HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Գետաշենի բնակիչները փակել են Արգիճի գետի վրա կառուցված հէկի ջուրը. ընկերությունից փոխհատուցում են պահանջում

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչները երկրորդ օրն է՝ փակել են Արգիճի գետի վրա «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի կառուցած հէկի ջուրը: Այս գետի վրա ընկերությունը 2013-ից շահագործում է համանուն՝ «Արգիճի» փոքր հէկը, որի դրվածքային հզորությունը 9720 Կվտ է: Այն Հայաստանում կառուցված ամենամեծ հէկերի հնգյակում է:

Գյուղացիները պահանջում են իրենց վարչական տարածքում գործող հէկին վճարել համայնքին խոստացված գումարները:

Վերին Գետաշենի համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 5-րդ օրն է՝ գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել և հէկի գործունեությունը կասեցրել: Տնօրինության հետ հանիպումից հետո էլ՝ երկրորդ օրն է՝ հէկի գլխամասային կայանից գետի հունը խողովակաշարից տեղափոխել են դեպի գետ: Այսինքն՝ 5-րդ օրն է՝ հէկն ամբողջությամբ չի գործում:  

Տիգրան Մուրադյանը փետրվարի 20-ին գրությամբ դիմել է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Միրզոյանին: Նա իր նամակում նշել է, որ 2015թ. համայնքի վարչական տարածքում բնակիչների թույլտվությամբ ընկերությունը հէկ կառուցեց՝ պայմանով, որ տնօրինությունն իր տարեկան եկամուտներից որոշակի մասնահանումներ կկատարի Վերին Գետաշեն համայնքի զարգացման, համայնքի մանկապարտեզի և անապահով ընտանիքների համար:

Սակայն մինչ օրս ընկերությունը ոչ մի լումա չի հատկացրել այդ խնդիրների լուծմանը: Մինչդեռ կողքի համայնքներում գործող ավելի փոքր հէկերի սեփականատերերը համայնքներին այդ նպատակով տրամադրում են 10 մլն դրամ:

Հիմք ընդունելով համայնքի շուրջ 5000 բնակիչների դժգոհությունները՝ համայնքի ղեկավարը դիմել է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրինությանը, որ ընկերությունը կատարի իր ստանձնած պարտավորությունը և տարեկան եկամունտներից 50 մլն դրամի չափով գումար փոխանցի Վերին Գետաշանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին՝ սկսած 2015թ.-ից: «Հակառակ դեպքում ազգաբնակչությունը թույլ չի տալու, որպեսզի հէկը շարունակի իր հետագա գործունեությունը»,- նամակում նշել է համայնքապետը:

Նամակից հետո համայնքի ղեկավարը մի քանի բնակիչների հետ հանդիպել է հէկի տնօրեն Էմիլ Միրզոյանին, սակայն որևէ կառուցողական մոտեցում կամ դրական առաջարկ չի ստացել տնօրինությունից:

Գյուղապետը պատմեց, որ հէկի գործունեության դեմ դժգոհությունները տարիների ընթացքում կուտակված խնդրիների հետևանք  են: Խողովակաշարերն անցկացնելու և դրանք երկու անգամ պայթելու հետևանքով 8 ընտանիքի սեփականությամբ պատկանող տնամերձ հողատարածքները մեծ վնասներ են կրել և պատշաճ փոխհատուցում չեն ստացել: Մի մասը դատական կարգով է փորձել փոխհատուցում ստանալ, մյուս մասը՝ սերվիտուտի պայմանագիր է կնքել, երրորդ խումբն էլ՝ ոչ մի փոխհատուցում չի ստացել:

«Մյուս համայնքներում փորձեր կան, որ որոշակի սոցիալական ծրագրեր են իրականացնում, բայց «Հիդրոկորպորացիա»-ի կողմից մեր համայնքում որևէ ներդրում կամ սոցիալական ծրագիր չի իրականացվել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Ընկերությունը տարեկան 5000 դրամ գույքահարկ է վճարում համայնքապետարանին, 150 հազար դրամ էլ՝ հողի հարկ: Վերջին երկու տարին որևէ վճարում չի կատարել համայնքի բյուջե: Հարևան Մադինային ևս պարտքեր ունի:  

Գյուղապետն ասաց, որ առայժմ գետի ջուրը չի ուղղվելու դեպի հէկի խողովակաշարը: Իսկ մինչ այդ համայնքի բնակիչներն ու համայնքապետը կսպասեն Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանի պատասխաններին: Գյուղի բնակիչների պահանջներն այս գերատեսչություններին է ուղղվել, որտեղից 2 օրվա ընթացքում խոստացել են լուծում տալ:

Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան դատապարտել է Վերին Գետաշենի բնակիչների այս արարքները: Միաժամանակ հայտնել է, որ ընկերությունն արդեն նյութեր է պատրաստել և դիմել է իրավապահներին՝ ոստիկանությանն ու դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու պահանջով: 

Ընկերության հետ առայժմ կապ հաստատել չհաջողվեց, սակայն առաջիկայում կփորձենք պարզաբանումներ ստանալ նաև «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրինությունից: 

Լուսանկարում՝ Տիգրան Մուրադյանը

Մեկնաբանություններ (1)

Բաբկեն Մարտիրոսյան
Գյուղի նաղքին բնակիչ, առաջին շրջանավարտներից Բնակիչները ճիշտ են,պահանջն պետք է բավարարել,այլ ո'չ թե դիմել իրավապահներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter