HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվի կոմիտեի կոչը՝ հրապարակային գրվածքները հայերեն ձևավորելու մասին

Լեզվի կոմիտեն կոչ է հղել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին՝ հրապարակային գրվածքները հայերեն ձևավորելու վերաբերյալ, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։

Շատ տնտեսավարողների մտածողության մեջ արմատներ ձգած օտարամոլությունը նրանց դրդում է ամեն կերպ խուսափելու ցուցանակները և գովազդային վահանակները հայերեն ձևավորելուց: Նրանք նախապատվությունը տալիս են օտար լեզուներին։ Հատկապես մայրաքաղաք Երևանը հեղեղված է օտարալեզու հրապարակային գրվածքներով։ Վիճակն անհանդուրժելի է:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթը (4-րդ հոդված, «գ» կետ), որը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջում է «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն»։

Օրենքը թույլատրում է նաև օտար լեզուների գործածությունը՝ սահմանելով, որ հայերեն գրություններն անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել այլ լեզուներով։

Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Նկատի ունենալով այս ամենը և հանրապետությունում մեծաքանակ օտարատառ և օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունը՝ դիմում ենք.

ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հիշեցնելով պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներ՝ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար.

բ. ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին՝ կոչ անելով իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին։

Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի՝ ցուցանակը և գովազդը ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում (քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով):

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter