HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վ. Օսիպյան. «Համաներումով ազատվածներից շուրջ 58-ը 104 հանցագործության դեպք են կատարել»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ավելի քան երկու ժամ տևած դռնփակ հանդիպումն ավարտվեց։

Հանդիպումից հետո Վալերիյ Օսիպյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, թե արդյոք ինքն է եղել այն պաշտոնատար անձը, ում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, զանգահարել է, Օսիպյանն արձագանքեց. «Ես անկեղծ պատասխանում եմ՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Ինձ որևէ մեկը չի զանգել, ու չի կարող որևէ մեկը նմանատիպ տոնով ինձ զանգահարել»։
 
Հարցին, թե ե՞րբ է Չեխիայից Հայաստանին արտահանձնվելու Նարեկ Սարգսյանը, ոստիկանապետն ասաց, որ անում են հնարավորը՝ գործընթացն իրականացնելու համար։
«Չեմ կարող ժամկետը հստակ ասել»,- ասաց նա։
 
Ոստիկանապետը համաձայնեց, որ վերջին շրջանում գողությունների աճ է գրանցվել, նաև հավելեց՝ պատգամավորների հետ հանդիպմանը նաև այդ հարցն է քննարկվել։
 
«Որոշակի դեպքերի աճ կա, բայց այն աստիճան չէ, որ անհանգստացնի մեզ ու կոչով դիմեմ քաղաքացիներին, մենք ունենք սեփականության դեմ ուղղված աճ, բայց ձեռքբերում ունենք անձի դեմ ուղղված հանցագործություններում, կոռուպցիոն հանցատեսակների ոլորտում ձեռքբերում ունենք»,- ասաց Օսիպյանը։
 
Ոստիկանապետի խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացիների վստահությունն՝ ուղղված ոստիկանությանը, բարձրացել է, և յուրաքանչյուր, նույնիսկ փոքր դեպքերով քաղաքացին դիմում է ոստիկանությանը։ Օսիպյանի խոսքով՝ գողությունների թվի աճը պայմանավորված է նաև համաներմամբ։
 
«Միայն հեղափոխությունից հետո 807 դեպքով ավելի են քաղաքացիները դիմել ոստիկանությանը նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բայց իհարկե ազդել է նաև համաներումը, համաներումով ազատվածներից շուրջ 58-ը 104 հանցագործության դեպք են կատարել, մի քանիսի դեպքում կալանք է ընտրվել խափանման միջոցը»,- ասաց նա։
 
Մարտի մեկի զոհերին նվիրված հիշատակ երթին կլինի նաև ոստիկանությունը, ոստիկանապետը պնդում է՝ յուրաքանչյուր նման հավաքի դեպքում ոստիկանությունը պետք է ներկա լինի ու հետևի հասարակական կարգին, սակայն որպես ոստիկանապետ որևէ մի ոստիկանի չի հրահանգել մասնակցել երթին որպես քաղաքացի, յուրաքանչյուրն ազատ է ոչ աշխատանքային ժամի մասնակցել երթի։ Օսիպյանը չբացառեց նաև, որ ինքը ևս կմասնակցի երթին։
Մեր դիտարկմանը, որ մի շարք քրեական գործերով հետախուզում է հայտարարվել նախկին պաշտոնատար անձնանց և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ, արդյոք այս հարցում չկա՞ ոստիկանության բացթողումը, երբ մի քանի ամիս առաջ հայտարարված հետախուզումից հետո որևէ նորություն չկա, Օսիպյանն արձագանքեց. «Օպերատիվ գործընթացն այնպիսին է, որ երբեմն ժամանակ է պահանջում, հնարավոր է դեպք լինի, որ անհրաժեշտություն լինի արագ բացահայտել և դանդաղելը վնասում է, կա դեպք, որ շտապելը վնասում է, յուրաքանչյուր դեպքի բացահայտում առանձնահատուկ մոտեցում է պահանջում, և այնպես չէ, որ երբ որևէ մեկը հետախուզման մեջ է գտնվում, նա տևողության ժամանակի առումով կարող է գտնվել հետախուզման մեջ, շուտ թե ուշ կհայտնվի, և յուրաքանչյուրի մասով մենք ունենք համապատասխան տեղեկություններ։ Իմ պաշտոնավարման ընթացքում մենք բացահայտել ենք 1992 թվականին կատարված սպանություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter