 197 կմ երկրորդ հատվածի կառուցման պատվիրատուն: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նույն օրը հերքեց այդ տեղեկությունները, իսկ հաջորդ օրը «Գազպրոմի» պաշտոնական ինտերնետային կայքէջում այլեւս չկար նախօրեի տեղեկատվությունը:

Հայաստանի լավագույն տնտեսական լրագրողներից Հայկ Գեւորգյանը պնդում է, որ այս գործարքով Երեւանի իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ չեն կարող վարել անկախ արտաքին քաղաքականություն եւ պարզապես կատարում են Մոսկվայի թելադրանքը: «Այս գործարքը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են ոչ թե ազատական արժեքներին, այլ հակառակը' այս գործարքը կարելի է կոչել սոցիալիստական, բոլշեւիկյան: Դասական իմաստով 5-րդ էներգաբլոկը ոչ թե մրցույթով վաճառվել է, այլ ընդամենը փոխանցվել է Ռուսաստանին, այսինքն' Հայաստանի կառավարությունը իր միջոցներից սուբսիդավորել է սպառողներին, ինչը սոցիալիստական գաղափարախոսության ցուցիչն է»,-ասում է Հ. Գեւորգյանը:

«Մեկ տարի հետո Հայաստան է մտնելու իրանական գազը, որը շատ լուրջ այլընտրանք է ռուսական գազին: Մոտ ժամանակներս Իրանի հետ Հայաստանը պետք է կնքեր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործմանը վերաբերող մի շատ հետաքրքիր պայմանագիր, ըստ որի իրանական կողմը 150 մլն դոլարի վարկ էր տրամադրում ՋԷԿ-ը գործարկելու եւ վերազինելու համար, իսկ հայկական կողմն այդ վարկը փակում էր 5-րդ էներգաբլոկում արտադրված էլեկտրական էներգիայով: Այսինքն' իրանական գազը Իրան-Հայաստան կառուցվող խողովակաշարով հասնելու էր Հրազդանի ՋԷԿ, այնտեղ դառնալու էր էլեկտրաէներգիա, ապա բարձրավոլտ գծով վերադառնալու էր Իրան: 5-րդ էներգաբլոկը այդ դեպքում մնում էր Հայաստանի սեփականությունը, իսկ դրա վերակառուցման համար տրված իրանական վարկը փակվում էր երկու տարվա ընթացքում, որից հետո 5-րդ էներգաբլոկը Հայաստանին տարեկան բերելու էր մոտ հարյուր միլիոն դոլարի եկամուտ»,-ասում է Գեւորգյանը եւ պնդում, որ Երեւանը վաճառքի գործարքը կնքել է Մոսկվայի ուղղակի ճնշման տակ:

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը եւս պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ կիրառել է ճնշումներ, եւ, ըստ էության, ռազմավարական գործընկեր համարվող երկիրը փորձում է Հայաստանին ենթարկել «էներգետիկ գաղութացման»: Աղաջանովը համոզված է, որ 5-րդ էներգաբլոկը պետք էր վաճառել այլ երկրի, օրինակ՝ Իրանին, որը ցանկություն ուներ այն գնել, ընդ որում՝ Հայաստանի համար ավելի շահեկան պայմաններով: «5-րդ էներգաբլոկը չպետք էր տալ ռուսներին, քանի որ էներգետիկ մյուս կարեւոր օբյեկտներն արդեն տվել էինք նրանց: Ամեն ինչ տալ մեկ պետության, այդ թվում' ատոմակայանն ու բաշխիչ ցանցերը, անկախ նրանից, թե ով է այդ պետությունը, տնտեսական առումով հիմնավորված չէ: Չի կարելի բոլոր հավկիթները դնել մեկ զամբյուղում»,-ասում է տնտեսագետը:

Հայաստանի իշխանությունները, բնականաբար, չեն ընդունում քննադատությունը: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես Ռուսաստանի հետ կնքված մյուս էներգետիկ գործարքների պարագայում, այս անգամ էլ անուղղելի լավատես է: Նրա ասելով՝ գործարքը Հայաստանի համար շատ ձեռնտու է, ռուսական կողմը պարտավորվել է երկու տարում ավարտել 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, ներդնել մոտ 150 մլն դոլար եւ տեղադրել 140 մեգավատ հզորությամբ գազատուրբին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ռուսական գազի թանկացման հետ կապված Հայաստանն ավելորդ ապրանք չունի, որպեսզի դրանով փոխհատուցի: Այսօր, սակայն, վարչապետն այլ բան է ասում: «Պետք է տարբերակել երկու բան. գույք կամ ակտիվներ գազի գնի թանկացումը կանխելու, փոխհատուցելու դիմաց մենք չենք տվել: 5-րդ էներգաբլոկը մեր երկրի համար շահեկան պայմաններով վաճառել ենք, որն ուղղակիորեն պետք չէ կապել գազի գնի թանկացման հետեւանքների մեղմման հետ»,-ըստ «Արմենպրեսի»՝ ասել է նա: Վարչապետի այս մեկնաբանությունը համոզիչ չէ, քանի որ 5-րդ էներգաբլոկը ռուսներին է տրվել Հայաստանի քաղաքացիներին եւս երեք տարի էժան գազ մատակարարելու դիմաց, ինչի մասին անուղղակիորեն նշվում է պայմանագրում:

Գործարքին անդրադարձել են նաեւ մեր երկրի առաջին երկու դեմքերը: Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը գործարքն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, քանի որ «չափազանց դրական է, որ ռուսական կողմը 600 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում կկատարի Հայաստանի էներգետիկայի ոլորտում»: Բաղդասարյանի ասելով' սոցիալական տեսանկյունից եւս գործարքը դրական է, քանի որ մինչեւ 2009 թվականը Հայաստանում գազի գնի բարձրացումը շատ չնչին կլինի, եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացում տեղի չի ունենա: Ազգային ժողովի նախագահը, մյուս կողմից, մտահոգիչ է համարում երկրի էներգետիկ ռեսուրսների կենտրոնացումը միայն մեկ երկրի' Ռուսաստանի ձեռքում:

Նախագահ Քոչարյանը, հակառակը, 5-րդ էներգաբլոկի վաճառքը ռուսական կողմին համարում է բնական, քանի որ հենց ռուսական կողմն է Հայաստան գազի մատակարարողը եւ էներգետիկ հարցերում ավելի մեծ հետաքրքրություն ունի: «Էներգետիկ ոլորտում չեմ հիշում ամերիկյան կամ այլ երկրի առաջարկ, որը մերժված լինի»,-շաբաթ օրը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ասաց Հայաստանի նախագահը:

«Ի՞նչն է ավելի լավ՝ ունենալ կիսակառույց, օդի տակ քայքայվող, ոչ մի բան հանրությանը չբերող ձեռնարկություն, որի վրա մեկ վարկային ծրագիր արդեն ոչ արդյունավետ իրականացվել է, սակայն դա լինի Հայաստանի սեփականություն, թե՞ ունենալ Ռուսաստանի սեփականություն, բայց մեր տարածքում գործող, ժամանակակից, արդյունավետ, քիչ գազ սպառող եւ տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող ձեռնարկություն»,-զարմացավ նախագահ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2005թ. վերջերին ռուսական «Գազպրոմը» միանգամից թանկացրեց գազի գները իր անմիջական հարեւանների համար: Եթե Վրաստանն ու Ադրբեջանը առանց այլեւայլ գանգատների համաձայնեցին ռուսական «երկնագույն վառելիքի» դիմաց վճարել 110 դոլար նախկին 56-ի փոխարեն, ապա Հայաստանը ամենաբարձր մակարդակով իր տարակուսանքը հայտնեց ռազմավարական գործընկերոջը: Ո՞րն է տրամաբանությունը՝ Ռուսաստանը գազը նույն գնով է վաճառում ե ՛ ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին այն դեպքում, երբ առաջինին Մոսկվան ընկալում է որպես ոչ բարեկամ երկիր, մինչդեռ երկրորդին՝ որպես հավատարիմ եւ հնազանդ դաշնակից: Հայ-ռուսական մի քանի ամիս շարունակվող բանակցություններից հետո «Գազպրոմն» ու Հայաստանի կառավարությունը եկան համաձայնության, ըստ որի մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը գազի գինն ամրագրվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլարի մակարդակում, այսինքն՝ այն գինը, որը սահմանվել էր նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի համար:

Բացի այդ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը կառավարելու լուրջ ցանկություն ուներ Իրանը, 248.8 մլն դոլարով վաճառվում է «Գազպրոմին»: Այս գումարից 60 մլն-ը ուղղվելու է պետբյուջե, իսկ մնացած մոտ 189 մլն դոլարը որպես սուբսիդիա վճարվելու է «Հայռուսգազարդին»: Ավելի պարզ՝ երեք տարի Հայաստանի քաղաքացիները ստանալու են համեմատաբար էժան գազ, սակայն Ռուսաստանի սեփականություն է դառնում մեր երկրի կարեւորագույն էներգետիկ օբյեկտներից եւս մեկը: Թե ինչ է լինելու երեք տարի հետո, պարզ չէ: Եվ այստեղ հարց է ծագում՝ արժե՞ր, արդյոք, երեք տարվա համեմատաբար էժան գազի դիմաց Ռուսաստանին հանձնել անվտանգության առումով կարեւորագույն օբյեկտներից եւս մեկը: «Գազպրոմը», ըստ պայմանագրի, կարող է 2009թ. հետո գները նորից բարձրացնել:

Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում նավթի գինը բարձրացել է ավելի քան 50 տոկոսով՝ կապված համաշխարհային շուկայում գների բարձրացման հետ: Այս դեպքում ինչո՞ւ կառավարությունը չդիմեց նույն քայլերին, ինչն անում է գազի դեպքում: Նավթի թանկացման դեպքում պաշտոնական Երեւանը չգնաց ամբոխահաճ քայլերի: Վերջին տարիներին թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ' շաքարավազը, աղը եւ այլն: Սուբսիդավորելու տրամաբանությամբ շարժվելու դեպքում Հայաստանն ուղղակի վաճառելու բան չի ունենա:

2007թ. Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ: Սա նշանակում է, որ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունները պետք է անեն ամեն ինչ՝ ընտրողներին հավաստիացնելու, որ իրենք անուղղելի հայրենասերներ են եւ հանուն ժողովրդի բարեկեցության պատրաստ են դիմել անօրինակ զոհողությունների:

Ի դեպ, համաշխարհային լրատվամիջոցները, որոնք Հայաստանի մասին սովորաբար գրում են միայն Հայոց ցեղասպանության, երբեմն նաեւ' ղարաբաղյան թեմաներով, անցնող օրերին մի շարք հրապարակումներ նվիրեցին մեր երկրի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքված պայմանագրին: «Բի-բի-սի»-ն, «Նյու Յորք թայմս»-ը, «Ասոշիեյթեդ պրես»-ը եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ նկատում են, որ այս գործարքով Հայաստանը ոչնչացրեց ապագայում իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու բոլոր հնարավորությունները հանուն նրա, որ մի քանի տարի ռուսական էժան գազ ստանա: Իսկ ռուսական մամուլը այս գործարքը ոչ միայն «հայանպաստ» է համարում, այլեւ ակնարկում է, որ առաջիկայում Ռուսաստանը գնելու է նաեւ Հայաստանի կապի եւ հեռահաղորդակցության համակարգը: Հունական «OTE» ընկերությունն արդեն հայտարարել է, որ վաճառքի է հանել «ԱրմենՏելի» իր բաժնետոմսերի 90 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter