HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստոսի հարության եւ ձու կռվեցնելու տոնը

«Սիրում եմ Զատիկը, որովհետեւ այն Քրիստոսի հարության եւ ձու կռվացնելու տոնն է: Զատիկից մի օր առաջ ձուն դնում եմ սառնարան, այն լավ սառում է ու ամրանում, հաջորդ օրը այդ սառած ձվով հաղթում եմ բոլորին, մի տարի էլ փայտե ձվով եմ հաղթել»,-ժպտալով պատմում է տասներկուամյա Վիլեն Դանիելյանը։

Երեկ' ապրիլի 16-ին, հայերը տոնում էին Սուրբ Զատիկը: Այդ օրն իրար հանդիպելիս մարդիկ ասում են. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Եվ հնչում է պատասխանը. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Ըստ հայ եկեղեցու Առաքելական կանոնների 8-րդ հոդվածի՝ պետք է «քառասուն օր պաս պահվի, եւ ապա տոնվի Զատիկը կամ Քրիստոսի Հարությունը»։

Զատիկը նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը եւ տոնվում մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Շաբաթ երեկոյան Զատկի՝ Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, «երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, ավարտվում է յոթ շաբաթ տեւած Մեծ Պահքը։ Յուրաքանչյուրը մոմ է վառում, ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ հրաժեշտ տալիս Պահքին»։

Դեռեւս քրիստոնեության վաղ շրջանում ձուն եւ դրանից պատրաստված կերակուրները կենտրոնական տեղ էին զբաղեցնում զատկական ուտեստի ընդհանուր համալի֊րում, այն անմիջականորեն առնչվում էր տոնի ծիսական գաղափարախոսության հետ։

«Ձուն ամենազանգվածային, ամենասիրված խաղի առարկան էր եւ նվիրատվության գլխավոր օբյեկտը։ Նշանված երիտասարդները ներկած ձու էին նվիրում հարսնացուներին։ Սյունիքում այդ երիտասարդների ընտանիքներից մի գառ, վզից մի քանի կարմիր ձվեր կապած, մրգերով եւ օղիով ուղարկում էին հարսնացուների տները: Ձուն մեծամասամբ ներկում էին ավագ շաբաթ օրը կամ կիրակի վաղ առավոտյան, իսկ երբեմն՝ նաեւ ավագ չորեքշաբթի եւ ուրբաթ, հիմնականում ներկում էին կարմիր, ինչպես նաեւ դեղին, կանաչ, կապույտ եւ այլ գույներով։ Ձուն հաճախ եփում էին պղնձե ամանի մեջ՝ նախօրոք դրա մեջ դնելով սոխի կճեպներ։ Եփելուց առաջ կապում էին թելերով, կապին յուրատիպ ձեւ տալով՝ ձուն ծաղկանման գեղեցիկ նախշեր էր ստանում»,-պատմում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սամվել Մկրտչյանը։

Թռչնագրիպի շուրջ ծայր առած քարոզարշավն ամենեւին չի ազդել հայերի' Զատկի տոնին ձու ներկելու հաճելի սովորության վրա, որն իսկական արարողության է վերածվել:

«Երբ նոր էին սկսել պտտվել թռչնագրիպի մասին լուրերը, թերեւս, մտավախություն կար գնորդների շրջանում, խուսափում էին հավ եւ ձու գնել, բայց դա շատ կարճ տեւեց։ Իսկ Զատիկի համար ձու գնում են այնպես, ինչպես ամեն տարի»,-ասում է «Գիգա» սուպերմարկետի աշխատակցուհին։ «Ձվի պահանջարկը մեծացել է, երկու օր է առաքիչները չեն հասցնում մեզ բավարար քանակությամբ ձու մատակարարել»,-անհանգստացած էր «Մարինե» մթերային խանութի վաճառողուհի Նարինե Մխիթարյանը։ «Մալաթիա» սուպերմարկետում, «Արագած», «Լեդի Նելլի» եւ մի քանի այլ մթերային խանութներում մենք ստացանք նույնատիպ պատասխաններ։ Թռչնագրիպի նկատմամբ վախը չի ազդել Զատիկին նախապատրաստվող հայ տնային տնտեսուհիների վրա։

Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հավաստմամբ՝ ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից «մարդեղացյալ Աստվածորդին» հարություն առավ։

Եկեղեցու վարդապետ սուրբ Գրիգոր Տաթեւացին 14-րդ դարում ձուն կարմիր ներկելու մասին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Զատկին կարմիր ձու ենք ներկում, եւ դրա խորհուրդն այն է, որ ձուն օրինակն է աշխարհի եւ, ինչպես որ իմաստուններն են ասում, դրսի կեղեւը նման էր երկնքին, մզղաձեւը' օդին եւ սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է։ Իսկ կարմիր ներկը նշանակում է, թե ողջ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ։ Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռների մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը։ Սրա համար է, որ նախ' կարմիր ձու ենք ուտում, եւ հետո' ուրիշ կերակուրներ»։

Զատկին ձու կռվեցնում են գրեթե բոլորը, սակայն ամենից շատ երեխաներն են սիրում այս տոնը: Նրանք գտնում են զանազան հնարքներ ձվակռվում հաղթելու համար: Ձուն կռվեցնում են երկու կողմերով։ Սովորաբար, նախքան կռվեցնելը, ձվերը ատամներին թեթեւակի խփելով' ստուգում են դրանց ամրությունը: Հաղթող է համարվում նա, ում ձուն ջարդում է հակառակորդինը։

Ինչպես այժմ, հնում էլ կենցաղում մեծ տարածում ունեին զատկական ձվախաղերը։ Կային ձվախաղերի տասնյակ ձեւեր: Այդ խաղերից ամենատարածվածը, ըստ Սամվել Մկրտչյանի, ձուկոտրոցին էր, բայց պահպանվել էին նաեւ ձուգլդորիկը, ձվարշավը, ձուպտտոցին եւ ձուսեղմոցին: Խաղեր էին կազմակերպում նաեւ ձուն գլորելու, նշան դնելու, թաքցնելու եւ այլ միջոցներով։

«Լոռի-Գուգարքում այդ ձվախաղերը կոչվում էին «կրկտանուկի», «ձվի կրկտի» եւ «թոլանուկի», «թոլանկի»։ Ջավախքում, միմյանց Զատիկը շնորհավորելուց հետո, երեխաներն ու երիտասարդները հավաքվում էին տանիքների վրա եւ ձու կռվեցնում։ Տարածված խաղերից էր նաեւ գոտի լախտին։ Զանգեզուրում, երբ քահանան «այսօր յարեավ ի մեռելոց» շարականն էր երգում, երեխաները ճռռան էին խաղում։ Մեծ ու փոքր, տղամարդ եւ կին զուռնադհոլի ուղեկցությամբ երգում էին, պարում, երիտասարդները կոխ էին բռնում: Լոռիում ամեն թաղ իր համար փահլեւան էր ընտրում, որոնք նաեւ կոխի մրցույթներ էին կազմակերպում։ Յուրաքանչյուրը, սովորաբար, խաղում էր իր հասակակցի հետ»,-պատմում է Ս. Մկրտչյանը։

Զատկի ծիսակարգի գլխավոր բաղադրիչներից է մեռելոցը (ննջեցյալների հիշատակի օր), որն ամենուր, աննշան բացառությամբ, տեղի է ունենում տոնի հաջորդ երկուշաբթի օրը։

Հնում զատկական ծիսաշարում տարածված էին հմայական բնույթի հավատալիքները: Ասում էին, որ Զատկի օրը միշտ բախտ են բաժանում, եւ ով որ ցերեկը քնի, նա կզրկվի իր բաժին բախտից։ Հավատում էին նաեւ, որ այդ օրը ծնված երեխան իմաստուն է լինելու եւ իր եղունգին նայելով' կարող է գուշակություններ անել։

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter