
ԲԷՑ-ի Հյուսիսային մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված տնօրենը դատական կարգով վիճարկելու է վերադասի հրամանը
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը և նույն մասնաճյուղի բարձր լարման օդային գծերի ծառայության էլեկտրագործ Վալերի Հարությունյանն ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի հրամանով` 2019 թվականի մարտի 1-ից ազատվել են աշխատանքից, սակայն մասնաճյուղի տնօրենը չի պատրաստվում ընդունել ղեկավարի ստորագրած հրամանը։ Ըստ հրամանի՝ ընկերության աշխատակիցների աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությանը պատճառվել է նյութական վնաս. ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհետացել է ընկերությանը պատկանող երկու տնակ: Ընկերության պարզաբանման մեջ նշվում է, որ ազատման հրամանի հետ մեկտեղ վերջիններիս ներկայացվել է ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի աշխատանքից հեռացված տնօրեն Էդգար Բոջուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմումը ստորագրել։
Բոջուկյանի խոսքով` տնակը հաշմանդամության երրորդ կարգ ունեցող, Արցախյան պատերազմի մասնակցի են տրամադրել, երկու տնակից մեկը պետական հաշվեկշռում է գրանցված եղել, ըստ Բոջուկյանի՝ աշխատակիցները շփոթմամբ հենց այդ տնակն էլ տվել են իրենց դիմած հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացուն։ Ըստ Էդգար Բոջուկյանի՝ անհասկանալի է, թե ինչու է անհետացած գույքի համար իր ղեկավարությունը ոչ թե դատական գործ սկսել իր դեմ, այլ աշխատանքից հեռացրել։
«Լավ, ես համամիտ եմ, թերացել եմ իմ աշխատանքում, ինձ առանց նկատողության ինչի՞ եք միանգամից հեռացրել: Հա՛, ես ընդունում եմ՝ թերացել եմ, չեմ իմացել, որ էդ տնակը մեր բալանսի վրա չի եղել, բայց դրա համար ինձ նկատողություն է հասնում, ոչ թե միանգամից հեռացում»,- ասում է Էդգար Բոջուկյանը։ Ըստ հեռացված տնօրենի՝ իրեն հեռացրել են, քանի որ ԲԷՑ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրենի թիմից չէ։
Արդեն երկու օր է, ինչ Բոջուկյանը, իր աշխատակիցները և մտերիմները բողոքի ակցիա են իրականացնում, փակում են Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, ասում է՝ շարունակելու են ակցիաները, դատական կարգով բողոքարկելու է իր վերադասի ստորագրած հրամանը։
«Պետք լինի ճանապարհ ենք փակելու, միտինգ անենք, դատական կարգով վիճարկենք, բայց սա սենց չենք թողնելու»,- ասում է նա։
Մեկնաբանել