«Եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, ես, երևի թե, կիմանայի»,- ասում է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու կարծիքով` դատավորների աշխատավարձերի բարձրացումն էականորեն կնվազեցնի դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը:
«Կոռուպցիան այն խնդիրն է, որի դեմ առաջին հերթին պետք է պայքարի դատական իշխանությունը, քանի որ դատական համակարգի ներկայացուցիչները, լինելով արդարադատության գործընթացների բուրգում, առաջինը պետք է զերծ մնան նման գործելաոճից»,- ասաց Ռշտունին՝ նշելով որ բարձր աշխատավարձը վտանգի ենթարկելը շատ ավելի ոչ շահավետ է, քան ցածր աշխատավարձը վտանգելը:
Անդրադառնալով դատավորների նկատմամբ ճնշումների հարցին, որի մասին հաճախ է խոսվում, Ռշտունին հիշեցրեց, որ դատարանը նույնպես իշխանության ճյուղ է:
«Ես պնդում եմ, որ մենք չենք գործում ճնշումների ներքո։ Եթե դատավորն իր մեջ ունի դատավոր աշխատելու կամք, ունի կամք՝ կայացնելու Սահմանադրության ու օրենքներին համապատասխան որոշում, ապա որևէ ճնշում՝ լինի իշխանական, թե հանրային, չի կարող նրան խոչընդոտել կամ ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը կարծում է, որ եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեն, ապա ինքն այդ մասին կիմանա:
«Իմ նկատմամբ որևէ ճնշում չի եղել, և եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երևի թե, ես կիմանայի»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Անցումային արդարադատության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռշտունին նշեց, որ ինքը չգիտի, թե «անցումային արդարադատություն» ասելով՝ ինչ նկատի ունեն դրա մասին խոսող անձինք:
Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, մի շարք աղմկահարույց քրեական գործերի հարուցումից հետո դրանցում ներգրավված անձինք պատրաստակամություն են հայտնել պետությանը գույք կամ խոշոր դրամական միջոցներ նվիրել: Մեր հարցին՝ առանց դատարանի կողմից դատավճռի առկայության նման նվիրատվություններն ինչպե՞ս է գնահատում Ռշտունին, վերջինս պատասխանեց, որ ինքը կոնկրետ քրեական գործերի նյութերին չի տիրապետում: Դատավորը հիշեցրեց, որ կան իրավակարգավորումներ՝ պատճառված վնասի հատուցման հետ կապված, և եթե նույնիսկ փոխհատուցումը կատարվում է նախնական քննության ընթացքում, դա նորմալ և իրավաչափ գործընթաց է:
«Բայց եթե անձանց նկատմամբ արհեստականորեն քրեական գործեր են հարուցվում, որպեսզի նրանք նվիրատվություն անեն, դա անընդունելի է. ես չեմ տիրապետում ոչ առաջին, ոչ երկրորդ տվյալին»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Դատարանի նախագահի հետ զրույցի մանրամասները`տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել