HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի դահլիճում առաջին անգամ կողք-կողքի էինք

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցողներ, այս տարի առաջին անգամ լքեցի բանտի տարածքը, ոստիկանական մեքենայով շրջագայեցի Երևանի փողոցներով: Գարնանային արևոտ եղանակ է, ամենուր մարդիկ` ուղղակի քայլող կամ կանգառներում սպասող: Հատկապես տպավորվեց, երբ ոստիկանական մեքենան կանգնեց ուղիղ մի կանգառի դիմաց, որտեղ երկու երիտասարդ մայրեր նստած, ամեն մեկը՝ իր փոքրիկ երեխային գրկում պահած, տրանսպորտի էին սպասում: Երկու փոքրիկները նայում էին իրար, մեկը ժպտում էր, մյուսը` հոնքերն էր կիտել: Զգացմունքներս նորից իրար են խառնվել. ֆիզիկական ազատությունն այդքան մոտ, բայց դեռ անհասանելի…

Առաջին անգամ եմ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Սենյակ-խցերը, որտեղ ազատազրկվածները սպասում են դատական նիստերին, բավական մաքուր և լուսավոր են, ու հենց այստեղ էլ մինչև դատական նիստի սկսվելը գրում եմ այս տողերը: Բոլորը` թե՛ ծանոթ ու անծանոթ կալանավորները, թե՛ համակարգի ներկայացուցիչներ քաջալերող խոսքեր են ասում, ողջունում մեր պայքարը հանուն արդարության, ազատության: Ամբողջ մարմինս փշաքաղվեց, երբ կալանավորներից մեկն ասաց.

-Ամեն տղամարդ կերազեր կողքը տենց հավատարիմ ու նվիրված կին լիներ: Դրա համար էլ նախանձում են, բայց բանի տեղ մի՛ դրեք:

Այս դատավարությանը քննվելու է մեր բողոքն ընդդեմ հետաքննության մարմնի, որով մերժվել էր քրեական գործ հարուցել իմ ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները խախտելու համար։ Դահլիճում կնոջս հետ առաջին անգամ կողք կողքի էինք: Ներկա էին մեր պայքարի ընկերները, ոմանց առաջին անգամ էի տեսնում։ Շնորհակալություն Ձեզ` մեր ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, որ պայքարի այս դժվար օրերին մենակ չթողեցիք: Սա իսկապես արդեն միայն Զարուհու և իմ պայքարը չէ, այլ արդարություն ու օրինականություն պահանջող, իրենց մեջ ՍԵՐ ունեցող Մարդկանց պայքարն է:

Երևի շատերդ տեղյակ եք, որ ստորագրահավաք ենք սկսել Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում` արդար դատաքննության, իրավական մեխանիզմների կիրառման պահանջով:

Բարձրացվող խնդիրն ունի երկու բաղադրիչ և, ըստ էության, վերաբերում է մեր ողջ հասարակությանը: Նախ, բոլորիս է հայտնի և այս մասին բարձրաձայնվեց նաև ներկայիս իշխանություների կողմից`դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ և ռեժիմի օրոք կատարում էին անօրինական հրահանգներ: Այսինքն`արդեն իսկ քաղաքական գնահատական է տրվել` դատարանները արդարադատություն չէին իրականացնում: Ուրեմն ներկայիս իշխանությունների հաջորդ և անհապաղ քայլը պետք է լինի դատական համակարգի առողջացումը: Եվ այս բուժումը պետք է լինի արմատական: Անցումային արդարադատությունը պիտի իրական դառնա: Պետք է բացահայտվեն համակարգի սխալները:

Երկրորդ խնդիրը վերաբերում է առհասարակ պատժի նպատակներին և նրան, թե արդյոք մեր ազգը իրապես քրիստոնեական մարդասիրական արժեքներով է առաջնորդվում, թե ցեղապետական, նախնադարյան բարքերով, երբ դատն ու դատաստանը տեղի էր ունենում մեկի կողմից մյուսի վրա մատնացույց անելով, և վերջինիս առանց ապացույց քարկոծում էին: Մի՞թե մենք ընդամենը հասել ենք միջնադարյան ինկվիզիցիայի մակարդակին, երբ տարբերվող, առաջադեմ կանանց անվանում էին վհուկ ու այրում խարույկների մեջ: Մի՞թե մենք այն հասարակությունն ենք, որը գոռում է` կախաղան հանե՛ք, այրե՛ք, գլխատե՛ք:

Ո՞րն է պատժի նպատակը: Եթե նույնիսկ լինի հազար ապացույց, որ մարդը հանցանք է կատարել, ապա պատժի ամենակարևոր նպատակն է`առողջացնել մարդու հոգևոր աշխարհը, փոխել նրա մտածելակերպը և վերադարձնել հասարակություն: Սա է քաղաքակիրթ աշխարհի մոտեցումը: Օրինակ, եվրոպական մի շարք երկրներում, երբ մարդուն դատապարտում են, նրա հետ անմիջապես սկսում են հոգեբաններ աշխատել և առաջին քայլը հետևյալն է` դատապարտյալից ներողություն են խնդրում, որ հասարակությունը ինչ-որ տեղ, ինչ-որ բանում թերացել է` չի նկատել նրա խնդիրները, անտարբեր է եղել նրա հույզերի նկատմամբ, դժվար պահին ձեռք չի բռնել, թերացել է նրան կրթություն տալու, աշխատանքի տեղավորելու հարցերում և այլն: Հիմա միգուցե շատերդ զարմացաք, բայց պատկերացրեք՝ հենց այս մարդկային մոտեցումն է տալիս ամենալավ արդյունքը։ Այդպիսի վերականգնողական համակարգեր ներդրած պետություններում կրկնահանցագործությունների տոկոսը գրեթե զրոյական է: Իսկ մեզ մոտ կրկնահանցագործությունների աճ է նկատվում: Գիտությունը և պրակտիկան ապացուցում են`դատապարտյալի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, նրա մեջ նախ և առաջ Մարդուն տեսնելը, նրա արժանապատվությունը հարգելը և կրթություն տալը, աշխատանքով ապահովելն է ամենաարդյունավետ միջոցը`պատժի նպատակին հասնելու համար, իսկ բուն պատիժը կայանում է նրանում, որ ազատ ծնված մարդը ֆիզիկապես գտնվում է ժամանակավոր անազատության մեջ: Եվ այս վերջին հարցն էլ զարգացած երկրներում արդեն իսկ արմատական վերանայման է ենթարկվում: Օրինակ, Իտալիայում ցմահ ազատազրկվածը 8 տարի պատիժ կրելուց հետո ստանում է տարվա մեջ 45 օր արձակուրդի իրավունք, այսինքն`կամ միանգամից, կամ այդ օրերը մասերի բաժանված կարող է ազատության մեջ լինել իր ընտանիքի հետ: Եվ արձակուրդների օրերը տարեցտարի ավելանում են։ Ու պատկերացրեք, որ որևէ փախուստի դեպք չի գրացվել: Հիմա պատկերացրեք, որ այդ մոտեցումը կիրառվի Հայաստանում ցմահ դատապարտյալի նկատմամբ: Համոզված եմ՝ ցմահները պարզապես կվայելեն արձակուրդը, կվերադառնան մեկուսարան`լավ իմանալով, որ նորից են լինելու ազատության մեջ` ընտանիքի հետ, հույսով՝ նման օրինապահ վարքագիծ դրսևորելով` մի օր էլ պայմանական վաղաժամկետ կկիրառվի կամ ներման կարժանանա:

Չի կարող քաղաքակիրթ երկրում, առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ լինել հակաօրինական, հակաիրավական, անմարդկային, քրիստոնեկան սկզբունքներին հակասող մոտեցում և պահանջ, որ մարդուն բանտում թողնեն`պահելով մինչև կյանքի վերջ:

Անկասկած, Սերը, Արդարը ու Բարին են հաղթելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter