Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ոսւումնասիրել են 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության պրատկտիկան և դրա վրա նախնական կալանքին վերաբերող միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված դատախազության կոլեգիայի որոշումների ազդեցությունը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. ընթացքում քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5228 անձ, որոնցից միայն 875-ի կամ 16,7%-ի վերաբերյալ է դատարան ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: (Թվային տվյալների մեջ ներառված չեն ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) քրեական հետապնդումների ցուցանիշները):
Ընդ որում՝ 2018թ. քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախորդող տարվա համեմատ 368-ով կամ 7%-ով ավելի անձ: Չնայած դրան խափանման միջոցներից կալանավորման կիրառման միջնորդությունների տեսակարար կշիռը 2017թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել՝ մնալով 16.5-16.7%-ի միջակայքում, ինչն ըստ էության պետք է գնահատել որպես նշված խափանման միջոցի կրառման միջնորդությունների նվազում:
Ներկայացված 875 միջնորդությունից բավարարվել է 808-ը կամ 92,3%-ը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 803 միջնորդություններից բավարարվել է 727-ը կամ միջնորդությունների 90.5%-ը: Այսինքն միջնորդությունների բավարարման ցուցանիշն անցած տարվա ընթացքում բարելավվել է գրեթե 2 տոկոսային կետով:
Հարկ է ավելացնել, որ 2018թ. ընթացքում դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է 51 անձի նկատմամբ, որը 17-ով կամ 50%-ով ավելի է 2017թ. ընթացքում դատախազի որոշմամբ կալանքից ազատված անձանց թվից:
2018թ. ընթացքում դատախազի կողմից հետ է վերցվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ մեղադրյալի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի 8 միջնորդություն՝ 2017թ. արձանագրված՝ 5 միջնորդության դիմաց, այսինքն աճը կազմել է 37,5%:
2018թ. դատարան ներկայացված՝ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ 67 դատական ակտերից 52-ի կամ 77,6%-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որից 20-ը կամ 38,4%-ը բավարարվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու կամ միջնորդության քննության արդյունքում գրավ կիրառելու մասին դատական ակտերի բողոքարկման արդյունավետության ցուցանիշի փաստացի ավելի քան 52 տոկոսով բարելավում: Մասնավորապես, եթե 2017թ. բավարարվել են նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքներից 25-ը, ապա 2018թ.՝ 38-ը:
ՀՀ դատախազության կողմից անցնող տարում մշտական ուշադրության կենտրոնում է պահվել առանց բավարար հիմքերի մեղադրյալին անազատության մեջ պահելը բացառելու և մեղադրյալի՝ անազատության մեջ գտնվելու հիմքերի առկայության պայմաններում նրա՝ ազատության մեջ չհայտնվելու և, ըստ այդմ, նախաքննության շահի լիարժեք ապահովման հարցերը:
Այս շրջանակում 2018թ. ընթացքում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կլանավորման ժամկետը երկարացնելու մասին 808 միջնորդություն, որից բավարարվել է 793-ը կամ 98,2%-ը: Ընդ որում, այս միջնորդությունների բավարարման ցուցանիշը ևս բարելավվել է. եթե 2017թ. բավարարվել է քննիչի կողմից ներկայացված նման միջնորդությունների 94.2%, ապա նախորդ տարի՝ 98.2 տոկոսը:
Ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները վկայում են նախորդ տարվա համեմատ 2018թ. դրսևորված մի քանի անշեղ միտումների մասին:
- Շարունակվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին բավարար չափով հիմքեր չունեցող միջնորդություններ ներկայացնելուց առավելագույնս հրաժարվելու գործընթացը, ինչով պայմանավորված է առավել շատ մեղադրյալների առկայության պայմաններում այս խափանման միջոցի կիրառման միջնորդությունները չավելանալու իրողությունը:
- Շարունակվել է ավելանալ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման թվաքանակի աճը, ինչը պայմանավորված է միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմամբ: Այդ մասին է վկայում նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքների բավարարման դեպքերի կտրուկ՝ ավելի քան 50 տոկոսով ավելացումը:
- Դատախազների կողմից դրսևորվել է առավել հետևողականություն՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին անհիմն միջնորդությունների քննությունը կանխելու կամ առանց անհրաժեշտության անձի՝ կալանքի տակ մնալը բացառելու հարցերում: Վերջինս դրսևորվել է դատախազների կողմից դատարաններից ավելի մեծաթիվ միջնորդություններ հետ վերցնելով, ինչպես նաև նրանց կողմից խափանման միջոց կալանավորումը վերացնելու ավելի մեծ թվով որոշումներ կայացնելով:
Չնայած ներկայացված արդյունքները դեռևս չեն կարող լիովին բավարարել ՀՀ դատախազության սպասելիքները, այսուհանդերձ, դրական զգալի դինամիկա պարունակելով՝ կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմնավորվածության և իրավաչափության ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից մշակված միասնական չափանիշների կիրառման ուղղակի հետևանք են: Դրանք վկայում են, որ միջնորդությունները ներկայացնելիս այդ միասնական չափանիշները ուղեցույցի դեր են կատարում՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով անհիմն միջնորդությունների պրակտիկայից հրաժարվելու, մեղադրյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը վկայող պայմանները և հիմքերը միջնրոդություններում հնարավորինս առարկայական և փաստարկված ներկայացնելու հստակ և միասնական գործելաոճը վերջնականապես արմատավորելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել