HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արագածավանում «սոցիալական օգնություն» են տրամադրում հարկերը վճարելու համար

Արագածոտնի մարզի 72 համայնքները միասին 2018 թ.-ին համայնքային բյուջեից 114 մլն 107 600 դրամ սոցիալական օգնություն են հատկացրել բնակիչներին։ Մարզի համայնքներից ամենաշատ դրամական օգնությունը՝ 20 մլն 864 000 դրամ, հատկացրել է Արագածավան համայնքը։ Արագածավանում դրամական օգնության բաշխման միասնական կարգ չի սահմանվել, նշված գումարից 9 մլն 704 800 դրամը հատկացվել է համայնքի ղեկավարի որոշումներով, 7 մլն 258 040 դրամը հատկացվել է համայնքի ավագանու որոշումով, առնվազն 3,5 մլն դրամը հատկացնելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան։

Ամենաարտառոցն այստեղ այն է, որ ավագանին 7 մլն 258 040 դրամ «սոցիալական օգնությունը» տրամադրել է «հողի հարկերը վճարելու համար»։

ՈՐՈՇՈՒՄ

21 դեկտեմբերի 2018 թվականի N 98

Արագածավան համայնքի պայմանագրային զինծառայողներին, Արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին, Հայրենական պատերազիմի մասնակիցների, սոցիալապես անապահով ընտանիքներին  հատկացնել սոցիալական օգնություն հողի հարկերը վճարելու համար համաձայն կից հավելվածի՝ ընդամենը 95 /իննսունհինգ/ հարկատու  7258040 /յոթ միլիոն երկու հարյուր հիսունութ հազար քառասուն/ դրամով:

Արագածավան համայնքի պայմանագրային զինծառայողներին, Արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին, Հայրենական պատերազմի մասնակիցների, սոցիալապես անապահով ընտանիքներին  հատկացնել սոցիալական օգնություն հողի հարկերը վճարելու համար համաձայն կից հավելվածի՝ ընդամենը 95 /իննսունհինգ/ հարկատու 7258040 /յոթ միլիոն երկու հարյուր հիսունութ հազար քառասուն/ դրամով:

Արագածավան համայնքը խոշորացվել է 2017 թ.-ին՝ Արագածավան, Արտենի, Լուսակն եւ Գետափ գյուղերը միավորվել են մեկ համայնքում։ Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով համայնքի ղեկավար է ընտրվել Արագածավանի երկարամյա ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, նա համայնքը ղեկավարում է 2002 թ.-ից։

Ա. Պապիկյանը 2018 թ.-ին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ 5 որոշում է կայացրել, որոնցով, ընդհանուր առմամբ, 455 բնակչի հատկացվել է 9 մլն 704 800 դրամ։ Նշված որոշումներից միայն մեկն է պատճառաբանված՝ ցրտահարությունից ու կարկտահարությունից տուժած 123 բնակչի 3 մլն 461 600 դրամ է բաժանվել։ 2018 թ․ տարեվերջին կայացրած այս որոշումից պարզ չէ, թե ցրտահարությունն ու կարկտահարությունը երբ են տեղի ունեցել, որեւէ փաստաթուղթ կցված չէ, որից պարզ լինի, թե ինչպես է որոշվել բնակիչներից յուրաքանչյուրի հատուցման չափը՝ 3000 դրամից սկսած միչեւ 221 000 դրամ։

Սովորաբար, բնական աղետների դեպքերում, բնակչությանը փոխհատուցում են պետական բյուջեից՝ մարզպետարանների միջոցով։ Նույն Արագածավանում այդպես եղել է  2017 թ.-ին՝ կարկտահարությունից տուժած բնակիչների հողի հարկը եւ ոռոգման ջրի վարձավճարը փոխհատուցելու համար համայնքի ավագանին դիմել է Արագածոտնի մարզպետին՝ խնդրելով միջնորդել Կառավարությունում փոխհատուցելու բնակիչների կրած վնասը։ Այդ առիթով, Արագածավան համայնքի հողատարածքներին հասցված վնասի չափը ճշտելու համար, համայնքապետը մշտական հանձնաժողով է ձեւավորել, որի կազմած գնահատման ակտը կցվել է ավագանու որոշմանը։

Ինչո՞ւ է այս անգամ համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը շրջանցել ընդունված կարգը։

Համայնքի ղեկավարն իր մյուս 4 որոշումները կայացնելու համար հիմք է ընդունել «քաղաքացիներից ստացված դիմումները»։ Դրանցից յուրաքանչյուրով, միջինացված, 1,5 մլն դրամ է հատկացրել «սոցիալապես անապահով» բնակիչներին։ Դրամական օգնության չափը սկսվում է 3000-ից մինչեւ 303 000 դրամը եւ դարձյալ ոչ մի հիմնավորում, թե ինչպես է գնահատվել կարիքավորությունը, 3000 դրամով ինչ հարց պետք է լուծեր գյուղացին, ինչո՞վ է հիմնավորված  303 000 դրամ տրամադրելը։

Նշենք, որ 10 367 բնակիչ ունեցող Արագածավան համայնքը պարտավոր էր սոցիալական աշխատող ունենալ, բայց չունի (Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48 հոդվածը նախատեսում է.«··· 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք»): Սոցիալական աշխատողը պետք է եզրակացություն տար սոցիալապես վատ վիճակում գտնվող կամ օգնություն հայցող ընտանիքների վերաբերյալ, իսկ հատկացվելիք գումարի չափը կարող էր որոշել ավագանու անդամներից կազմված սոցիալական հարցերի հանձնաժողովը։ Սակայն, հանձնաժողովը նույնպես դերակատարություն չի ունեցել գումարները բաշխելու հարցում: Համենայն դեպս, Ա. Պապիկյանի կայացրած որոշումներից ոչ մեկում այդպիսի հիմնավորում չկա։

Համայնքի ղեկավարի կայացրած որոշումներից պակաս արտառոց չեն Արագածավան համայնքի ավագանու սոցիալական օգնության վերաբերյալ որոշումները: 2018 թ. դեկտեմբերի 21-ին ավագանին որոշել է 7 մլն 258 040 դրամ «սոցիալական օգնություն» հատկացնել 95 հարկատուի՝ «հողի հարկերը վճարելու համար»։ Որոշման համաձայն՝ գումարը հատկացվել է պայմանագրային զինծառայողներին, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին եւ պատերազմի մասնակիցներին, Հայրենական պատերազմի մասնակիցներին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Ենթադրաբար գումարը հատկացվել է նրանց ունեցած հարկային պարտավորության չափով՝ առավելագույնը մինչեւ 450 000 դրամ է կազմում։

Նման դեպքերի համար օրենքը կարգավորում ունի՝ ոչ թե սոցիալական օգնության անվան տակ համայնքային բյուջեից գումարներ են դուրս գրվում, այլ՝ հարկային արտոնություն է տրամադրվում բնակչին, եթե ավագանին հիմնավորված է համարում նրա անվճարունակությունը։ Կամ՝ ավագանու որոշումով արտոնություններ են սահմանվում որոշակի խավերի համար:

Ի դեպ, Արագածավանի ավագանին տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի որոշումներ է կայացրել՝ դիմումատուներին զիջելով մեքենանաների, խանութների, ձեռնարկության գույքահարկը։ Ի տարբերություն այլ համայնքների, որոնք, հիմնականում զիջում են ոչ թե հողի հարկը կամ գույքահարկը, այլ չվճարված հարկերի մասով առաջացած տույժերն ու տուգանքները, եթե վճարել են մայր գումարը, Արագածավանում զիջել են ողջ գույքահարկը, որը շատ հաճախ 200 000 դրամից ավելի է կազմել։

Հարկային արտոնություններ սահմանելու որոշումներով ավագանին բավականաչափ նվազեցրել է համայնքային բյուջետային եկամուտները, համայնքը նվազեցրած գումարի չափով պակաս դոտացիա է ստացել պետական բյուջեից: Համոզված չենք նաեւ, որ «սոցիալական օգնության» անվան տակ դուրս գրված 7 մլն 258 040 դրամը հողի հարկի տեսքով ամբողջությամբ վերադարձվել է բյուջե, որովհետեւ անհասկանալի է այդքան խոշոր գումարներ դուրս գրելու եւ կրկին մուտքագրելու մեխանիզմը՝ բնակիչների հաշվեհամարի՞ն է փոխանցվել, հազիվ թե: Առձե՞ռն է տրամադրվել մի քանի հարյուր հազար դրամը, բայց այդ իրավունքն ունեի՞ն։

2018 թ.-ի հոկտեմբերի 9-ին համայնքի ավագանին հարկային եկամուտները զիջելու մասին եւս մեկ որոշում է ընդունել՝ 2002-2015 թթ. համայնքի հողի վարձակալության վճարները նախկին վարձակալներին զիջելու մասին: Դրանք համարել են ժամկետանց եւ անհուսալի պարտքեր։ Ավագանու հաջորդ նիստում չեղյալ է համարվել այդ որոշումը՝ թերեւս հասկանալով, որ համայնքի ղեկավարի պարտավորությունը բյուջեի եկամուտներն ավելացնելն է եւ ոչ թե բյուջեն վատնելը կամ անգործություն դրսեւորելը։

Բացի այդ, Ազգային ժողովը 2012 թ.-ին համաներել էր մինչեւ 2008 թ.-ը համայնքային բյուջեին ունեցած հողի եւ գույքահարկի պարտքերը: Սակայն, հետագայում համայնքային բյուջեներում հարկերի ապառքները շարունակել են կուտակվել վարչարարության բացակայության հետեւանքով: Արագածավանի տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած որոշումները փաստում են, որ բյուջետային պարտքերը բոլոր հարկատեսակների մասով ամեն տարի կուտակվել են եւ համայնքի ղեկավարը դրանք հավաքագրելու մեխանիզմներ մտածելու փոխարեն՝ դրանցից ազատվելու ելքեր է որոնում:

Հետաքրքրական է, որ Արագածոտնի մարզի շատ համայնքներ անցնող տարվա քաղաքական վերափոխումների ֆոնին տարեկան պլանավորված գումարից զգալի նվազեցրել են օգնության գումարները: Մարզի փոքր համայնքների ղեկավարներից շատերը, չցանկանալով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել, իսպառ ձեռնպահ են մնացել «դրամական օգնություն» ձեւակերպելուց: Այս ամենի ֆոնին, Արագածավանի համայնքապետի շռայլումները խիզախություն պետք է որակել։

Մեկնաբանություններ (2)

Արտակ Հակոբյան
Համայնքի ղեկավարը՜ համայնքից գողացավ, աստված վերևից զարմացավ։
Հերմինե Կոստանյան
Հոդվածի մյուս կետերի վերաբերյալ չեմ կարող դեռ պաշտոնական նկատառումներ անել, սակայն նշեմ, որ 2018թ. փետրվարից Արագածավանում (խոշորացված համայնք) արդեն իսկ կա համայնքի սոցիալական աշխատողի գործառույթներ իրականացնող համայնքային կրտսեր ծառայող: Ես հենց զբաղեցնում եմ այդ պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter