HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞մ է պատկանում Վանաձորի մարզադաշտը

Վանաձորի ավագանին երկար քննարկումներից ու վեճերից հետո քաղաքային մարզադաշտը անհատույց օգտագործման տրամադրեց Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցին: Որքան էլ «Լոռի» ֆուտբոլային ակումբը փորձեց ավագանու ադամներին ապացուցել, որ մարզադաշտը ակումբին է տրվել դեռեւս խորհրդային իշխանությունների կողմից, միեւնույն է՝ ավագանին հիմք ընդունեց մարզադաշտի՝ համայնքին պատկանելությունը հաստատող սեփականության վկայականը ու որոշեց, որ քաղաքային մարզադաշտը կարող է պատկանել միմիայն համայնքին:

4 հեկտար տարածքով մարզադաշտն իր գույքով դեռեւս խորհրդային տարիներից տնօրինում էր «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբը:

Խորհրդային տարիներին քաղաքային խորհրդի կողմից ստեղծված «Լոռի» վարպետների ֆուտբոլային թիմը 16 տարի առաջ առանձնացավ քաղխորհրդից: Կիրովականի քաղաքային խորհրդի գործկոմը 1989-ին որոշեց ընդունել ֆիզկուլտուրայի եւ սպորտի քաղաքային կոմիտեի առաջարկը՝ «Լոռի» վարպետների ֆուտբոլային թիմի հիման վրա քաղաքային մարզադաշտի հետ համատեղ ստեղծել ֆուտբոլային սպորտային ակումբ: Արդեն 1990-ի սկզբին, հիմնվելով 1988թ.-ի ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ եւ ՀԼԿԵՄ կենտկոմի որոշումների վրա, քաղխորհուրդը հաստատեց քաղաքի ֆուտբոլի ակտիվի ժողովի որոշումը՝ ստեղծել «Լոռի» ֆուտբոլային տնտհաշվարկային ակումբ: Դա ենթադրում էր առանձնացում Հայկական ՍՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեից՝ ինքնաֆինանսավորման անցնելու եւ առանձին տնտեսական միավոր դառնալու սկզբունքով: Նույն որոշմամբ ֆուտբոլային ակումբին անցավ «Լոռի» քաղաքային կենտրոնական մարզադաշտ վերանվանված «Կոմսոմոլի» անվան քաղաքային մարզադաշտը:

«Հաշվի առնելով, որ քաղաքային մարզադաշտը եւ «Լոռի» ֆուտբոլային թիմը գտնվում են տնտեսական սերտ համագործակցության մեջ, եւ որ մարզադաշտը նույնպես աշխատում է լրիվ տնտհաշվարկով եւ համարվում է թիմի ֆինանսավորման հիմնական աղբյուրը ու կնպաստի ազգաբնակչության շրջանում ֆուտբոլային մարզաձեւի պրոպագանդմանն ու զարգացմանը, քաղաքային կոմիտեի մարզադաշտը իր հիմնական միջոցներով հանել կոմիտեի հաշվեկշռից եւ հանձնել «Լոռի» ֆուտբոլային ակումբին»,-գրված է քաղխորհրդի գործկոմի որոշման մեջ:

Վանաձորի քաղաքապետարանում Խորհրդային Միության ժամանակ ընդունված որոշումները հիմք չեն ընդունվում:

«Գործկոմով շատ բան կա տրված: Այդ պետությունն արդեն չկա»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման, առեւտրի եւ տրանսպորտի համակարգող բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը: Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գուրգեն Գեւորգյանն էլ հավելում է, թե իրենց համար ընդունելի են ՀՀ որոշումները: Այս դեպքում քաղաքապետարանը մատնանշում է ՀՀ կառավարության 1997թ.-ին ընդունած թիվ 51 որոշումը: Այստեղ, ի թիվս այլ օբյեկտների, որպես համայնքի սեփականության գույք ներառված է նաեւ ֆուտբոլի քաղաքային մարզադաշտը: Հենց այս որոշման հիման վրա էլ Վանաձորի քաղաքապետարանը երեք տարի առաջ մարզադաշտը գրանցել է կադաստրում որպես համայնքային սեփականություն: «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբի նախագահ Կոլյա Բաբայանը հիշում է, որ համայնքները ձեւավորելիս Կիրովականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ցուցակում իրենց մարզադաշտն ընդգրկված չի եղել: Հետագայում այն ընդգրկվել է թյուրիմացաբար, «չգիտես՝ ում ձեռքով»:

«Լոռի» ֆուտբոլային ակումբում քաղաքապետարանի ու կադաստրի միջեւ կնքված գործարքն անօրինական են համարում եւ ասում, որ իրենք այս տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողացել քաղխորհրդի կողմից իրենց տրված գույքի նկատմամբ սեփականության իրավունք գրանցել: Կադաստրը վկայակոչել է կառավարության որոշումը ու ակումբի բարձրացրած հարցը համարել փակված:

17 տարի շարունակ, փաստորեն, Վանաձորի քաղաքային մարզադաշտը պատկանել է «Լոռի» ֆուտբոլային թիմին, որն իր միջոցների հաշվին ներդրումներ է արել, բարեկարգել դաշտն ու նորացրել գույքը: Նույնիսկ կադաստրում որպես համայնքային սեփականություն գրանցելուց հետո Վանաձորի քաղաքապետարանը չի շտապել տեր կանգնել իր գույքին: Փոխարենը «Լոռի» ակումբն իր միջոցներից շարունակել է նորացնել մարզադաշտի գույքը, վճարել կոմունալ ծախսերն ու ամեն տարի ներդրում կատարել: Ինչպես վստահեցնում է Կոլյա Բաբայանը, անցած 17 տարիների ընթացքում տարեկան 10.000 դոլար են ծախսել նորոգումների ու ընթացիկ ծախսերի վրա: Օրինակ՝ 2003-2004թթ.-ին 20.000 դոլար են ծախսել մարզադաշտը նորոգելու համար: Իսկ Վանաձորի քաղաքապետարանը սեփականաշնորհումից հետո մինչ այժմ որեւէ հաստիք չի բացել իրեն պատկանող մարզադաշտում: Վիկտոր Դարբինյանը դա բացատրում է նրանով, որ «Լոռիին» հնարավորություն են տվել գալ, քաղաքապետարանի ենթակայության տակ ընդգրկվել կամ էլ, եթե համաձայն չեն, պաշտպանել իրենց իրավունքները: Քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ' Գուրգեն Գեւորգյանը, պատճառաբանում է, թե զիջել են, որ գոնե զարգանան: Միեւնույն ժամանակ, գումար չեն ունեցել տնօրեն, պահակ նշանակելու: Գումար չեն ունեցել նույնիսկ ժամանակին մարզադաշտի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար: Մի խոսքով' Վանաձորի քաղաքապետարանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը երեք տարի թողել է ֆուտբոլային մի հասարակական կազմակերպության, որի գործունեությունից դժգոհ է: Ավելին' ամեն շաբաթ-կիրակի օրերին մարզադաշտի տարածքում գործում է ավտոշուկա, որի վարձակալության համար տրվող գումարները, գումարած Մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու համար տրվող վարձավճարները մտնում են ոչ թե քաղաքային բյուջե, այլ «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբ: «Այդ վիճակն իրենց ձեռք է տալիս: Ում հաշվեկշռում էլ լինի, միայն թե իրենցը լինի»,-կարծում է քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետը: Ակումբում եւս ձեռնտու են համարել ստեղծված իրավիճակը, միայն թե իրենց չխանգարեն:

Ավագանու անդամ Արամ Մկրտչյանը, որը տասը տարի ղեկավարել է Վանաձորի ֆուտբոլի ֆեդերացիան, ներդրումներ արել մարզադաշտում, այժմ էլ համարվում է «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբի նախագահության պատվավոր անդամ, քաղաքապետարանի արարքը համարում է անօրինական: «Եթե մարզադաշտը իրենցն է, ապա այն պետք է ունենա հաշվեկշռային արժեք: Բայց նախկին քաղաքապետից հետո այս գույքի ընդունում-հանձնում ներկայիս քաղաքապետը չի արել, որովհետեւ այս մարզադաշտը պատկանում է «Լոռիին»,-ասում է Արամ Մկրտչյանը:

Ինչու՞ Վանաձորի քաղաքապետարանը որոշեց դեռեւս երեք տարի առաջ որպես համայնքային սեփականություն գրանցած մարզադաշտը հիմա վերցնել փաստացի տերերից ու հանձնել մեկ այլ կազմակերպության: «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբում վկայակոչում են անցած աշնանը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները: «Լոռին» պաշտպանում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանի հիմնական մրցակցին, որը համարվում է թիմի հովանավորը: «Լոռիի» նախագահը հավատացած է, որ կամ պետք է լինես քաղաքապետի մերձավոր շրջապատից կամ էլ չունենաս ոչինչ:

Վանաձորի քաղաքապետարանում անձնական թշնամանք չեն տածում ֆուտբոլիստների նկատմամբ: Պարզապես գտնում են, որ մարզադաշտը պետք է պատկանի համայնքին ու ծառայի ոչ թե մի քանի անձանց, այլ ողջ քաղաքին:

«Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբը որոշել է հարցը լուծել դատարանում՝ բողոքարկել Կառավարության ցուցակում մարզադաշտի ընդգրկման հարցը' անկախ այն բանից, որ Վանաձորի ավագանին արդեն որոշել է այն հանձնել մեկ այլ մարզադպրոցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter