HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի նախկին տնօրենը մեղադրվում է ավելի քան 3 մլն դրամ հափշտակելու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևանի «Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա. Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքը և դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2008-2009 և 2009-2010թթ. ուստարվա ֆինանսական հաշվետվություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կեղծել է 2008 և 2009թթ. ուսումնական տարիների 9-րդ և 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման ցուցանիշները. փաստացի առկա աշակերտների թիվն ավելի է ներկայացրել՝ հավելագրելով ընդհանուր առմամբ թվով 52 աշակերտի: Արդյունքում Ա. Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից ստացել է դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի համեմատ ավելի մեծ ֆինանսավորում 4 683 000 դրամի չափով:

Բացի դրանից՝ Ա. Սարգսյանը, 2008թ. հունիսին դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտների փաստացի թվից ավելի քանակությամբ հիմնական կրթության վկայականներ քաղաքապետարանից ստանալու և դպրոցում ընդհանրապես ուսում չստացած քաղաքացիներին հանձնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 2007-2008 ուսումնական տարվա «Հիմնական և ավագ դպրոցի շրջանավարտների վկայականների ստացման ակտերում» ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները բաշխող հանձնաժողովի անդամներին:

Չներկայացնելով ավարտական 9-րդ դասարանների դասամատյանները և տվյալ դասարանների դպրոցական քննությունները հանձնած աշակերտների վերաբերյալ տվյալները հավաստող դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման քաղվածքը՝ 2008թ. հունիսի 19-ին քաղաքապետարանի կրթության վարչությունից անհիմն ստացել է հավելագրված աշակերտների թվաքանակին համապատասխան թվով 49 հիմնական կրթության վկայականի և թվով 2 միջնակարգ կրթության ատեստատի, իսկ 2009թ. հունիսի 26-ին նույն եղանակով անհիմն ստացել է թվով 3 հիմնական կրթության վկայականի դատարկ ձևաթղթեր:

Այնուհետև նշված ձևաթղթերում, ինչպես 2008թ., այնպես էլ 2009թ., անձամբ և դպրոցի աշխատակիցների օժանդակությամբ, ըստ նախաքննության տվյալների, կեղծել, լրացրել է դպրոցում իրականում չսովորած աշակերտների տվյալները՝ պատրաստելով կեղծ վկայականներ և ատեստատներ և իրացրել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Սարգսյանը, խախտելով դպրոցի կանոնադրության պահանջները, առանց դպրոցի կառավարման խորհրդի որոշումների, իրեն վստահված ու իր կառավարմանը հանձնված «Մ.Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող դրամական միջոցներից իր իսկ հրամաններով 2008թ. հունվարից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հաստատված աշխատավարձի դրույքաչափից յուրաքանչյուր ամիս իրեն ավելի է վճարել ընդհանուր 2.468.000 ՀՀ դրամ գումար, որից էլ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.900.360 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ա. Սարգսյանը դպրոցին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի նվիրաբերած գումարներով դպրոցի դասասենյակներից մեկը որպես համակարգչային սենյակ ձևավորելու, վերանորոգելու նպատակով «Սեար-գրուպ» ՍՊ ընկերությունից 2009թ. սեպտեմբերի 25-ին ձեռք է բերել 1.153.800 ՀՀ դրամի տարբեր տեսակի շինարարական ապրանքներ:

Նախաքննությամբ, սակայն, բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ իր վստահությանը հանձնված այդ ապրանքանյութական արժեքները տնօրենը սահմանված կարգով չի մուտքագրել դպրոցի պահեստ և 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին յուրացման եղանակով հափշտակելով՝ օգտագործել է իր՝ նոր գնված բնակարանում վերանորոգում կատարելու համար:

Այսպիսով, Ա. Սարգսյանը 2008-2009թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի՝ 3.054.160 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատաքննությունը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին:

ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը մի շարք թերություններ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է հայտնաբերել Երևան և Աբովյան քաղաքների մի քանի այլ դպրոցներում ևս, որոնց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter