
Մենք մեզանից պաշտպանելու կարիք ունենք
Հայերեն տառերը քարերի կտորների վրա շաղ են եկել գետնին: Տապանաքարի փշուրներ են: Իրարից քիչ հեռու՝ հսկա տապանաքարերի երկու կույտ:
Չէ, այս տեսարանը ազատագրված Քելբաջարում չէ, եւ ոչ էլ' Նախիջեւանում:
Սա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում է, 2006թ.ապրիլին: Այգեգործների փողոցում է այս շինհրապարակը, Նորքի զանգվածից Նոր Նորք տանող ճամփեզրին:
«Տեսնես ո՞վ է սրա տերը»,-հարցնում է որդիս: Նրան տարել էի հետս, որ տեսնի, թե ինչպես ենք հայերս վարվում մեր մշակութային արժեքների հետ:
«Ի՞նչ կարեւոր է, թե ով է տերը»,-պատասխանում եմ:
Տապանաքարերն այստեղ են բերել ինչ-որ վայրից: Հավանաբար դրանք մեկին այնտեղ խանգարել են, նա էլ «ազատել է» տարածքը եւ որոշել օգտագործել դրանք որպես շինանյութ: Ոչ մեկը չի փորձել կանխել տապանաքարերի տեղահանումը, ջարդը:
Տապանաքարերի ճիշտ մեջտեղում՝ հավերժության նշանների արանքում, սատկած մի շուն կար, քիչ այն կողմ' խաչի պոկված մի կտոր:
Տապանաքարերի տեսքը, նրանց վրայի քանդակները հուշում են, որ դարերի պատմություն ունեն, մշակութային արժեքներ են:
Մենք' հայերս, մեր նախնիների տապանաքարերով հերթական ռեստորանը կամ հյուրանոցն ենք կառուցում: Քելբաջարում մեր քանդված եկեղեցիների քարերով, խաչքարերով ադրբեջանցիները տներ էին սարքում: Այնտեղ տասնյակ գյուղերում այդպիսի տներ կան: Երեւանում նույն բանը մենք ենք անում:
Ողջ հայությունն այսօր համախմբվել եւ բողոքում է Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի բարբարոսական ջարդի դեմ:
Հայերիս դեմ այստեղ ո՞վ պետք է բողոքի ու պայքարի: Գուցե դիմե՞նք միջազգային տարբեր կառույցներին եւ խնդրենք, որ գան, մեզանից պաշտպանեն մեր իսկ մշակութային արժեքները:
Ձեզ թվում է, թե այս պատկերները տեսնելուց հետո մշակույթի նախարարը, դատախազը, կամ մեկ այլ պաշտոնյա գնալու, զբաղվելո՞ւ է այս հարցով:
Իհարկե, ոչ, նրանք ավելի կարեւոր գործեր ունեն. մեկը գալիք համահայկական մշակութային միջոցառումն է ծրագրում, մյուսը ծառ է տնկում, երրորդը հյուրանոց է կառուցում, չորրորդը' էլիտար շենք Երեւանի կենտրոնում, հինգերորդը կոռուպցիայի դեմ պայքարի շոու է կազմակերպում Ազգային ժողովում, եւ այսպես շարունակ ...
Մեկնաբանել