HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի դեմ առայժմ պայքարում ենք հռետորությամբ

Հարցազրույց Տարածաշրջանային զարգացման կենտրոնի (Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան) նախագահ Ամալյա Կոստանյանի հետ

- Կոռուպցիան քրեորեն պատժելի արարք է: Սակայն, դատելով այն բանից, որ դրա դեմ պայքարը շոշափելի արդյունքներ չի տալիս, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում կոռուպցիան նաեւ մտածելակերպ է:

- Կոռուպցիայի' սեփական շահի համար իշխանության չարաշահումների ոչ բոլոր դրսեւորումներն են մեր երկրում համարվում քրեորեն պատժելի հանցագործություն: Շատ դեպքեր դասվում են վարչական եւ բարոյա-էթիկական նորմերի խախտումների շարքին: Սակայն, անկախ դրսեւորման ձեւերից, կոռուպցիան «սոցիալական չարիք» է, որի դեմ պետք է պայքարել:

Վերադառնալով Ձեր հարցին' կարող եմ ասել միայն մեկ բան. եթե քրեական հանցագործության դեմ պայքարը չի տալիս շոշափելի արդյունքներ, ապա կարելի է ենթադրել, որ այդ պայքարն արդյունավետ չէ: Եվ այդ անարդյունավետության պատճառներից մեկը շատ այլ պատճառների թվում կարող է լինել նաեւ մտածելակերպը, ընդ որում' եւ՛ նրանց մտածելակերպն է, ով պետք է պայքարի, եւ՛ նրանց, ում դեմ պետք է պայքարել:

Սակայն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելիչ եւ դաստիարակչական միջոցներ: Պետք է լինի բոլոր միջոցների ճիշտ հարաբերակցություն, որպեսզի ոչ միայն ընդունվեն կոռուպցիայի հնարավորությունները սահմանափակող օրենքներ, այլեւ ապահովվի դրանց կիրառումն ու բոլոր քաղաքացիների' օրենքի առաջ հավասարությունը, որպեսզի ոչ միայն պատժվեն մեղավորները, այլեւ խրախուսվեն արժանավորները, ոչ միայն ազնիվ կենսաձեւի կոչեր անեն ուրիշներին, այլեւ սեփական վարքով օրինակ ծառայեն: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ այլ երկրների ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ հեռավոր արտասահմանում:

Մտածելակերպն ինքն իրեն չի ձեւավորվում, այլ կախված է հասարակության անդամների, պետության եւ քաղաքացիների, իշխանության ինստիտուտների փոխհարաբերություններից: Եթե այդ հարաբերություններում թույլատրվում է քրեորեն պատժելի հանցագործությունների աճ, եւ եթե դրանք նույնիսկ նպաստում են այդ աճին, ապա բնական է դրա անդրադարձը հասարակության մտածելակերպի վրա: Հասարակությունն այդ դեպքում առանձնահատուկ ռիսկի հետ չի կապում մարդու կամ մարդկանց խմբերի կոռումպացված գործողությունները: Գոյություն ունի մի տեսակետ այն մասին, որ մարդն այն աստիճանի է կոռումպացված, որքան թույլ է տալիս այն համակարգը, որտեղ նա «գործում է»:

Հետաքրքիր է, որ երբ մենք անց էինք կացնում հերթական սոցիոլոգիական հետազոտությունը, տարբեր ֆոկուս-խմբերի մասնակիցները, ի պատասխան նման հարցի, համաձայն չէին այն բանի հետ, որ կոռուպցիան մտածելակերպ է կամ Հայաստանում վարքի կուլտուրա: «Ավելի շուտ դա կարելի է համարել սովորույթ»,-այսպես պատասխանեց մասնակիցների մեծ մասը: Կարծում եմ' այդ կերպ նրանք փորձում էին ներկայացնել իրավիճակն ավելի շահեկան լույսի ներքո' համարելով, որ ցանկության դեպքում վատ սովորությունից, այնուամենայնիվ, կարելի է ազատվել, իսկ մտածելակերպ փոխելը շատ դժվար է: Ընդ որում' քննարկումների մասնակիցների մեծ մասն ասում էր, որ իրենց ստիպում են կաշառք տալ իշխանության ներկայացուցիչները, եւ որ իրենք ոչ մի այլ ելք չունեն իրենց խնդիրների լուծման համար:

Միաժամանակ, եթե ամեն ինչ բարդենք համակարգի վրա, ապա հարց է ծագում' իսկ ո՞վ է ստեղծում այդ հարաբերությունները, ո՞վ է այդ համակարգի բաղկացուցիչը դառնում: Եվ ի՞նչն է ավելի ճիշտ' հարմարվե՞լը, ոչ մի բան չձեռնարկե՞լը, մինչեւ պետական-քաղաքական կառավարման համակարգում տեղի չունենան որոշ դրական փոփոխություններ, մինչեւ երկրում չբարելավվի տնտեսական վիճակը, ինչի արդյունքում կփոխվի մտածելակերպը: Իսկ ինչպե՞ս կարող են տեղի ունենալ այդ փոփոխությունները, եթե կոռուպցիան քայքայում է իշխանության ինստիտուտները եւ հասարակության բարոյականությունը: Գուցե ավելի լավ է այլեւս անսահման համբերատարությամբ չվերաբերվե՞նք ինքներս մեզ եւ այն համակարգին, որի գոյությունը մենք էլ ապահովում ենք:

- 2004թ. վերջին Հայաստանի բնակչության շրջանում «Ռեգիոն» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով' երկրի համար ամենաառաջին վտանգը հասարակությունը համարում է կոռուպցիան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը, եւ ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոգեւորված խոսում է ոչ թե բնակչությունը (այսինքն' նրանք, ովքեր պետք է ավելի շահագրգռված լինեն դրանով) , այլ իշխանավորները:

- Ես արդեն մասամբ պատասխանեցի այս հարցին: Մի կողմից, բնակչությունը համարում է, որ դա պետության գործն է, որ մենք բոլորս վատ համակարգի զոհեր ենք, եւ որ հասարակ քաղաքացին չի կարող ոչինչ փոխել: Կա համընդհանուր ֆրուստրացիա, ակնհայտ անվստահություն իշխանության ներկայացուցիչների ' կառավարական պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, կուսակցական գործիչների, դատական համակարգի եւ այլոց նկատմամբ: Քաղաքացիների քաղաքական պասիվությունը ոչ մի կերպ չի նպաստում այն բանին, որպեսզի բոլորը մեկ մարդու նման ելնեն կոռուպցիայի դեմ պայքարի, թեեւ բնակչությունը խոստովանում է, որ այն վտանգ է երկրի համար:

Մյուս կողմից էլ, իշխանավորները հիմնականում միայն «խոսում են» կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, սահմանափակվում են նոր օրենքների ընդունմամբ, որոնց կիրառումը երաշխավորված չէ ոչ քաղաքական կամքի առկայությամբ, ոչ պետական ապարատի ինստիտուցիոնալ հնարավորություներով: Սա առաջ է բերում քաղաքացիների է՛լ ավելի մեծ հիասթափությունը: Անցած տարվա ամռանը ամբողջ երկրում անցկացրած մեր հեռախոսային հարցախույզի արդյունքները վկայում են, որ 1500 հարցվածների միայն 0.9%-ն է կառավարության հակակոռուպցիոն գործողություններն արդյունավետ համարում, 50%-ն ունի հակառակ կարծիքը (որ այդ գործողություններն արդյունավետ չեն), եւ 49.1%-ը չկարողացավ պատասխանել այս հարցին:

Իշխանավորների ոգեւորությունը բխում է այն հանգամանքից, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկիրը միացել է միջազգային հակակոռուպցիոն մի շարք կոնվենցիաներին եւ ունի որոշակի պարտավորություններ միջազգային հանրության առջեւ: Սակայն դեռեւս դժվար է ասել, թե մինչեւ երբ թույլ կտրվի մեզ սահմանափակվել հռետորական ոգեւորությամբ եւ ինչ հանգամանքների բերումով կարող են մեզ առաջադրել ավելի խիստ պայմաններ: Շատ բան կախված է մեր տարածաշրջանում եւ նրա շուրջը տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից:

- Հայաստանի ո՞ր ոլորտներում են ավելի շատ դրսեւորվում կոռուպցիոն ռիսկերը, եւ ինչի՞ հետ է դա կապված:

- Մեր եւ այլ կազմակերպությունների անցկացրած մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների, գործարարների ու փորձագետների կարծիքով' Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներ համարվում են դատարանները, դատախազությունը, ոստիկանությունը, մաքսային եւ հարկային ծառայությունները, պետական գնումների ոլորտը, առողջապահությունը, կրթությունը, ընտրական համակարգը, արտոնագրման, շինարարության թույլտվություններ տվող հիմնարկները եւ այլն:

Ուզում եմ հիշեցնել հետեւյալ պարզեցված սխեմայի մասին՝ «Ինչո՞ւ են կաշառք տալիս եւ վերցնում», այսինքն՝ ի՞նչ է «օրինական» եւ «հակաօրինական» կոռուպցիան: Առաջին դեպքում վճարում են այն բանի համար, որպեսզի ստանան (արագացնեն կամ հեշտացնեն) լեգալ (օրինական) ծառայությունները, սա «վճար է ծառայությունների համար»: Երկրորդ դեպքում, որը կապված է ավելի մեծ ռիսկի հետ, վճարում են անօրինական ծառայությունների եւ օրենքը խախտելու համար: Սխեման պարզեցվում է, քանի որ կոռուպցիան դրսեւորվում է ոչ միայն փողերի փոխանակման տեսքով, այլեւ ծառայությունների կամ գործողությունների (կամ, եթե ուզեք, նաեւ անգործության) տեսքով:

Այսպես կոչված «օրինական» կոռուպցիան ավելի ակնհայտ է եւ հեշտ ճանաչելի է հասարակ մարդկանց համար, քանի որ սրա հետ նրանք առնչվում են գրեթե ամեն օր: Ինչ վերաբերում է «անօրինական» կոռուպցիային, քանի որ սա կապված է ավելի մեծ ռիսկի հետ եւ, համապատասխանաբար, ավելի մեծ նյութական ծախսերի հետ, ապա այն ավելի քողարկված բնույթ ունի եւ ավելի դժվար ճանաչելի է:

Այդ պատճառով շատերի մոտ ձեւավորվում է այն կարծիքը, թե կոռուպցիան ավելի շատ տարածված է Պետավտոտեսչությունում, կրթական եւ առողջապահական ոլորտներում, իսկ, օրինակ, քաղաքական կոռուպցիայի մասին, առեւտրի ոլորտների եւ ծառայություների մոնոպոլացման, պետական գնումների հետ կապված չարաշահումների մասին քչերը գիտեն: Մինչդեռ, եթե գնահատենք կոռուպցիայի այսպիսի դրսեւորումներից հասցված նյութական, քաղաքական, սոցիալական եւ բարոյական վնասները, ապա դրանք ավելի ծանր հետեւանքներ են թողնում պետության եւ ազգի զարգացման վրա:

Ճիշտ է, հիմա մարդիկ ավելի շատ հակված են դեպի ընդհանրացված ընկալումները. «Բոլոր պետական կազմակերպությունները՝ նախարարությունները, ծառայությունները, կոմիտեները, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կոռումպացված են»: Քանի որ քաղաքական եւ տնտեսական կառավարման լծակները կենտրոնացված են իշխանական ոչ մեծաթիվ «վերնախավի» ձեռքերում, ապա դժվար չէ հասկանալ, որ կոռուպցիան չէր կարող չվարակել ինչպես մասնավոր սեկտորը, այնպես էլ ոչ պետական այլ ինստիտուտներին:

Հետեւապես, ինչո՞ւ է որոշ բնագավառներին մյուսների համեմատ ավելի բնորոշ մեծ ռիսկը: Այս հարցն ունի մի քանի պատասխան. մասնավորապես, կոռուպցիան դրսեւորվում է այնտեղ, որտեղ կա «վաճառելու» եւ «գնելու» ինչ-որ բան, այնտեղ, որտեղ կա անառողջ մրցակցություն սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար, այնտեղ, որտեղ օրենքներն ու արարողակարգերը կատարյալ չեն, եւ թույլատրվում է դրանց ազատ մեկնաբանությունը, այնտեղ, որտեղ քաղաքացիները չունեն տեղեկատվություն եւ չգիտեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, այնտեղ, որտեղ չկան իշխանություններին վերահսկելու եւ զսպելու մեխանիզմներ, այնտեղ, որտեղ չի աշխատում արդարադատության համակարգը, այնտեղ, որտեղ իշխանության ներկայացուցիչները հաշվետվություն չեն տալիս իրենց գործողությունների համար, այնտեղ, որտեղ եւ՛ իշխանությունը, եւ՛ քաղաքացիները հանդուրժողաբար են վերաբերվում օրենքների եւ վարվեցողության կանոնների խախտումներին եւ այլն:

Իմ անձնական կարծիքով' կոռուպցիայի փակ շղթան սկիզբ է առնում եւ ավարտվում է ընտրությունների ժամանակ, քանի որ մնացած ամեն ինչ «ո՞ւմ ենք ընտրում, ինչպե՞ս եւ ինչի՞ համար ենք ընտրոմ» հարցերի արտացոլումն են: 2003 թվականից մեր կազմակերպությունն անց է կացնում Հայաստանում նախընտրական գործընթացների եւ ընտրությունների դիտարկում, եւ ես կարող եմ ասել, որ ամեն անգամ իրավիճակը վատթարանում է:

- Կա՞ն, արդյոք, տվյալներ վերջին տարիներին Հայաստանում կոռուպցիայի տարածման դինամիկայի մասին:

- 2005թ. ամռանն անցկացրած մեր հետազոտությունների տվյալների համաձայն, որոնց մասին ես արդեն մասամբ խոսեցի, հարցվածների 62.9%-ը համարում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է, 4.5%-ի տեսանկյունից կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա, իսկ 17.1%-ը չկարողացավ պատասխանել այդ հարցին:

Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի անցկացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աշխատող գործարարները համարում են, որ վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիան է՛լ ավելի մեծ խնդիր է դարձել իրենց ոլորտում, եթե ոչ օրինական վճարումների հաճախականությունը նվազել է, ապա դրանց ծավալը, հակառակը, մեծացել է: Ի պատասխան այն հարցին, թե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն ո՞ւմ եւ ինչի՞ համար են կաշառք տալիս, հարցվածները մատնանշել են հարկային եւ մաքսային ծառայությունները, դատարանները, թույլտվություններ եւ արտոնագրեր տվող, պետական պայմանագրերի համար պատասխանատու եւ հողահատկացումներ անող, նաեւ՝ շինարարության համար տարածքներ տվող հաստատությունները եւ այլն: Ամենից շատ մտահոգություն էին առաջացնում այն պատասխանները, որոնց համաձայն մասնավոր սեկտորի ներկայացուցիչները կաշառում են օրենսդիր իշխանությանը օրենքների ընդունման գործընթացի վրա ազդեցություն գործելու նպատակով:

Կոռուպցիայի ընկալման մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վերջին ինդեքսի համաձայն' 2005թ. մեր երկիրը 159 երկրների շարքում ստացել է 2.9 գնահատական 10-0 սանդղակով (10-ը' չկոռումպացված, 0-ն ամենակոռումպացված երկրներն են): Այս հետազոտության մեթոդաբանության համաձայն' «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ազգային բաժանմունքները դրան չեն մասնակցում, տվյալները վերցվում են յուրաքանչյուր երկրում նվազագույնը երեք միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված անկախ ուսումնասիրություններից: Բացի այդ, այդ ինդեքսով չափվում են գործարարների եւ փորձագետների, բայց ոչ քաղաքացիների ընկալումները:

Եթե համեմատենք այս տվյալները 2003 եւ 2004 թվականների ինդեքսների հետ (համապատասխանաբար' 3.1 եւ 3.0), ապա կարելի է ասել, որ կոռուպցիայի ընկալման տեսանկյունից, ընդհանուր առմամբ, Հայաստանում դրական միտում չկա, եւ մենք առաջվա նման մնում ենք շատ բարձր մակարդակի կոռուպցիայով երկրների շարքում: Հասարակական կարծիքը փոխելը այդքան հեշտ բան չէ: Դրա համար պետք է ցույց տալ քաղաքական իրական կամք, ոչ թե խոսքով, այլ գործով պայքարելու պատրաստակամություն:

- Եթե համեմատենք միջազգային կազմակերպությունների անցկացրած հետազոտությունների տվյալներն ըստ տարբեր երկրների, ապա Հայաստանում իրավիճակն այդքան սարսափելի՞ չէ:

- Դա կախված է այն բանից, թե ում հետ ենք մենք մեզ համեմատում: Եթե Հաիթիի, Թուրքմենստանի, Բանգլադեշի եւ Չադի հետ, որոնք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ինդեքսի վերջին աստիճանի վրա են (1.8-1.7 ինդեքսներ), նաեւ' մեր անմիջական հարեւաններ Իրանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ (2.9, 2.2 եւ 2.3), ապա, ինչպես Դուք եք ասում, գործերն այդքան սարսափելի չեն:

Իսկ եթե համեմատենք մեր մյուս հարեւանի' Թուրքիայի հետ (3.5), նաեւ «նախկին հարեւաններ» Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի հետ (6.4, 4.8 եւ 4.2), ապա առանձնապես հպարտանալու բան չկա:

Ճիշտն ասած' ես այդքան էլ չեմ ողջունում այս բնագավառում մաթեմատիկական եւ աշխարհագրական համեմատությունները, քանի որ բավական պատկերավոր լինելով' դրանք, այնուամենայնիվ, հաշվի չեն առնում երկրի առանձնահատկությունը եւ այն կոնկրետ «գինը», որը նա վճարում է «իր» կոռուպցիայի համար, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում: Իհարկե, մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ իրավիճակ է տիրում մեր հաեւանների եւ գործընկերների մոտ, ինչպես նաեւ այն պետություններում, որոնք որոշակի քաղաքական եւ տնտեսական շահեր ունեն մեր տարածաշրջանում: Դրանից է կախված եւ այն, թե երկրների միջեւ ինչ հարաբերություններ կարող են ձեւավորվել, եւ թե ինչ միջոցներ կգործադրվեն կոնկրետ նպատակների հասնելու համար:

Սակայն, կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է լացենք կամ ուրախանանք, որ ինչ-որ մեկն ավելի լավ է կամ վատ, այլ գիտակցենք, որ մեզ առաջին հերթին պետք է հուզի մեր հասարակությունում, համակարգում, մեր պետությունում տեղի ունեցողը: Մենք բոլորս ենք պատասխանատվություն կրում դրա համար եւ պետք է այսօր եղած դրականը, առաջադիմականը, արժեքավորը հիմք ընդունելով' ձերբազատվենք բացասականից, անառողջ, անբարոյական իրողություններից: Իրողություններ, որոնք իսկապես մեծ վտանգ են մեր երկրի եւ մեր երեխաների ապագայի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter