HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի դեմ պայքարում Ադրբեջանում արմատական փոփոխություններ չկան

Հարցազրույց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Ռենա Սաֆարալիեւայի հետ

- « Թրանսփարենսի Ինթերնեշնլ »-ը Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել: Ինչպիսի՞ նոր տվյալներ կան այդ բնագավառում:

- 2004թ. ապրիլ-մայիս ամիսներին ուսումնասիրություն անցկացրեցինք բնակչության շրջանում, արդյունքները հրապարակվել են նույն տարվա նոյեմբերին: Ուսումնասիրությունը կատարվել է «պատահական քայլի» մեթոդով: Այն ժամանակ մեզ հետաքրքրում էր բնակչության կարծիքը Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի մասին: 2006 թվականի հունվար-փետրվարին նորից ուսումնասիրեցինք կոռուպցիայի մակարդակը, սակայն այս անգամ արդեն մեր հարցվողները ոչ թե հասարակ քաղաքացիներն էին, այլ գործարարները: Ուսումնասիրությունն անց է կացվել բիզնեսի չափերի, իրականացման վայրերի, գործունեության տեսակի, կապիտալի ծագման ուղղությամբ:

- Կա՞ն, արդյոք, տվյալներ վերջին տարիներին Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի բարձրացման կամ նվազման միտումների վերաբերյալ:

- Հարցված գործարարների 43% -ը գտնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա, 25% - ի կարծիքով վիճակն այս հարցում բարելավվել է, իսկ 19% -ը պնդում է, որ վատացել է:

- Ո՞ր գերատեսչությունն է Ադրբեջանում ամենակոռումպացվածը:

- Սկսեմ նրանից, որ « Թրանսփարենսի Ինթերնեշնլ »-ը կոռուպցիայի ինդեքսը կազմելիս չի օգտվում իր տեղական կազմակերպությունների հաշվետվություններից եւ չի ներգրավում տեղական այլ կազմակերպություններին: Այդ կերպ փորձ է արվում ապահովել նախեւառաջ օբյեկտիվություն, քանի որ « Թրանսփարենսի Ինթերնեշնլ »- ի ազգային բաժանմունքներում աշխատող քաղաքացիները կարող են շահագրգռված լինել ինդեքսի դեպի այս կամ այն կողմ փոփոխությամբ: Այդպես նաեւ մեր քաղաքացիները զերծ են մնում պետական կառույցների ճնշումներից:

2004 թվականին անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրության ընթացքում մենք փորձել ենք բնակչությունից պարզել, թե ո՞ր ծառայություններից օգտվելու ընթացքում են մարդիկ ավելի հաճախ բախվում կոռուպցիայի փաստերի հետ: Պատասխաններից պարզ դարձավ, որ դա տեղի է ունենում ավտոճանապարհային ոստիկանության հետ շփումների ընթացքում, բժշկական ծառայությունների մատուցման, հողամաս ստանալու կամ այդ տարածքի նկատմամբ իրավունքների օրինականացման ընթացքում, սոցիալական արտոնություններ ստանալիս եւ ոստիկանության կողմից ցուցաբերված օգնության ժամանակ: Սրանք երկու տարվա վաղեմություն ունեցող արդյունքներ են:

Քանի որ գործարարների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքների մշակումը դեռեւս չի ավարտվել, ասեմ միայն, որ դրանք կարող են այլ լինել: Չէ՞ որ, ի տարբերություն բնակչության, գործարարները պետական պաշտոնյաների փոքր-ինչ այլ խավերի հետ են շփվում:

- Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում առաջվա նման կոռուպցիա կա: Հետեւապես, կատարե՞լ է, արդյոք, Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդ մտնելիս ստանձնած իր պարտավորությունները կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

- Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո Ադրբեջանը ստանձնեց պարտավորությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ մեկ տարվա ընթացքում ընդունել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» ԱՀ օրենքը, երկու տարվա ընթացքում հաստատել «Կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այդ պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրների օբյեկտիվ ու ճիշտ գնահատականի համար անհրաժեշտ է վերլուծել ԱՀ-ում կոռուպցիայի վիճակը մինչեւ պարտավորությունների ընդունումը եւ դրանից հետո , հետեւել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակին, վերահսկողություն սահմանել այդ ոլորտում ընդունված օրենսդրական ակտերի նկատմամբ, գնահատել կատարված աշխատանքը: Ինչպես հայտնի է, կոռուպցիայի լայն տարածումը, նրա ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության բոլոր ճյուղերի վրա խնդիրներ է ստեղծում պետության ու հասարակության զարգացման համար, զգալի հարված է հասցնում երկրում անցկացվող ժողովրդավարական գործընթացներին եւ քաղաքացիական հասարակության ստեղծմանը, խոչընդոտում է արգասաբեր, օրինաստեղծ գործունեությանն ընդհանրապես եւ, մասնավորապես, պետական մարմինների եւ հասարակական ինստիտուտների գործունեությանը: Վերջին հաշվով, կոռուպցիան ոչնչացնում է մարդկանց հավատը պետության ու նրա մարմինների, ժողովրդավարության ու համամարդկային արժեքների նկատմամբ: Կոռուպցիան ամենուրեք եւ միշտ ի հայտ է գալիս որպես քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական խնդիրների բացասական հետեւանք: Միաժամանակ կոռուպցիան խանգարում է այդ խնդիրների լուծմանը՝ նպաստելով դ անց խորացմանն ու սրմանը: Այլ խոսքերով՝ կոռուպցիայի ու դրա պատճառ հանդիսացող խնդիրների միջեւ գոյություն ունի փոխադարձ կապ: Այս տեսանկյունից կոռուպցիան առաջացնող խնդիրների լուծումը, ինչպես նաեւ կոռուպցիան կանխելու եւ դրա դեմ պայքարի միջոցառումների անցկացումը պետք է իրականացվեն միաժամանակ եւ համալիր: Մինչեւ Արբեջանի ԵԽ անդամ դառնալը ստորագրվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարին. «Հանցագործության դեմ պայքարի ուժեղացմանը, օրինականության եւ իրավակարգի ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին» Հրամանագիրը ( 1994թ. օգոստոսի 9 ) , «Արտադրական, սպասարկող, ֆինանսա-վարկային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության կարգավորման եւ չհիմնավորված ստուգումների արգելման մասին» Հրամանագիրը ( 1996թ. հունիսի 17 ) , «Պետական վերահսկողության համակարգի կատարելագործման եւ ձեռնարկատիրության զարգացման բնագավառում արհեստական խոչընդոտների վերացման մասին» Հրամանագիրը ( 1999թ. հունվարի 7), «Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական հանցագործության դեմ պայքարի ոլորտում որոշ միջոցառումների մասին» Կարգադրությունը (1998թ. հունվարի 27): 2000թ. հունիսի 8-ին ԱՀ նախագահը ստորագրեց «Ադրբեջանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի մասին» թիվ 347 Հրամանագիրը:

Նույն հրամանագրով կառավարությանն ու նախագահի աշխատակազմին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խմբեր «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» ԱՀ օրենքի նախագիծը եւ դրան համապատասխան՝ Պետական ծրագիրը մշակելու համար, որոնք պետք է 6 ամսվա ընթացքում ներկայացվեին նախագահին: Սակայն, այս օրենքն ու Պետական ծրագիրն ընդունվեցին միայն 4 տարի հետո: Օրենքի ուժի մեջ մտնելը նախանշվել էր մեկ տարի անց՝ 2005թ. հունվարին: Օրենքի՝ ֆինանսական բնույթ կրող հոդվածների կատարումն էլ հետաձգվեց անորոշ ժամանակով: Այսպես՝ 9-րդ հոդվածում նշված իրավախախտումները, որոնք կապված են կոռուպցիայի հետ, եւ կոռուպցիայի համար պայմաններ ստեղծող իրավախախտումները, ինչպես նաեւ պատասխանատվության անորոշ բնույթը վկայում են այն մասին, որ գործնականում օրենքի այս հոդվածը չի գործում: Այսպիսով' կարելի է եզրակացնել, որ ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունը կատարվել է, բայց ուշացումով:

- Միացե՞լ է, արդյոք, Ադրբեջանը կոռուպցիայի դեմ որեւէ կոնվենցիայի, եւ ինչպե՞ս է նա դրանք կատարում:

- Այո, 2004թ. փետրվարի 27-ին ԱՀ Նախագահի 2003թ. դեկտեմբերի 8-ի թիվ 33 կարգադրության համաձայն' Ադրբեջանը միացավ «ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային», իսկ 2005թ. սեպտեմբերի 30-ին այն վավերացվեց խորհրդարանի կողմից:

- Ի՞նչ է անում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ադրբեջան»- ը քաղաքացիներին կոռուպցիայից պաշտպանելու եւ նրա դեմ պայքարելու համար:

- Արդեն 8 ամիս գործում է Հասարակական շահերի պաշտպանության ու իրավական օգնության կենտրոնը: Մենք օգնում ենք քաղաքացիներին ճիշտ կազմելու գանգատները, եւ « Թրանսփարենսի Ինթերնեշնլ »-ի բլանկի վրա գրում ենք, թե որ օրենքն է այս կամ այն քաղաքացու նկատմամբ խախտվել: Դա արվում է, որովհետեւ մեր բլանկի վրա ամփոփում գրելուց հետո հավանականությունը շատ ավելի մեծ է, որ համապատասխան կազմակերպությունները կարձագանքեն գանգատներին: Չէի ասի, թե մեր դիմումներից հետո ձեռնարկվող միջոցառումները լիովին համարժեք են: Սակայն մեր դիմումներն աչքաթող չեն արվում: Բերեմ օրինակ: Մենք բողոք ստացանք, որ շրջաններից մեկում գործող դպրոցներից մեկի տնօրենը համարվում է նաեւ այսպես կոչված «ֆանտոմ- դպրոցի» տնօրեն: Այն կառուցել էին փախստականների երեխաների համար եւ տեղակայված էր ուսումնական պարապմունքների համար բացարձակ ոչ պիտանի ավտոտնակներում: 10 տարիների ընթացքում դպրոցի տնօրենը պարբերաբար յուրացնում էր փողերը, որոնք ժողովրդական կրթության շրջանային բաժանմունքը հատկացնում էր նրան երկրորդ դպրոցի պահպանման ու նորոգման համար: Թեեւ «ֆանտոմ-դպրոցի» աշակերտներ համարվող փախստականների երեխաները սովորում էին առաջին դպրոցի լեփ-լեցուն դասարաններում: Գանգատը ստանալուց հետո մենք այն ուղարկեցինք համապատասխան մարմիններին, եւ ֆինանսների նախարարությունը կրթության նախարարության հետ համատեղ ֆինանսական աուդիտ անցկացրեց, բացահայտվեց միջոցների շորթման փաստը, եւ դպրոցի տնօրենին հեռացրին աշխատանքից: Մենք դժգոհ ենք, որ քրեական գործ չհարուցվեց, քանի որ յուրացման փաստը հաստատվել էր, բայց գոնե ինչ-որ արձագանք եղավ:

- Կա՞ն, արդյոք, Ադրբեջանում կոռուպցիայով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ:

- Այո, Ադրբեջանում կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբավում են մեր երկրում կոռուպցիայի ուսումնասիրությամբ: Կան նաեւ կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին անվճար իրավական օգնություն են տրամադրում: Բայց, որքան գիտեմ, մեր կազմակերպությունից բացի մեր երկրում ոչ մի այլ կազմակերպություն իրավական անվճար օգնություն չի ցուցաբերում կոռուպցիայի զոհերին: Ըստ մեր տեղեկությունների' Արհմիությունների ու գործատուների համադաշնությունում ստեղծվելու է Կոռուպցիայից տուժած գործարարների համար իրավական օգնության կենտրոն:

- Կոռուպցիան քրեորեն պատժելի հանցագործություն է: Կարելի՞ է, սակայն, դրա լայն տարածվածությունից եզրակացնել, որ կոռուպցիան Ադրբեջանում մտածելակերպ է:

- Ես համաձայն եմ այն տարածված կարծիքի հետ, որ այսօր Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում արմատական փոփոխություններ չկան: Չի եղել Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում: Չկա նաեւ դրա դեմ պայքարի իրավական բազա: Սակայն ես համաձայն չեմ, որ այդ փոփոխությունները չկան, որովհետեւ մենք ոչինչ չենք անում: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է փոխել իրավական բազան: Այնուհետեւ անհրաժեշտ է դաստիարակել կոռուպցիան չընկալելու, դրան հակադրվելու մտածելակերպ: Դրա համար ՀԿ-ները պետք է ակտիվ քարոզարշավ տանեն (ինչ ը արվում է), եւ պետք է իրավական աջակցություն ցուցաբերեն այն քաղաքացիներին, ովքեր ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ կոռուպցիան մեր ժողովրդի մտածելակերպն է, ապա ես համաձայն եմ Կառլ Մարքսի հետ, որն ասել է, որ բազիսն է որոշում վերնաշենքը: Տնտեսական ու քաղաքական հարաբերություններն են որոշում մտածելակերպը: Եթե փոխվում է երկրի քաղաքատնտեսական իրավիճակը, ապա փոխվում է նաեւ մտածելակերպը: Որպեսզի փոխվի մտածելակերպը, պետք է փոխվի նաեւ երկրի քաղաքատնտեսական իրավիճակը: Առայժմ փոխվում է միայն բնակչության մի մասի մտածելակերպը: Հնարավոր է, որ նրանց ճնշման տակ կփոխվի նաեւ ընդհանուր մտածելակերպը:

- Եթե հավատարիմ մնանք մեր օրենքի ոգուն, ապա կարելի է գալ այն եզրակացության, որ պաշտոնատար անձը իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ամեն օր իրավունք ունի ստանալ նվերներ, որոնց արժեքը չի գերազանցում 50 պայմանական միավորը /պ.մ./: Արդյո՞ք դա պայմաններ է ստեղծում կոռուպցիայի աճի համար եւ նվազեցնում է դրա դեմ պայքարի արդյունավետությունը:

- Այդ թիվը՝ 50 պայմանական միավորը, վերցված է միջազգային օրենսդրությունից: Ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ: Չէ՞ որ այն Արեւմուտքում աշխատավարձի համեմատ չնչին է: Իսկ Ադրբեջանում 50 պ.մ.-ը բավական զգալի գումար է: Մեր իրողությանը համապատասխան' այդ թիվը պետք է կազմի 5-10 պ.մ.-ից ոչ ավելի: Թեպետ, եթե աշխատավարձերը մեր երկրում շարունակեն աճել ու մոտենալ միջին եվրոպականին, ապա իմաստ չկա փոխելու այդ թիվը: Այսինքն՝ կամ պետք է փոխել այդ թիվը, կամ էլ բարձրացնել աշխատավարձը: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության հայրենական աշխատակիցների համար, որոնց աշխատավարձը բարձրացրել են, 50 պ.մ.-ը արդեն մեծ գումար չէ: Այն մեծ չէ նաեւ խորհրդարանականների համար: Օրինակ՝ այսօր Պետավտոտեսչությունում կաշառքների մակարդակն իջել է նրա համեմատ, ինչ եղել է նախքան այդ գերատեսչության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Որովհետեւ կառավարությունը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ, խիստ պատժամիջոցներ է մտցրել կաշառքներ ստանալու համար: Մեր տվյալներով՝ ամեն օր քաղաքում շրջում են 20 մեքենաներ, որոնց ղեկին նստած են քաղաքացիական հագուստով ՆԳ աշխատակիցներ: Եթե «գայիշնիկ»-ը կաշառք է վերցնում, ապա նրան անմիջապես ազատում են զբաղեցրած պաշտոնից: Ահա այսպես իրատեսորեն կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ:

- Դուք կարծում եք՝ եթե բարձրացնեն մարդու աշխատավարձը, նա կդադարի՞ կաշառք վերցնել:

- Այս երկու չափանիշների միջեւ կապն ուղղագիծ չէ, եւ ոչ էլ' երկկողմանի: Եթե պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրանա, ապա դա ինքնաբերաբար չի հանգեցնի նրան, որ պաշտոնյաները կդադարեն կաշառք վերցնել: Դրա համար անհրաժեշտ են նաեւ այլ միջոցառումներ: Բայց եթե ձեռնարկվեն այլ միջոցառումներ, իսկ աշխատավարձը չբարձրանա, ապա պաշտոնյաները, միեւնույն է, կշարունակեն կաշառք վերցնել:

Հարցազրույցը՝ Ռաֆայել Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter