HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գ. Պետրոսյանն ամիսներ շարունակ չի կարողանում իր թոշակը ստանալ․ նախարարությունից ասում են՝ սպասում են ԱԱԾ-ի պատասխանին

64-ամյա Գրիգորի Պետրոսյանը 2017 թ.-ին թոշակի է անցել։ Նա ունի 19 տարվա աշխատանքային ստաժ և ստանում է 28 հազար ՀՀ դրամ թոշակ։

Սրտի վիրահատության պատճառով թոշակ ստանալու լիազորագիր է գրել իր կնոջ անունով։ Մեկ տարի թոշակը ստացել է կինը։ Լիազորագրի ժամկետը լրացել է 2018 թ. մարտին, որից հետո մինչ օրս նա թոշակ չի կարողանում ստանալ:

Գրիգորի Պետրոսյանն ասում է, որ սոցիալական ծառայությունից կամ փոստային բաժանմունքից իրեն երբևէ չեն զգուշացրել, որ ուրիշի անունով պետք է վերաձևակերպի թոշակը, կամ որ գումարը կարող է դեպոնենտ ընկնել (ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող դրամական միջոցներ, որոնք ժամանակավորապես պահվում են հիմնարկությունում):

«Ես գնացի մայիս ամսին, որ ստանամ, պոչտայում ասեցին՝ փող չկա,- ասում է Գ. Պետրոսյանը:- Ամառը չգնացի, որովհետև շոգ էր, առողջական խնդիր ունեի, տնից դուրս չէի գալիս։ Հետո մտածեցի՝ կկուտակվի, կգնամ, կստանամ»։

Հոկտեմբերի 31-ին Գ․ Պետրոսյանը դիմել է Սոցիալական ապահովության ծառայության Արաբկիրի տարածքային բաժին՝ հայտարարություն տալով կենսաթոշակ չստանալու մասին, ինչպես նաև՝ խնդրել վերսկսել իր թոշակի տրամադրման գործընթացը՝ տեղեկացնելով, որ այլ երկրներից կենսաթոշակ չի ստանում։

«Քանի որ աղջիկս պլաստիկ քարտից օգտվում է, որ հերթ չկանգնի, հաշիվ տարա, որ քարտի վրա փոխանցեն,- պատմում է Գ. Պետրոսյանը:- Մեր տեղամասի ծառայությունից ասեցին՝ խնդիր չկա։ Գնացի «Հայէկոնոմբանկ», տվյալները բերեցի, տվեցի, որ փոխանցեն քարտի վրա։ Աղիջկս էլ գնում ա՝ պապա գումար չկա, պապա գումար չկա»։

2018 թ. նոյեմբերի 7-ին Արաբկիրի տարածքային բաժնից Գ. Պետրոսյանին պատասխանել են, որ «գործն ընթացքի մեջ է, և վճարման վերսկսման վերաբերալ որոշում կկայացվի մեր կողմից Ծառայությանն ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո»։

Գ. Պետրոսյանը չգիտի՝ ինչ ծառայության մասին է խոսքը. աղջկան էլ վերջին անգամ հայտնել են. «Գնացեք Նալբանդյանի վրա գտնվող ծառայություն»։

«Նալբանդյանի վրա ի՞նչ ծառայություն է գտնվում»,- հարցնում է Գրիգորի Պետրոսյանը։

Այս գրությունից հետո Գրիգորի Պետրոսյանն այլևս որևէ պատասխան չի ստացել:  

Վերջին անգամ փետրվարի 5-ին է գնացել Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին, սակայն բանավոր նորից հայտնել են՝ դեռ պատասխանի են սպասում:

«Ես պատճառը չեմ կարողանում հասկանալ՝ ինչի չեն տալիս։ Իրենք ինձ պատասխանում են՝ «Ծառայությանն ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո», ի՞նչ ծառայություն է դա, կամ նոյեմբերից դու զապռո՞ս ես տվել մինչև հիմա, կամ էդ բանն ինչի՞ չես ասել ինձ մինչև հիմա»։

Գ. Պետրոսյանը ասում է, որ նաև զանգահարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին, իրեն հայտնել են, որ իր հարցով զբաղվում են․

«Ասեցի՝ դուք իմ հարցով ի՞նչ ունեք զբաղվելու, դուք ձեր աշխատակիցների հարցով զբաղվեք, թե չէ դատարանը կզբաղվի»,- զայրույթով ասում է Գ․Պետրոսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայնտեց, որ Գրիգորի Պետրոսյանի դեպքը եզակի չէ, իսկ վերջինիս հարցի լուծման համար իրենք սպասում են Ազգային անվտանգության ծառայության պատասխանին

«Երբ լիազորագիրը կորցրել է իր ուժը, Պետրոսյանը չի դիմել տարածքային բաժին, որպեսզի կամ ինքը ստանա թոշակը, կամ ևս մեկ անգամ լիազորագիր տա ուրիշ մեկի անունով,- ասում է Ս. Մարտիրոսյանը։- Հոկտեմբերի 31-ին, երբ որ ինքը դիմել է տարածքային բաժին, որպեսզի վերականգնի իր թոշակը, եկել է արդեն նոր՝ փոխված անձնագրով։ Հիմք է ընդունվել իր նախկին անձնագիրը, որի մեջ ելքի և մուտքի բազմաթիվ արտոնագրեր են եղել, այսինքն՝ ինքը բազմաթիվ անգամներ մեկ տարվա ընթացքում հատել է սահմանը։ Ընթացակարգն այնպիսին է, որ քանի որ նոր անձնագրի մեջ նշումներ չեն եղել ելումուտի հետ կապված, տարածքայինը պետք է դիմի ԱԱԾ, որպեսզի ԱԱԾ-ն տեղեկություն տա այս մարդու՝ երկրում գտնվելու կամ չգտնվելու վերաբերյալ։ Մենք պետք է հստակ տեղեկություն իմանանք՝ ինքն այս ընթացքում ելումուտ ունեցել է, թե չէ»:

Ըստ Ս․ Մարտիրոսյանի, խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն ուշացրել է տեղեկատվության տրամադրումը, սակայն վերջերս ԱԱԾ-ի հետ պայմանավորվածություն է եղել, որ այս շաբաթ նմանատիպ տեղեկությունները ուղարկվեն տարածքային բաժին։

Այն հարցին, որ Գ․ Պետրոսյանի վերաբերյալ հարցումն արվել է նոյեմբերին, և նա փաստացի տուժում է ԱԱԾ-ի աշխատանքի պատճառով, Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ մինչև այդ տեղեկությունը չլինի, իրենք տվյալ քաղաքացուն թոշակ վճարելու և գործին ընթացք տալու լիազորություն չունեն։

Տեղեկությունը ստանալուց հետո էլ նախարարությունը մեկ ամսում է քննելու այս հարցը, որպեսզի արդեն դրան հաջորդող ամսվանից քաղաքացին կարողանա թոշակ ստանալ։ 

«Քանի որ թոշակառուների ցուցակը կազմավորվում է ամեն ամսվա վերջում, եթե նույնիսկ այսօր ստանանք ԱԱԾ-ի պատասխանը, այդ քաղաքացու անունը չի կարող ներառվել մարտ ամսվա ցուցակների մեջ»,- ասաց Ս․ Մարտիրոսյանը։

Իսկ կստանա արդյոք Գ․ Պետրոսյանն այս ամիսներին չստացած գումարը՝ նույնպես կախված է ԱԱԾ-ի «դրական» պատասխանից։

«Եթե քաղաքացին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, ինքն իրավունք ունի ամբողջ տարվա գումարը ստանալու, բայց հիմա ԱԱԾ-ն կասի՝ այս մարդն ունեցել է երկրից ելք, թե չի ունեցել, և դրանից կախված կլինի՝ ինքն ինչքան գումար է տանալու»։

Այն հարցին, արդյոք սա նշանակում է, որ եթե թոշակառուն երկրից դուրս է գալիս՝ այլևս իրավունք չունի բացակայած ժամանակահատվածի համար նախատեսված գումարը ստանալ, Ս․ Մարտիրոսյանն ասաց, որ այո, եթե լիազորագրիր չի ներկայացրել, ուրեմն չի ստանալու՝ հավելելով, որ խնդրի մասին արդեն տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կոնկրետ քաղաքացու խնդրից տեղյակ չեն՝ միևնույն ժամանակ առաջարկեց նամակ գրել նախ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ԱԱԾ պետի անունով։

 

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Պետրոսյան
<Այն հարցին, արդյոք սա նշանակում է, որ եթե թոշակառուն երկրից դուրս է գալիս՝ այլևս իրավունք չունի բացակայած ժամանակահատվածի համար նախատեսված գումարը ստանալ, Ս․ Մարտիրոսյանն ասաց, որ այո, եթե լիազորագրիր չի ներկայացրել, ուրեմն չի ստանալու>: Ինչքանով է այս դրույթը ճիշտ, կարծում եմ այն ճիշտ չի ձևակերպված: Ինչքանով է ճիշտ, երբ թոշակառուն մեկնում է 3-4 ամսով հարազատներին այցելության, հանգստի և այլ նպատակներով այլ երկիր, ընդ որում տարվա մեջ կարող է մի քանի անգամ, դրա համար չի ստանալու թոշակը: Իսկ դա որ օրենքով ու որ կետով է կարգավորվում հարգելի Ս. Մարտիրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter