HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են փաստաբանի նկատմամբ դատական տուգանք չկիրառել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում են փոփոխություն քրեական, վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, որի համաձայն դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանը 2018 թվականի փետրվարի 9-ին 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և հարակից ներկայացված այլ նախագծեր: Ըստ փոփոխության՝ փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները, եթե վիրավորեն դատարանին, ապա դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչև 100 հազար դրամի չափով տուգանք: Այս փոփոխությունները նախորդ խորհրդարանի ընդդիմադիր 2 խմբակցությունների՝ «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը չէին ստացել՝ բնորոշվելով որպես զսպաշապիկ փաստաբանների նկատմամբ:

Օրենսդրական փաթեթը փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասով ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:

Նախագծի համահեղինակները կարծում են, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը պետք է փոփոխվեն, քանի որ խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու՝ ՀՀ նախորդ կառավարության մոտեցումը:

 «Օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքները: Հիմնավորում ներկայացնելու համար պետք է առնվազն ուսումնասիրվեր փաստաբանների պալատի խորհրդի կողմից քննված կարգապահական գործերի վիճակագրությունը և կայացված որոշումների որակը, ինչպես նաեւ դատական համակարգի վերլուծությունն այն մասին, թե գործող իրավակարգավորումը բավարար չէ, արդյոք հավասարակշռված դատավարություն իրականացնելու համար»,- ասված է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հեղինակած նախագծում:

Նախագծի համահեղինակների մյուս մտահոգությունն այն է, որ փաստաբանները բազմիցս իրենց մտահոգությունն արտահայտել են փաստաբանների նկատմամբ, որպես սանկցիա, տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ, քանի որ փաստաբանների նկատմամբ դատարաններին նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում փաստաբանության ինստիտուտի անկախության և փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանը 2016-2018 թվականներին եղել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը:

Նախագծի շրջանառության մեջ է դրվել՝ հրապարակվելով խորհրդարանի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter