HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանում պարենի կորուստների ու թափոնների ծավալի կրճատմանը

Այսօր աշխատաժողով էր կազմակերպվել՝ քննարկելու Հայաստանում պարենի կորուստների եւ թափոնների առաջացման կանխարգելման ու ծավալների կրճատման ռազմավարական ճանապարհային քարտեզը, որը մշակվել էր մասնակիցներից ստացված առաջարկությունների եւ դաշտային ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) մամուլի հաղորդագրությունում:

Աշխատաժողովը մաս է կազմում ՊԳԿ մի ծրագրի, որը նպաստում է պարենի կորուստների եւ թափոնների ծավալների կրճատմանը Հայաստանում, Ալբանիայում, Մոլդովայում եւ Մակեդոնիայում։ Այս բարձրագույն նպատակին հասնելը կնվազեցնի կլիմայի փոփոխության մեջ Հայաստանի մասնաբաժինը եւ արտադրության ընդլայնման նպատակով ճնշումը երկրի պարենային համակարգի նկատմամբ։

Հայաստանում, ինչպես մնացած բոլոր երկրներում, պարենի կորուստները եւ թափոնները զգալիորեն ավելացնում են ջերմոցային գազերի արտանետումները եւ խորացնում կլիմայի փոփոխությունը՝ սննդամթերքի արտադրության, վերամշակման ու մատակարարման ժամանակ,  պարենի խոտանման և դեն նետման արդյունքում։

Ծրագիրը Հայաստանին օժանդակում է պարենի կորուստների եւ թափոնների ծավալի կրճատման նպատակով ազգային ռազմավարության մշակման ու իրականացման գործում, որը հարմարեցված կլինի  երկրի առանձնահատուկ կարիքներին եւ կհամապատասխանեն գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման եւ գոյություն ունեցող այլ ազգային ռազմավարություններին ու քաղաքականություններին։

Այդ կորուստները եւ թափոնները պարենային արժեշղթաների անարդյունավետության պատճառով հետեւանքներ են ունենում Հայաստանում պարենային ապրանքների արտադրության ոլորտի եւ սննդի ու սնուցման անվտանգության վրա։ Դրանք հանգեցնում են միկրոտարրերով հարուստ սննդամթերքի, օրինակ՝ մրգերի ու բանջարեղենի առաջարկի նվազման, փոքր ֆերմերային տնտեսությունների եկամուտների կրճատման, որոնք գյուղատնտեսական մթերքների հիմնական արտադրողներն են, ինչպես նաեւ սննդամթերքի գների աճի, ինչն բացասական ազդեցություն է ունենում սպառողների վրա։

Ըստ Ռոբերտ վան Օտերդեյքի, որը ՊԳԿ ագրոարդյունաբերության հարցերով պատասխանատուներից է, Հայաստանում հասցեագրման կարիք ունեցող ամենասուր խնդիրները պարենի կորուստների եւ թափոնների վերաբերյալ ճշգրիտ տվյալների պակասն է, անտեղյակությունը խնդրի բարդությունից, դրա ներգործությունից, պատճառներից ու արժեշղթաների մասնակիցների, սպառողների, ծառայություն մատուցողների եւ շրջակա միջավայրի վրա թողած հետևանքներից։ «Վերհանված խնդիրների թվում են պարենի կորուստների եւ թափոնների ծավալի կրճատմանն ուղղված ջանքերի ասպարեզում թերի համագործակցությունն ու գործողությունների համակարգումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ազդեցություններին համարժեք ձեւով արձագանքման պատշաճ մեխանիզմների բացակայությունը», - նշեց վան Օտերդեյքը։

Ծրագրի իրականացման ընթացքում ՊԳԿ-ն գնահատել է պարենի կորուստների եւ թափոնների իրավիճակը սննդամթերքի մատակարարման ընտրովի շղթաներում, հարցազրույցներ է անցկացրել ֆերմերների, ներգրավված վերամշակողների եւ մանրածախ առեւտրով զբաղվողների հետ՝ հասկանալու համար այս կորուստների պատճառներն ու ներազդեցությունները։

«Ինչպես այլ համալիր, բազմակողմ խնդիրների դեպքում՝ պարենի կորուստների եւ թափոնների դեմ պայքարը պահանջում է սննդամթերքի առաջարկի շղթայի բոլոր դերակատարների մինչեւ լայն համագործակցություն՝ խնդիրն արդյունավետ կերպով  վերհանելու, չափելու, հասկանալու եւ դրան լուծումներ գտնելու նպատակով», - ընդգծեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։ «Այսօր կայացած աշխատաժողովը բոլոր գործընկերներին հնարավորություն է տալիս համաձայնության գալու պարենի կորուստների եւ թափոնների ծավալի նվազեցման վերաբերյալ մի համատեղելի ռազմավարական մոտեցման շուրջ»։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում պարենի կորուստների մասշտաբները, պատճառներն ու ներազդեցությունները։ Մասնակիցների թվում էին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների, ակադեմիական շրջանակների, մասնագիտական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովի ժամանակ  Հայաստանում պարենի կորուստների եւ թափոնների կանխարգելման ու կրճատման ռազմավարական ճանապարհային քարտեզը հաստատվեց մասնակիցների կողմից։

Հետագայում կմեկնարկի հաղորդակցության եւ իրազեկության ընդլայնման մարզային քարոզարշավ, ինչպես նաեւ կստեղծվի պարենի կորուստների եւ թափոնների ծավալի կրճատման հարցում ակտիվ հասարակական ու մասնավոր կառույցների մարզային ցանց։ Երկուսն էլ ուղղված կլինեն տեղեկությունների տարածման ու ռեսուրսների համատեղ օգտագործման բարելավմանը, ինչպես նաեւ հիմնախնդրի լուծման շուրջ համագործակցության հաստատմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter