НТВ-ի համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայի իր տանը
Ռուս մեդիամենեջեր, ռուսական НТВ հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել իր տանը՝ Իսպանիայում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մալաշենկոյի մտերիմներից մեկին:
Ավելի վաղ Մալաշենկոյի մահվան մասին հաղորդել էր Коммерсантъ-ը՝ ընդգծելով, որ իր աղբյուրների համաձայն՝ 64-ամյա մեդիամենեջերը ինքնասպան է եղել:
Լրագրող Տիմուր Վալեևը, ով ժամանակին աշխատել է Մալաշենկոյի հետ, հաստատել է նրա մահվան հանգամանքը. «Ես կարող եմ հաստատել տեղեկատվությունը, որ նա մահացել է այս գիշեր Իսպանիայում՝ իր տանը, որտեղ նա հանգստանում էր: Կա հաստատված տեղեկատվություն, որ նա ինքնասպանություն է գործել»,- ասել է Վալեևը «Մոսկվա» լրատվական գործակալությանը:
Այնուամենայնիվ, ինքնասպանության վարկածը պաշտոնապես չի հաստատվել: Իսպանիայի իրավապահ մարմինները Իսպանիայում Ռուսաստանի դեսպանությանը պաշտոնապես չեն ծանուցել Մալաշենկոյի մահվան մասին:
Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեկսեյ Վենեդիկտովը և լրագրող Քսենյա Սոբչակը նույնպես նշել են, որ Իգոր Մալաշենկոն ինքնասպանությւն է գործել:
Իգոր Մալաշենկոն իր կարիերան սկսել է 1980-ականներին՝ աշխատելով ԱՄՆ-ում և Կանադայում: 1991թ. ԽՍՀՄ նախագահ Միխաիլ Գորբաչովի աշխատակազմում աշխատել է՝ որպես խորհրդատու: 1992թ. եղել է Останкино հեռուսատկենտրոնի գլխավոր տնօրենը:
1993թ. համահիմնադրել է НТВ հեռուստաընկերությունը և նույն թվականին դարձել է հեռուստաընկերության նախագահ և գլխավոր տնօրեն: 1996 թվականին եղել է Բորիս Ելցինի նախընտրական շտաբի անդամ:
2000-ականների սկզբին Իգոր Մալաշենկոն հեռացել է Ռուսաստանից և 9 տարի ապրել Նյու Յորքում: 2001-2009թթ. եղել է RTVI հեռուստաընկերության գլխավոր տնօրեն:
2017թ. եղել է լրագրող, ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբի պետը:
Նախորդ տարվա աշնանը Իգոր Մալաշենկոն ամուսնացել էր լրագրող Բոժենա Ռինսկայի հետ: Նախկինում Մալաշենկոն ամուսնացած էր Манеж պատկերասրահի գեղարվեստական տնօրեն Ելենա Պիվովարովայի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել