Համընդհանուր ներառական կրթությունը Շիրակի մարզում կներդրվի սեպտեմբերից
Շիրակի մարզի 24 դպրոցում 1300 երեխա ներկայում ներգրավված է ներառական կրթական համակարգում: Նոր ուսումնական տարվանից սպասվում է, որ եւս 124 դպրոց կդառնա ներառական: Մինչ նման որոշում ընդունելը՝ «Հայկական Կարիտաս» եւ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցացիա» ՀԿ-ն Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման գործակալության եւ Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում իրականացրել են ուսումնասիրություններ մարզի թիրախային 12 դպրոցում:
Դպրոցների ընտրությունը կատարվել է մի շարք չափորոշիչների հիման վրա: Հաշվի է առնվել նրանց՝ ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, ներառական կրթության ոլորտում փորձը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների առկայությունը: Ընտրված դպրոցներից ներկայում միայն 9-ն են իրականացնում ներառական կրթություն: Մյուս 3 դպրոցներում սովորում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ծրագիրը մեկնարկել է 2017թ. փետրվարին, կատարված ուսումնասիրությունները վերաբերում են 2017-ի փետրվարից 2018թ. հունիս ընկած ժամանակահատվածին:
Ըստ ծրագրի պատասխանատուների, դպրոցներում ներառական կրթության վերաբերյալ իրազեկվածության պակաս կա: Ծրագրի շրջանակներում 615 ուսուցիչ եւ 207 ծնող մասնակցել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿԱՈՒ) երեխաների հետ աշխատելու համար համապատասխան տեխնիկական եւ մեթոդոլոգիական հմտությունների զարգացմանն ուղղորդված դասընթացներին:
Հայաստանում, չնայած օրենսդրության առկայությանը, բոլոր երեխաների հավասար կրթության իրավունքի մասին իրազեկվածության մակարդակը դեռեւս ցածր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ ընտանիքներում ավագ սերնդի անդամները խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող երեխային օգտվել կրթության իր իրավուքից՝ արգելելով նրան հաճախել դպրոց: Նման երեւույթների կարելի է ավելի հաճախ հանդիպել գյուղական բնակավայրերում: Որոշ ծնողներ իրենց երեխաներին հատուկ դպրոց ուղարկելու որոշումը բացատրում են հնարավոր խտրականության վախով եւ հանգամանքով, որ իրենց երեխան տարբերվում է հասակակիցներից:
Փետրվարի 22-ին ծրագրի ամփոփման ժամանակ ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը հայտնեց, որ իրենց հաջողվել է 7 համայնքում հայտնաբերել հաշմանդամություն ունեցող եւ դպրոց չհաճախող 13 երեխա: Ներկայում նրանցից 9-ը, անցած ուսումնական տարվանից հաճախում են հանրակրթական դպրոց: Ընտրված դպրոցներից 6-ը ծրագրի թիրախ դպրոցներից են: Համագումարին ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա պատմեց, որ 25 տարի առաջ, երբ դպրոցական էր իր կրտսեր որդին, նրա դասարանում պիտի ուսանեին հատուկ կարիքներով երեխաներ: Ծնողները դեմ են արտահայտվել, բողոքել, որ նման մոտեցումը կխաթարի իրենց երեխաների ուսումնական պրոցեսը: «Եվ հիմա, տարիներ անց այդ երեւույթը չկա՝ ոչ մի ծնող չի բողոքում, եւ նորմալ է ընդունվում, որ հանրակրթական դպրոցներում պետք է սովորեն նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը կրթական ոլորտում նմանատիպ բարեփոխումներ իրականացնելու գործում:
«Շատ դեպքերում երեխաներն ավելի հեշտությամբ են ընդունում հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցներին, քան նրանց ծնողները,- նշեց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,- շատ ծնողներ անձամբ են զգուշանում եւ զգուշացնում սեփական երեխաներին հեռու մնալ հատուկ կարիքներ ունեցող երեխաներից՝ դրանով երեխաների մոտ դիրքորոշում առաջացնելով, եւ շատ կարեւոր է, որ բազմամասնագիտական թիմերը, որոնց մասին այսքան խոսում ենք, ինչպես երեխաների ու ուսուցիչների հետ են աշխատում, այնպես էլ միաժամանակ պետք է աշխատեն ծնողների հետ, որ մտածողություն փոխվի, մինչեւ ծնողը հասկանա, որ յուրաքանչյուր երեխա հավասար կրթության իրավունք ունի»:
Ըստ Սոֆյա Հովսեփյանի, մայրաքաղաքում այս առումով խնդիրներն ավելի քիչ են, քան մարզերում, որովհետեւ ավելի շատ են հասարակական կազմակերպությունները, ինֆորմացիան էլ առավել բաց է ու հասանելի:
Համագումարի ավարտին տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում լույս ընծայված «Ներառման ինդեքս» գրքի շնորհանդեսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել