HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները դատարանում վիճարկում են Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասնակցությամբ գործը վերաբացելու որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, փետրվարի 27-ին քննվում էր Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և այլ անձանց վերաբերյալ գործը վերաբացելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը:

Ըստ պաշտպանների՝ գործի վերաբացման հիմքեր չկան. այն տվյալները, որոնց հիման վրա գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացելու որոշում է կայացվել, քննություն իրականացնող մարմնին հայտնի են եղել նաև մինչև կարճման որոշում կայացնելը, բաց են թողնվել նաև գործի վերաբացման համար սահմանված ժամկետները, ուստի վերաբացմամբ խախտվում է դրանում ներգրավված անձանց կրկնակի քրեական հետապնդման չենթարկվելու իրավունքը:

Նշենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա մասնակցությամբ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է կարճման որոշումը, սակայն 2018 թվականի հունիսի 7-ին, այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր եղել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է կարճման, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը: Այժմ գործի նախաքննությունը շարունակվել է:

Ըստ մեղադրանքի՝ «Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք Համբարձումյանն իր բանկային հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Հարությունյանի մտերիմն, ում մասին խոսվում է, ամենայն հավանականությամբ գործով մեղադրյալ Սուրեն Ավագյանն է, ով մեղադրվում է Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ: Ավագյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանն այս պահին գտնվում են հետախուզման մեջ:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարն, ըստ մեղադրանքի, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին»: Ըստ գործի նյութերի 8 մլն դրամ գումարը փոխանցվել է գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանին, ապա` այլ ֆիզիկական անձանց հաշվեհամարներին:

Մինչև գործի կարճման որոշումը Գլխավոր դատախազությունը Արաբական միացյալ Էմիրություններ հարցում է ուղարկել՝ պարզելու համար այնտեղ գրանցված հաշվեհամարներին փոխանցված գումարների շարժը, այն անձանց տվյալները, որոնց անուններով փոխանցվել են այդ գումարները, սակայն տևական ժամանակ Էմիրություններից պատասխան չի ստացվել:

 2017 թվականի նոյեմբերի 28-ին Դատախազությունն Արաբական էմիրություններից հարցման պատասխան է ստացել, որից պարզ է դարձել, որ գործով հետաքրքրություն ներկայացնող հաշվեհամարներից մեկը գրանցված է Արաքս Դիլանյանի անունով:

Վերջինիս անվանբ գրանցված հաշվեհամարն, ինչպես պարզվել է, բացվել է 2006 թվականին և փակվել 2017-ին: Դիլանյանի հաշվեհամարին փոխանցված գումարն, ինչպես հայտնել են Արաբական էմիրություններից, փոխանցվել է Աբու Դաբիի բանկում գրանցված երեք ֆիզիկական անձանց հաշվեհամարներին՝ Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին և Վիկտոր Մարտիրոսյանին:

Արաբական միացյալ Էմիրություններից պատասխան ստանալուց հետո ստուգողական վարույթ է սկսվել և 2018 թվականի մարտին որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթը կարճել:

2018 թվականի մայիսի 18-ին, սակայն, Սիլվա Համբարձումյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել,  և դրանից հետո է, որ Գլխավոր դատախազը գործի կարճման որոշումը վերացրել է:

Արաքս Դիլանյանի պաշտպաններից Ավետիք Կարապետյանը դատարանում այսօր կարծիք հայտնեց, որ ստացվում է, որ Արաքս Դիլանյանը, ով արդարացվածի կարգավիճակ ունի, հայտնվում է անվերջանալի քրեական հետապնդման վիճակում:

Ըստ Ավետիք Կարապետյանի`փաստաբանի տվյալները, որոնց հիման վրա քրեական գործը վերաբացվել է, հայտնի են եղել քննությունն իրականացնող մարմնին, այս ուղղությամբ քննություն է կատարվել և ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել անձի մեղավորության մասին եզրակացություն իրականացնելու համար:

 «Կարող էին 2017-ին գործի կարճման որոշում չկայացնել, այլ սպասել Արաբական էմիրություններ ուղարկված  հարցման պատասխանը ստանալուն: Իսկ եթե վաղաժամ որոշում են կայացրել, ապա իրենք պետք է կրեն դրա բացասական հետևանքները»,- ասաց Ավետիք Կարապետյանը:

Դիլանյանի մյուս պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ քրեական գործը կարճելու վերաբերյալ բոլոր բողոքարկումները տեղի են ունեցել 2017 թվականի փետրվար ամսին, և Գլխավոր դատախազությունն իրավասու չէր 2018 թվականի հունիսին վերացնել 2017 թվականի փետրվարին քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Գործով մեղադրյալ Վիտոր Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ Դատախազությունը կամայական մոտեցում է ցուցաբերել՝ գործի վերաբացման որոշում կայացնելով:

Անանյանը նշեց, որ ցանկացած տվյալ չէ, որ նոր երևան եկած հանգամանք է: Պաշտպանը նկատեց՝ քննություն իրականացնող մարմինն այնքան կարևորություն չի տվել Արաբական էմիրություններից սպասվելիք հարցման պատասխանին, որ առանց այն ստանալու գործը կարճելու որոշում է կայացրել:

Ստացված նյութերն, ըստ Անանյանի, չեն կարող հիմք ծառայել կարճված քրեական գործի վարույթը նորոգելու համար:

Արամ Հարությունյանի և Սուրեն Ավագյանի պաշտպան Կարեն Հակոբյանն անթույլատրելի համարեց անձանց նկատմամբ քրեական հետապնդումը միայն այն պատճառով, որ երկրում «իրավիճակ է փոխվել»:

Հակոբյանն ընդգծեց. Սիլվա Համբարձումյանի կողմից ներկայացված բողոքը քննվել  է կայծակնային արագությամբ:

Գործով դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ 2017 թվականի փետրվար ամսին, երբ գործի վարույթը կարճելու որոշում է կայացվել, դրանում եղել է Սիլվա Համվարձումյանի ցուցմունքը և մի կտրոն, որը չէր կարելի ապացուցել, որ Արաքս Դիլանյանի հաշվեհամարին գումար է փոխանցվել և որ դա եղել է գործով հետաքրքրություն ներկայացնող գումարը:

«Տարիներով պիտի անձին պահեինք մեղադրյալի կարգավիճակում և սպասեինք՝ արդյոք Էմիրություններից կստացվի հարցման պատասխան, թե ոչ»,- հարց տվեց  Պետրոսյանն ու նշեց, որ 2017-ին ստեղծված իրավիճակում քրեական գործի կարճման որոշումը եղել է  ամենաարդար և օրինական որոշումը:

2017-ի նոյեմբերին, ըստ Հայկ Պետրոսյանի, անակնկալ կերպով ստացվել է Արաբական էմիրություններից պատասխան, որ գումարները փոխանցվել են երեք անձանց անուններով:

Հայկ Պետրոսյանը նշեց նաև, որ երբ Սիլվա Համբարձումյանը տեղեկացել է գործի վարույթի կարճման մասին, բողոքարկել է որոշումն ու օրենքով սահմանված կարգով կայացվել է վարույթը վերսկսելու վերաբերյալ որոշում:

Նիստը հետաձգվեց, և կշարունակվի մարտի 12-ին: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter