HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները փողոց են փակում. Սիսակյան 3-ի նորակառույցը ստվերում է թողնելու նրանց տները (տեսանյութ)

Երևանի Սիսակյան 3 հասցեում կառուցվում է բարձրահարկ շենք։ Հարակից տարածքի սեփական տների և հինգհարկանի շենքերի բնակիչները ոտքի են կանգնել և պահանջում են դադարեցնել բարձրահարկի շինարարությունը։ Նախատեսվում է, որ Սիսակյան 3-ի նորակառույցը պետք է ունենա 12 հարկ, ինչի պատճառով ստվերում են մնալու սեփական տները և հարակից հինգհարկանի շենքերը. փակվելու են դրանց տեսադաշտն ու արևի մուտքը։

Սիսակյան 3-ում առաջ եղել է բնակելի շենք՝ հինգ հարկից բաղկացած հանրակացարան։ Հանրակացարանը քանդվել է, իսկ բնակիչները սոցիալական ծրագրի շրջանակներում տներ են ստացել քաղաքի այլ հասցեների նորակառույցներում։ Քանդված հանրակացարանի տեղում որոշվել է կառուցել նոր շենք՝ վթարային այլ շենքերի բնակիչների համար։

Սիսակյան 3-ի նախկին հանրակացարանը գտնվել է Վշտունու 1-ին նրբանցքի սեփական տների դիմաց։ Նրբանցքի բնակիչները պատմում են, որ այն ժամանակ էլ արևի մուտքը փակվում էր, սակայն 12 հարկ կառուցելու դեպքում լույսի ու ջերմության աղբյուր ընդհանրապես չեն ունենալու։

Երբ այցելեցինք նրբանցք, գրեթե բոլոր բնակիչները տներից դուրս եկան։ Նույն ժամանակ նեղ փողոցով շինանյութով փորձում էր առաջ շարժվել բեռնատար մեքենան։ Բնակիչները փակեցին փողոցը՝ կանգնեցելով բեռնատարի ընթացքը։ Այդպես մի քանի ամիս նրանք չեն թողել, որ շենքը կառուցվի։

Բնակիչների հիմնական պահանջն է՝ կրճատել շենքի հարկայնությունը, կառուցել հինգ հարկ, իսկ մնացած մասի համար գտնել այլ տարածք։ Ասում են՝ Սիսակյան 3-ի նորակառույցից պետք է տներ ստանան Էրեբունի վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները, բայց Էրեբունիում ևս ազատ հողատարածքներ կան, հետևաբար հնարավոր է կիսել ծրագիրը։

Նրանք դիմել են տարբեր կառույցների, մի քանի անգամ՝ քաղաքապետարան։ Նամակն ուղարկվել է նորակառույցին հարակից Ա. Վշտունի փողոցի 1-ին նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի, Լենինգրադյան 48/3 շենքի բնակիչների անունից, ներկայացուցիչը եղել է տարածքի բնակիչ Նադեժդա Սարգսյանը։

«Մենք համաձայն ենք, որ շենք կառուցվի, բայց քանդված 5 հարկանի շենքի փոխարեն թող նորից 5 հարկանի կառուցվի, ընդ որում շրջակայքում միայն 5 հարկանի շենքեր են», - նամակում գրել են բնակիչները։

Դիմումը ստորագրել է 41 հոգի: Առանձին գրություններով դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։

Ասում են՝ երբ հինգհարկանի հանրակացարանը դեռ կար, Վշտունու 1-ին նրբանցքի փողոցում ամիսներով սառույցը չէր հալվում ու վթարների պատճառ դառնում, որովհետև արևն ընկնում է միայն հարավային կողմից, որտեղ ընթանում է նորակառույցի շինարարությունը։

12 հարկ կառուցելու դեպքում խնդրում են պատկերացնել, թե ինչ կլինի։ Այդ փողոցը մայթ չունի, այսինքն՝ ծառայում է նաև որպես մայթ։ Տարածքում խաղահրապարակ չկա, ու փողոցը նաև երեխաների վազվզելու ու խաղալու տեղն է։

Հանրակացարանը քանդելուց հետո բնակիչները կարծել են, թե տարածքը ուզում են դարձնել խաղահրապարակ, միայն շինարարությունը սկսելուց հետո են իմացել՝ ոչ մի այգի, իսկ երեխաների խաղալու միակ տեղը՝ փողոցը, արդեն վտանգավոր է դառնալու։

Շենքի նախագծում, ըստ բնակիչների, ավտոկայանատեղ չկա։ Շենքը կառուցվում է գրեթե փողոցի եզրին կից, ու մտահոգիչ է նրանց այն դիտարկումը, որ բարձրահարկի կառուցումից հետո «բազմաֆունկցիոնալ» փողոցը դառնալու է հիմա էլ ավտոկայանատեղ։

Բնակիչները վերցրել են նաև շենքի կառուցման չափորոշիչները, սահմանված բանաձևերով հաշվել են, որ այդ տարածքում բարձրահարկ կառուցելու դեպքում խախտվում է նաև քառակուսի մետրի վրա բնակչության խտության նորմը։ Իրենց բոլոր դիտարկումները ներկայացրել են թե´ գրավոր դիմումներում, թե´ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն քաղաքապետարանի վերջնական պատասխանն ու որոշումը ուշանում է։

Ա. Մեսչյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներին թվացել է, թե իրենց պահանջին ընթացք են տալու։ «Արթուր Մեսչյանը մեզ լսեց, չի պնդել, որ մենք սխալ ենք, երբ մենք ներկայացրինք, որ շենքը նորմերին չի բավարարում։ Ասեց՝ դե լավ, մենք կմտածենք, տեղ կգտնենք, ծրագիրը կիսենք, ինձ ասաց, Նադյային (նկատի ունի Նադեժդա Սարգսյանին - հեղ.), ու էլի մեկ հոգի կար մեզ հետ: Մենք ուրախացել էինք, դա Նոր տարուց առաջ էր... », - պատմում է տարածքի բնակիչներից Արեգնազ Քեշիշողլյանը։

Հանդիպումից հետո մի քանի անգամ զանգերով փորձել են քաղաքապետարանից ճշտել՝ կա ծրագիրը կիսելու և շենքի հարկայնությունը կրճատելու որոշում, թե ոչ, բայց ոչ մի հստակ պատասխան։ Հեռախոսով նրանց պատասխանել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը։ Վերջինս ներկա է եղել նաև բնակիչների և Արթուր Մեսչյանի հանդիպմանը։

«Ասեցի՝ դուք ասեցիք, տեղ կգտնենք, ի՞նչ եղավ, տեղը գտե՞լ եք, որոշումը ե՞րբ եք կայացնելու, բա՝ տեղ չենք գտել, մի տասը օր էլ սպասեք։ Անցավ էլի տասը օր, զանգեցի, ասում է՝ դե գիտեք, պիտի հավաքվեինք, որոշում կայացնեինք, մի երկու օր էլ սպասեք, հետո նորից բա՝ ինչ նորմեր եք ասում։ Հասկանո՞ւմ են՝ մենք իրար դեմ նստած խոսել ենք, ոչ մեկը չի ասել, որ դուք սխալ բաներ եք հաշվարկել, ու հիմա, երբ մենք սպասում ենք, որ ինքը պիտի որոշում կայացնի, ասում է՝ նորմերը բավարարում են», - պատմում է Արեգնազ Քեշիշողլյանը։

Երբ տարածքում էինք, հավանաբար շինարարներից մեկի զանգով, տարածք եկավ նաև կառուցապատող «Ինժգարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Վարդանյանը։ Նա ասաց, որ իրենից ոչինչ կախված չէ. մրցույթով շահել է կառուցապատման ծրագիրը, նախագծով հաստատվել է 12 հարկ, և եթե որոշվի ծրագիրը կիսել, ինքը դեմ չէ։

«Հետք»-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տեղեկանալու համար արդյոք քաղաքապետարանում քննարկվում է շենքի հարկայնությունը կրճատելու հարցը, և եթե՝ այո, ապա երբ է կայացվելու վերջնական որոշումն ու այդ մասին տեղեկացվելու բնակիչներին։ Պատասխան ստանալուն պես կներկայացնենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter