HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ռամբույեում փորձ է արվել հասնել կարգավորման միջանկյալ համաձայնագրի

«Բանակցային գործընթացը մահացած չէ»,-հավաստիացնում է Բեռնար Ֆասյեն

Առաջիկա շաբաթներին ղարաբաղյան կարգավորման հարցում սպասվում է ակտիվություն. Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 28-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Միացյալ նահանգների համար «մեծ նշանակություն ունեցող առանցքային դաշնակիցն ու կարեւոր գործընկերն է տարածաշրջանում, որը լուրջ ներդնում է ունենում Իրաքում, Աֆղանստանում եւ Կոսովոյում»:

Գահը հորից ժառանգելուց հետո սա կլինի Ալիեւ կրտսերի առաջին հանդիպումը Բուշ կրտսերի հետ: Բնականաբար, բանակցությունների առանցքային թեմաներից կլինի նաեւ Ղարաբաղը: Նկատենք, որ նախագահության 8 տարիների ընթացքում Հայաստանի նախագահը չի արժանացել Բուշի ընդունելությանը, բացառությամբ 2001թ. ապրիլյան 15-րոպեանոց զրույցի, երբ Բուշը Քի Վեսթի բանակցություններից հետո Սպիտակ տանն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին:

Ապրիլի 18-ին Բաքու եւ Երեւան կժամանի Սթիվեն Մանը: Սա կլինի վերջին մեկ ամսվա ընթացքում նրա արդեն երկրորդ այցը, ընդ որում՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներից առանձին: Իսկ ապրիլի 10-13-ը Բաքու եւ Երեւան այցելեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Ռուսաստանն անհավասար դիրքում չի՞ հայտնվում, երբ տարածաշրջան են այցելում ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները։ Մեր այս հարցին ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Մոսկվայից պատասխանեց. «Բացարձակապես այդպես չեմ կարծում, ես ամբողջությամբ վստահում եմ իմ գործընկերներին։ Ավելին՝ ես չեմ պատրաստվում գալ տարածաշրջան, որովհետեւ ապրիլի 21-ին Մոսկվայում հանդիպելու եմ Հայաստանի արտգործնախարարի հետ»։ Մերզլյակովը պնդեց, որ համանախագահների միջեւ հակասություններ չկան, նրանք աշխատում են միասնական թիմով։ «Ռամբույեն երեք համանախագահների համատեղ աշխատանքն է։ Մեր խոհանոցն այս պահին պատրաստ չեմ ձեր առաջ բացել»,- ասաց ռուս դիվանագետը։

Ի տարբերություն Մերզլյակովի, նրա ֆրանսիացի գործընկեր Ֆասյեն Երեւանում մոտավոր բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարին Ռամբույեում: «Անշուշտ, տեղի չունեցավ այն, ինչի մասին հույս էին տածում երեք համանախագահները: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տեղի ունեցավ, կասեմ այսպես. նախքան Ռամբույեն, ունեինք կիսով չափ լիքը բաժակ: Հույս ունեինք Ռամբույեում այդ բաժակը մի փոքր ավելի լցված տեսնել: Իհարկե, մենք գիտակցում էինք, որ միանգամից այն լցնել հնարավոր չի լինելու, բայց, հույս ունեինք այն լցնել կեսից մի փոքր ավելի: Իրականում, մեզ չհաջողվեց կեսից ավելին լցնել, բայց կիսով չափ լեցուն բաժակը շուռ չեկավ: Բանակցային գործընթացը շարունակվում է, բանակցային գործընթացը մահացած չէ»,-ապրիլի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Ֆասյեն:

Ֆրանսիացի դիվանագետը հերքեց բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխման հնարավորությունը, մյուս կողմից նկատելով, որ խոսք կարող է գնալ բանակցությունների ձեւաչափի ադապտացման մասին: Ի՞նչ է նշանակում «ձեւաչափի ադապտացիա»: Համանախագահներին այլեւս չի գոհացնում իրենց առաքելության արդյունքները. «Խոսքը չի գնում բանակցային ձեւաչափի փոփոխման մասին: Պրահայի գործընթացը շարունակվում է: Մենք ընդամենը ուզում ենք մանրամասնել որոշ հարցեր եւ հարստացնել այն, ինչ արդեն ձեռք է բերվել»:

Ֆասյեն տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միջնորդներին խնդրել են ընդարձակել մինչ այսօր մշակած սկզբունքները: Նա ասաց, որ մայիսի սկզբին համանախագահները նախատեսում են համատեղ այցելել տարածաշրջան եւ հակամարտության կողմերին ներկայացնել «որոշակի նոր գաղափարներ»: Բացի այդ, Ֆասյեի խոսքերից հասկացվեց, որ Ռամբույեում միջնորդները աշխատել են ոչ թե հակամարտության կարգավորման վերջնական, այլ միջանկյալ կամ շրջանակային փաստաթղթի վրա: «Հենց դա էր, որ մենք փորձեցինք անել Ռամբույեում՝ բազային որոշակի սկզբունքների վրա ինչ որ մի համաձայնության հասնել: Բազային սկզբունքները ընդունվելու դեպքում, շրջանակային պայմանագրի խմբագրումը ավելի հեշտ կլինի»,-ասաց նա: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, պետք է «աստիճանական գործընթացի արդյունքում կայանա եւ մենք այս հեռանկարի մեջ ենք»:

Մամուլի ասուլիսում Ֆասյեն ակնարկեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոր հանդիպում անցկացնելու հույսերը խիստ նվազ են: «Մենք ուզում ենք ստեղծել հնարավորություններ երկու երկրների նախագահների հանդիպման համար, այսօր չեմ կարող ասել այդ հանդիպման ամսաթիվը եւ վայրը, քանի որ ոչինչ որոշված չէ: Եթե հնարավոր լինի նման հանդիպում անցկացնել հունիսին, լավ կլինի, եթե ոչ, ապա հուսանք՝ հուլիսին»,- ասաց նա, հավելելով. «Եթե նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը ցանկանում են կիսով չափ լիքը բաժակը լցնել, նրանց միջեւ հանդիպում կկայանա»:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ապրիլի 7-ին մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը Ռամբույեում մոտ են եղել կարգավորմանը: «Ցավոք, տարբեր պատճառներով հնարավոր չեղավ հասնել համաձայնության, բայց բանակցությունները շարունակվում են: Ես ունեմ զգուշավոր լավատեսություն, կարգավորման հնարավորություններ դեռ կան»,-ասաց նա:

Սեմնեբին Ալիեւի եւ Քոչարյանի հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ նախագահները չեն խաղում ժամանակի հետ եւ փորձում են լուծում գտնել ղարաբաղյան խնդրին։ «Ես կարծում եմ, որ խոսքը պատմական պատասխանատվության մասին է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ունեն նման հնարավորություն, եւ ես հուսով եմ, որ նրանք օգտագործելու են այդ հնարավորությունը՝ հանուն իրենց երկրների եւ ժողովուրդների, հանուն տարածաշրջանի: Դա դժվար քայլ է, որովհետեւ բարդ հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերից յուրաքանչյուրը զիջում է իր պահանջներից եւ սպասումներից»,-ասաց Սեմնեբին:

Հայաստանի իշխանությունները դեմ չեն փոխզիջումներին, սակայն մյուս կողմից՝ ինչպես իր վերջին մամուլի ասուլիսում' ապրիլի 6-ին պնդեց Վարդան Օսկանյանը՝ «մենք արել ենք հնարավոր զիջումները եւ այլեւս տեղ չունենք»: Ի դեպ, եւ Ֆասյեն, եւ Մերզլյակովը նկատում են, որ հակամարտության կողմերը չպետք է ակնկալեն, որ բանակցություններում կարող են ստանալ 100 տոկոսանոց արդյունք կամ կողմերից մեկի ցանկությունները հաշվի առնվեն 80 տոկոսով, մյուսինը' 20: Նրանց ասելով՝ հիսուն հիսունը կլիներ լավագույն տարբերակը:

Սակայն Բաքուն, գոնե հրապարակավ, համաձայն չէ լուրջ զիջումների: Կարելի՞ է, օրինակ, համաձայնել ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների 50 կամ 80 տոկոս վերադարձին: Նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Նովրուզ Մամեդովը ապրիլի 14-ին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանն ասել է, որ Ադրբեջանի համար դա ոչ մի կերպ ձեռնտու չէ: Մամեդովը նշել է, որ միջնորդներն անում են առաջարկություններ' ելնելով իրենց իսկ դատողություններից. «Նույնիսկ համնախագահների կարծիքներն իրար հետ չեն համընկնում: Մեզ համար խնդիր է գրավյալ տարածքների ազատագրումը, փախստականների եւ տեղահանվածների վերադարձը եւ միջազգային իրավական նորմերի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը»:

Ստեփանակերտում, որին Երեւանը հետեւողականորեն զրկում է ձայնի իրավունքից, եւս կարծում են, որ համանախագահների տեսակետները չեն համընկնում: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատում է. «Խնդրի չկարգավորվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ինքը միասնական վերաբերմունք չունի: Իմ կարծիքով՝ դա ակնհայտ իրողություն է նաեւ համանախագահների համար: Այսինքն՝ միջազգայնորեն չկա ԼՂ խնդրի կարգավորման գիտակցված անհրաժեշտություն եւ այդ անհրաժեշտությունից բխող ծրագիր եւ ծրագրի իրականացման մեխանիզմներ: Այսօր Մինսկի խումբն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ առաջնորդվում էր ԽՍՀՄ Կենտկոմի քաղբյուրոն՝ դուք գտեք փոխզիջումների սահմանը, մենք կերաշխավորենք այդ փոխզիջումները: Նման բան շատ դժվար է իրողություն դարձնել, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է պատերազմով սպառնալ»:

Բերնար Ֆասյեն Երեւանում մի քանի անգամ կրկնեց, որ «ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»: « Խաղաղությանն այլընտրանք չկա: Ռամբույեից հետո շփման գծում եղել են զոհեր: Մենք պետք է ասենք եւ կրկնենք երկու կողմերին, որ ոչ մի դեպքում պատերազմը լուծում չի կարող լինել: Պատերազմը կլինի երկու երկրների համար էլ տարբերակներից վատթարագույնը: Եթե ծագում է նոր պատերազմ, սա նշանակում է երկու երկրների համար նոր զոհեր, նոր կորուսյալ զավակներով մայրեր, նոր որբեր, նոր ավերածություններ, նոր փախստականներ»,-ասաց նա:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքերը թերեւս ավելի շատ ուղղված էին Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանություններն են ամեն առիթով սպառնում պատերազմել Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, եթե հակամարտությունը չկարգավորվի իրենց համար շահեկան տարբերակով: Հենց Ֆասյեի Բաքվում գտնվելու օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից Ալի Հասանովը ասել էր, որ «եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը աչք են փակում օկուպացիայի վրա, ապա դա նշանակում է, որ մենք պետք է արդարություն փնտրենք ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբում, այլ' ուրիշ տեղ»:

«Մենք ձգտում ենք, որպեսզի գործը չհասնի հակամարտության ռազմական լուծման: Մենք հույս ունենք խնդիրը կարգավորել բանակցությունների ճանապարհով, հասկանում ենք պատերազմի աղետներն ու ավերածությունները, սակայն Ադրբեջանը չի կարող հաշտվել իր հողերի օկուպացիայի հետ: Ուստի' անհրաժեշտության դեպքում, մենք տարածքների ազատագրման համար կծախսենք ոչ միայն նավթային եկամուտները, այլեւ երկրի ողջ հարստությունը»,-սպառնացել էր Հասանովը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այս դեպքում ենթադրաբար այլ հասցե ունեին: Միացյալ նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն անցնող շաբաթ հայտարարել էր, որ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը չպետք է եկամուտներ ակնկալի նավթի եւ գազի արտահանումից։

«Ադրբեջանը մեծ գումարներ է ակնկալում նավթի եւ գազի արտահանումից, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե լինի խաղաղություն: Եթե լինի պատերազմ, ապա փող չի լինի: Սա պա՞րզ է: Պարզապես հայացք գցեք քարտեզին: Դուք գիտեք, ինչի մասին եմ խոսում»,-ասել էր պետքարտուղարի տեղակալը' պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: Ֆրիդը նաեւ նշել էր, որ «նավթային եւ գազային փողերը Ադրբեջանին ոչ մի լավ բան չեն բերի, եթե դրանք չծախսվեն խելամտորեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter