HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տիգրան Պետրոսյան. «Աշոցքի համայնքապետին առաջարկել ենք անվավեր ճանաչել արձակուրդում կայացրած որոշումները»

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 25-ին ընդունել է փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանին եւ Աշոցք խոշորացված համայնքի համայնքապետ Կարեն Մանուկյանին: Շնորհավորանքից եւ առաջիկա գործունեության շուրջ զրույցից զատ, անդրադարձ է եղել նաեւ նախընտրական շրջանում թեկնածու Կարեն Մանուկյանի՝ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար ընդունած որոշումներին:

Քարոզարշավին մասնակցելու նպատակով փետրվարի 5-ից 15-ը Կարեն Մանուկյանն ինքն իրեն չվճարվող արձակուրդ էր ուղարկել՝ համայնքապետի պարտականությունները ժամանակավորապես փոխանցելով համայնքապետի տեղակալ Կարեն Աբրեյանին: Սակայն Աշոցք համայնքի պաշտոնական կայքում տեղ գտած որոշումներն այլ բան են ասում: Պարզվում է, որ Կարեն Մանուկյանը, փաստացի գտնվելով արձակուրդում, որպես համայնքի ղեկավար, կայացրել է 9 որոշում, որից միայն 4-ը՝ փետրվարի 11-ին:

Թիվ 33 որոշմամբ՝ ընդունած 2019թ-ի փետրվարի 11-ին Կարեն Մանուկյանը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ Աշոցք համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 45-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ, անհատ ձեռնարկատեր Հայկուշ Եղոյանին 2019թ-ի 1-ին եռամսյակի համար ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն է տվել: Նույն օրը կայացրած նմանատիպ թիվ 34 որոշմամբ ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն է տրվել անհատ ձեռնարկատեր Սասուն Քոթանջյանին 2019թ-ի 1-ին եւ 2-րդ եռամսյակների համար:

Փետրվարի 11-ը արձակուրդում գտնվող եւ քարոզարշավ իրականացնող թեկնածուի համար առատ է եղել որոշումներ կայացնելու առումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, քաղ. օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված  2-րդ, 3-րդ կետերի, կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Աշոցք համայնքում (բնակավայր` Սիզավետ) կառուցված խանութի շենքը համապատասխանում է քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին որոշել է Սիզավետ գյուղում ինքնակամ զբաղեցրած 0,02498 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 68 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութի շենքը ճանաչել օրինական:

Այնուհետեւ, արդեն որպես Աշոցք համայնքի սեփականություն, նույն հողամասի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված՝ Կարեն Մանուկյանի որոշմամբ այն ընդգրկվել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում, այնուհետեւ՝ նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով, տրամադրելու առաջարկ է արվել տվյալ կառույցը իրականացրած քաղաքացի Սասուն Հենրիկի Քոթանջյանին:

Եվս մեկ որոշում համայնքապետի թեկնածու Կարեն Մանուկյանը կայացրել է փետրվարի 15-ին, այսինքն արձակուրդի ավարտին եւ բուն ընտրությունից 2 օր առաջ: Թիվ 37 որոշմամբ «Ասգանաս Բերնեցյան» ՍՊԸ-ին՝ (իրավաբանական հասցեն՝ Գյումրի, Շինարարների փողոց 33) Մեծ Սեպասար բնակավայրում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն է տվել:

«Հետք»-ի տեղեկություններով՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն առաջարկել է Կարեն Մանուկյանին անվավեր ճանաչել արձակուրդում եղած ժամանակահատվածում կայացրած որոշումները՝ համարելով, որ դրանք պետք է վերանայվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter