HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թալինի համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Տավուշի մարզպետի ընկերության հետ

2018 թվականի նոյեմբերի 14-ին Թալինի համայնքապետարանը երկու պայմանագիր է կնքել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին պատկանող «Ֆրիներջի» ընկերության հետ։ Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 7.2 միլիոն դրամ:

Պայմանագրի կնքման ժամանակ Հայկ Չոբանյանը դեռևս նշանակված չի եղել Տավուշի մարզպետի պաշտոնում (նշանակվել է փետրվարի 6-ին.): Սակայն այդ պայմանագրերի կնքման հաջորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, Չոբանյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Տավուշի մարզից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու:

«Ֆրիներջի» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մարտի 3-ին։ Դրա միակ սեփականատերը Հայկ Չոբանյանն է։

Screenshot_1.jpg (146 KB)

Նոյեմբերի 14-ին Թալինի համայնքապետարանի հետ կնքված մոտ 5.9 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով՝ ընկերությունը Թալինի թիվ 3 մանկապարտեզի և մարզադպրոցի տանիքներին կառուցելու և տեղադրելու էր արևային ֆոտովոլտային կայան։

Նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը Թալինի Գ. Ավդալյանի անվան մարզադպրոցում պետք է արևային ջրատաքացուցիչի տեղադրման աշխատանքներ իրականացներ։ Այս աշխատանքների համար համայնքապետարանն ընկերությանը փոխանցելու էր մոտ 1․3 միլիոն դրամ։

Գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այս պայմանագրերը Տավուշի մարզպետի ընկերության՝ պետական կամ ՏԻՄ մարմինների հետ կնքած առաջին գործարքներն են։

Screenshot_2.jpg (92 KB)

Նշենք, որ Հայկ Չոբանյանը 2012-ին հիմնադրել է նաև արևային ջերմային և ֆոտովոլտային համակարգեր արտադրող ևս մեկ ընկերություն՝ «Արփի Սոլար»-ը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր քաղաքական գործունեությունը կամ այլ հանգամանք չի ազդել պայմանագրերի կնքման գործընթացի վրա, հայտարարվել է մրցույթ և իր հիմնադրած ընկերությունը հաղթել է այն:

Մարզպետի փոխանցմամբ՝ չնայած պայմանագրերի կնքման ժամանակ ինքը եղել է ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, սակայն այժմ ընկերության գործերով չի զբաղվում, դրա կառավարումը հանձնել է այլ անձի:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ «Ֆրիներջի» ընկերությունը պետական այլ մարմինների հետ ևս ծառայության մատուցման պայմանագրեր է կնքել,  սակայն հստակ չկարողացավ հիշել, թե ում հետ ինչ պայմանագրեր են կնքվել:

Մեկնաբանություններ (1)

Շիրակ
Ձեր տեղադրած բռակ ապրանքներն փոխեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter