HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ներկայիս կառավարության ծրագրի մեծ մասը կրկնում է նախորդներին

Նոր կառավարության ծրագիրը քննադատվեց հասարակության շրջանում՝ համարվելով նախորդի «copy paste»-ը։

«Հետք»-ը որոշեց ստուգել, թե որքանով է տեղին այս քննադատությունը՝ ուսումնասիրելով 2014, 2016 և 2019 թվականների կառավարության ծրագրերը։ Հիշեցնենք, որ այդ թվականներին գործադիրը ղեկավարել են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը։ 

Ծրագրերի մանրամասն ուսումնասիրության արդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ հետհեղափոխական կառավարության ծրագրի մի շարք դրույթներ, այո, կրկնում են նախորդ իշխանությունների առաջ քաշած դրույթներին։ Իհարկե, որոշ խնդիրներ, ինչպիսիք են բանակի` կայուն բարոյահոգեբանական վիճակի ապահովումը կամ բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների բարելավումը, երկարատև լուծումներ են պահանջում։ Այդ պատճառով նման խնդիրների հաղթահարումը կարող է հայտնվել թե´ նախկին, թե´ ներկա կառավարության ծրագրերում։ Բայց դրանց լուծման հստակ քայլերի, գործողությունների պլանի և ժամկետների բացակայությունը նույնպես միանման է դարձնում նախկին և ներկա կառավարությունների ծրագրերը։

Մեկ տարբերություն․ հստակ քայլերի և ժամկետների բացակայությունը նախորդ կառավարությունների դեպքում չէր քննադատվում, ներկա կառավարության դեպքում՝ մեծ քննադատության արժանացավ։  

Առանձնացրել ենք մի քանի ոլորտներ՝ յուրաքանչյուրից 4-5 դրույթ։ Ձախ կողմում մեջբերել ենք նախորդ կառավարությունների (սկսած 2012-ից) ծրագրերից, իսկ աջ կողմում՝ նոր կառավարության (2019) ծրագրից հատվածներ։

Առաջարկում ենք ծանոթանալ ծրագրերից առանձնացված հատվածներին և անել սեփական եզրահանգումները։

Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը, սկսած Հովիկ Աբրահամյանի ժամանակաշրջանից մինչև Նիկոլ Փաշինյան, մշտապես խոստացել է տնտեսական աճի գրեթե նույն ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքի 5 տոկոսի սահմաններում։ 2014-2016թթ-ին Համաշխարհային բանկը նույնպես մեր երկրում 5 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել։ Չնայած դրան՝ 2014-ին այն կազմեց 3,5 տոկոս, 2015-ին՝ 3, իսկ 2016-ին՝ 0,2 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017 և 2018թթ-ին տնտեսական աճի ցուցանիշը բարձրացնել է համապատասխանաբար կազմելով ՀՆԱ-ի 7,5 և 5,8 տոկոսը։ 2019-2021թթ-ի համար Համաշխարհային բանկն ավելի ցածր ցուցանիշ է կանխատեսել՝ մնալով 3,5 տոկոսի սահմաններում: Միգուցե այդ է պատճառը, որ Փաշինյանի կառավարությունը, չնայած տնտեսական հեղափոխության մասին հավակնոտ հայտարարություններին, անփոփոխ է թողել տնտեսական աճի ցուցանիշը՝ խոստանալով պահպանել 5 տոկոսի սահմանը։   

Նախարարությունների միավորման և պետական աշխատատեղերի կրճատման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հաճախ քննադատության էին արժանանում։ Բայց նկատենք, որ պետական համակարգի օպտիմալացումն ընդգրկված է եղել թե Հովիկ Աբրահամյանի և թե Կարեն Կարապետյանի օրոք կազմված ծրագրերում։ Ավելին՝ պետական կառույցների միավորման և «կտրուկ կրճատումների» քաղաքականությունը Կարեն Կարապետյանն արդեն սկսել էր։

Հայաստանի կառավարությունը դեռ 2014թ-ից պլանավորել էր ստեղծել նորարարական տեխնոլոգիաները և ստարտափերը խրախուսող ազգային վենչուրային հիմնադրամ։ Թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի և թե Նիկոլ Փաշինյանի կառավարություններն այս կետն ընդգրկել էին ծրագրում, բայց ինչպես երևում է վերջին 5 տարիների կառավարումից, հիմնադրամը շարունակում է մնալ «ստեղծվելու» փուլում։

Արդար մրցակցային միջավայրի երաշխավորման ու մենաշնորհների դեմ պայքարի մասին կետն արծարծվել է Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունների ծրագրերում։ Հետհեղափոխական կառավարությունն այս թեմային ծրագրի մի ամբողջ գլուխ է նվիրել։ Եթե նախորդ կառավարությունների այս խոստմանը հանրությունը լուրջ չէր վերաբերվում, ապա Փաշինյանի կառավարությունից սպասելիքները մեծ են, քննադատությունը՝ պատրաստ։

Օտարերկրյա և սփյուռքահայ ներդրողները մշտապես եղել են կառավարության հետաքրքրության շրջանակներում՝ որպես տնտեսության խթանիչներից մեկը։ Ինչպես  հետաքրքրությունը, այնպես էլ ներդրողին գրավելու գործիքակազմը մնացել է նույնը։ «Մեկ կանգառ» և «Մեկ պատուհան» արտահայտությունն օգտագործվել է կառավարության ծրագրերում՝ սկսած դեռ 2014թ-ից։ Հետհեղափոխական կառավարությունը նույնպես որոշել է «Մեկ կանգառի» սկզբունքը կիրառել՝ օտարերկրյա ներդրողին օգնելու համար։

Պաշտպանություն

Հայաստանի թե նախկին և թե ներկայիս կառավարությունների ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին հատվածը։ Բարեփոխումների իրականացման հստակ քայլեր և ռազմավարություն, սակայն, չի նշվում։ 

Դիտարկված ծրագրերում անդրադարձ է արվում բանակում միջանձնային առողջ հարաբերությունների և կարգապահության հաստատմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը։

Նախկին և ներկայիս կառավարության ծրագրերն անդրադառնում են նաև Զինված ուժերում հաշվետվողականության բարձրացմանը։ Փաշինյանի ծրագրի այս կետում ավելացել է միայն «կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացում» արտահայտությունը։ Ի տարբերություն նախորդ ծրագրերի, որոնք կրկին չեն մատնանշում, թե ինչպես են իրագործելու այս նպատակը, ներկայիս կառավարությունը պատասխանել է այդ հարցին՝ նշելով, որ ներդնելու են «ռեսուրսների կառավարման մեխանիզմներ»։ Իսկ թե ինչ մեխանիզմներ, թողնված է ընթերցողի երևակայությանը։

Ուսումնասիրված ծրագրերում առկա է նաև այլ երկրների Զինված ուժերի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունների վերաբերյալ կետը։ Թե նախկին և թե ներկայիս կառավարությունները ցանկություն են հայտնում զարգացնել ռազմական գործընկերությունը՝ առանց նշելու, թե որ երկրների հետ։ Ներկայիս կառավարությունն այս կետը ձևակերպելիս ավելացրել է միայն, որ ռազմական համագործակցությունը պետք է բխի ազգային շահերից և պահպանի հավասարակշռություն՝ հիմնվելով առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա։

Թե նախկին և թե ներկա կառավարությունները ծրագրում ընդգրկել են «արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման» վերաբերյալ կետը։ Այս կետն, այո, գրեթե բառացի կրկնվում է նախորդ և ներկայիս իշխանությունների ծրագրում։ Այս նպատակը ներառում է կրթված, արհեստավարժ և մասնագիտական կարողություններով օժտված սերժանտների և կրտսեր հրամանատարական անձնակազմի համալրումը։ Ցավոք, ներկա և նախկին ծրագրերում կրկին բացակայում է «ինչպես» հարցի պատասխանը։

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական վիճակի բարելավման մասին անդրադարձ կա թե 2016-ի, և թե 2019-ի կառավարության ծրագրերում։ Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը ցանկություն է հայտնել զինծառայողների համար բարձրակարգ բուժօգնության ապահովել, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ ավելի հավակնոտ է՝ նախատեսելով ոչ միայն բժշկական օգնության, այլ նաև բնակարանային ապահովում։ Իրականացման հստակ քայլեր և գործողություններ այս դեպքում նույնպես չեն նշվում։  

Արտաքին պաշտպանության ոլորտում նախկին և ներկա կառավարությունների ծրագրերում կան նաև որոշ տարբերություններ։ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարևորել է զինվորական ծառայությունն ավարտողների վերաինտեգրումը և կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնումը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում այս կետերն առկա չեն։ Փոխարենը՝ նոր կառավարությունը կարևորել է Զինված ուժերը գերճշգրիտ հրթիռային համալիրով, ավտոմատացված և ռոբոտացված օդային համակարգերով համալրելը։

Տրանսպորտ

Ներկայիս կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ նախկին կառավարության քաղաքական գծին՝ տրանսպորտի կառավարման հարցում։ Դեռ 2016թ-ից ծրագրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակում, զննման կտրոնների փոխարինում էլեկտրոնային համակարգով։ Այս կետը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե բառացիորեն արտագրել է Կարեն Կարապետյանի ծրագրից։

Նույն կերպ արտագրվել է ծրագրի մեկ այլ կետ, որը վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնի տեղադրման վկայագրման գործընթացի կանոնակարգմանը։ Այս կետը գրեթե նույնությամբ ձևակերպված է 2016թ-ի կառավարության ծրագրում, ինչը նշանակում է, որ հասարակ կանոնակարգի մշակումը 3 տարուց ավելի է, ինչ մնացել է որպես զուտ ծրագրային դրույթ։

Տրանսպորտի ոլորտում ներկայիս կառավարության հաջորդ նպատակն է շարունակել հին կառավարության սկսած «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցի շինարարությունը։

Ինչպես նախորդ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գործադիրը նույնպես ծրագրում է ընդլայնել ավիաչվերթների աշխարհագրությունը, բայց թե ինչպես, չի մատնանշվում։

Բնապահպանություն

Ներկայիս գործադիրն այս ոլորտի վերաբերյալ ծրագիրը կազմելիս կրկին օգտվել է նախորդներից։ Թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի և թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունները ծրագրել են հանքարդյունաբերության ոլորտի ընթացակարգերի պարզեցում՝ ներդրողների համար։ Փաշինյանն ավելացրել է, սակայն, «բացահայտել ընդերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերին» կետը։ 

Որպես շարունակություն՝ Կարեն Կարապետյանի ծրագիրը նախատեսել էր բնական պաշարների վերականգնման և վերարտադրողության նկատմամբ վերահսկողության բարձրացում։ Այս առումով՝ Փաշինյանի ծրագրում առավել հստակ է սահմանվում հանքարդյունաբերության ռիսկերի կառավարման հատվածը՝ նշելով, որ կխթանեն հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների ներդնումը։

Անտառապատման, անտառավերականգնման ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարի մասին կետը նույն բովանդակությունն ունի 2014, 2016 և 2019թթ-ի ծրագրերում։

Սևանա լճի վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների կառավարումը նույնպես առկա է դիտարկված երեք տարիների ծրագրերում։

Հասարակության շրջանում բնապահպանական իրազեկման ու դաստիարակության բարձրացումն առաջ է քաշվել Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրում։ Նույնը տեղ է գտել նաև Փաշինյանի ծրագրում։

Առողջապահություն

Ծխելու դեմ պայքարի հստակ քայլեր է մշակել Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Ըստ 2016թ-ի ծրագրի՝ Կարապետյանը նախատեսել էր 3 ամսվա ընթացքում ծխելու դեմ պայքարի ազգային ծրագիր ընդունել, ինչը ենթադրում էր հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումներ։ Փաշինյանի ծրագրում այս մասին որևէ կետ չկա, բայց Կարապետյանի մշակած պլանը գործնականում իրականացրեց ներկայիս կառավարությունը։   

Բժշկական ապահովագրության համակարգի ներդնումը, սկսած Հովիկ Աբրահամյանի կառավարությունից մինչ օրս, մնում է գործադիրի մարտահրավերներից մեկը։

Տարիներ շարունակ չլուծված խնդիր է մնում Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդնումը և առողջապահական ոլորտի տվյալների թվայնացումը։ Ինչպես նախորդ, այդպես էլ ներկայիս կառավարությունները գրեթե նույն ձևակերպմամբ այս նպատակը ներառել են ծրագրերում։

Փաշինյանի կառավարությունը, շարունակելով նախորդներին, նույնպես ծրագրում է իրականացնել բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների բարելավում և բուժօգնության որակի բարձրացում։

Գյուղատնտեսություն

Փոքր հողակտորների համատեղ օգտագործումն ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը 2014թ-ից եղել է կառավարության ծրագրերում՝ որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման բաղադրիչներից մեկը։ 2019թ-ին այն շարունակում է մնալ կառավարության հիմնական նպատակներից մեկը։

Գյուղացու՝ գյուղատնտեսական գիտելիքների համալրումը տեղ է գտել Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում, իսկ Նիկոլ Փաշինյանի գործադիրը փոքր-ինչ նորաոճ է դարձրել ձևակերպումը՝ նպատակադրվելով ներդնել համակարգ, որի միջոցով գյուղատնտեսությամբ զբաղվողները ոչ միայն գիտելիք կստանան, այլև կկարողանան փոխանակել իրենց գիտելիքներն և փորձը։

Դեռ 2014թ-ից սկսած կառավարությունը սերմնաբուծության զարգացման նպատակով պետական աջակցություն է ցուցաբերում սերմարտադրողներին։ Նույնը կանի նաև ներկայիս կառավարությունը։

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առաջարկել է նոր ջրամբարների շինարարություն և առկա ենթակառուցվածքների արդիականացում։ Ներկայիս կառավարությունը ծրագրում ընդգրկել է ոռոգման ավելի նոր մեթոդների կիրառումը՝ ինչպիսիք են կաթիլային և անձրևային համակարգերի ներդնումը։

Փաշինյանի կառավարությունը նաև առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդնումը, ինչն ընդգրկված չի եղել նախորդ կառավարությունների ծրագրերում։

Էներգետիկա

Արդեն 5 տարի է, ինչ կառավարությունն ուզում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը։ Հայաստանի նոր կառավարությունն էլ անմասն չի մնացել այդ ցանկությունից։ Մնում է, որ ցանկություններն իրականություն դառնան։

Նույնկերպ, ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումն ու արդիականացումը Հայաստանի բոլոր ժամանակների կառավարության հարատև պլանն է։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու նախորդ կառավարությունների փորձը կշարունակի նաև ներկայիս գործադիրը։

Էներգիայի արտահանման նոր շուկաներ գտնելը, ինչպես նաև էներգետիկ անկախության ապահովումը կրկին այն մշտական մարտահրավերներից է, որ տեղ է գտել ուսումնասիրված բոլոր կառավարությունների ծրագրերում։

 

Նյութը պատրաստվել է «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter