
Որոնք են Հայաստանի խոշորագույն վարկատու բանկերը
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալը, ըստ բանկերի ֆինանսական հաշվետվությունների, կազմել է ավելի քան 3 տրլն 71 մլրդ դրամ։ «Հետք»-ը մեկտեղել է վարկերի և այլ փոխատվությունների վերաբերյալ գործող բոլոր՝ 17 առևտրային բանկերի ֆինանսական հաշվետվություններում առկա ցուցանիշները, որոնք վկայում են, որ 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ բանկերի վարկային պորտֆելն աճել է 16.2 %-ով կամ 429 մլրդ դրամով։
Վարկային պորտֆելի մեծությամբ առաջին տեղում «Ամերիաբանկ»-ն է։ Հաջորդում են «Արդշինբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը։ Առաջին հնգյակը եզրափակում է «Ինեկոբանկ»-ը։ Այս առաջին հնգյակին է բաժին ընկնում վարկերի ընդհանուր ծավալի 61 %-ը։
Հաճախորդներին տրամադրած վարկերի ծավալով վերջին տեղում «Մելլաթ բանկ»-ն է։
Ընդհանուր առմամբ, բոլոր բանկերում էլ վարկերի աճ է գրանցվել 2018 թվականին: Բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել է «Արդշինբանկ»-ը։ «Ամերիաբանկ»-ի և «Հայբիզնեսբանկ»-ի վարկային պորտֆելների աճը ևս զգալի է։
Ինչպես, ավելի վաղ գրել ենք , Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում այսօր ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական վարկերը։ Հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրվող վարկերը։ Տվյալների աղբյուրը Կենտրոնական բանկն է, ըստ որի՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 տրլն 783 մլրդ դրամ։ Նշենք, որ այս ցուցանիշը տարբերվում է բանկերի ֆինանսական հաշվետվություններում առկա թվերի հանրագումարից (ավելի քան 3 տրլն 71 մլրդ դրամ), քանի որ ԿԲ-ն ցուցանիշները հաշվարկում է այլ մեթոդաբանությամբ, օրինակ՝ նշված 2 տրլն 783 մլրդ դրամը չի ներառում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը տրված վարկերը։
Մեկնաբանել