
Հին ու նոր Երեւանը
Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը' անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում:
Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում' Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում' Պանթեոնը:
![]() |
![]() |
![]() |
Պողոս-Պետրոս եկեղեցի | Գեթսեմանի մատուռ | Մլեր գերեզմանատուն ու մատուռ |
Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են: Դա հետաքրքիր է եւ տուրիստների համար, ովքեր գալիս են Երեւանում տեսնելու այն, ինչ չկա իրենց մոտ: Այսօր տուրիստները Երեւան են գալիս ու ասում՝ դուք էս ինչ եք քանդում, ինչ եք փոխարենը կառուցում»:
Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քաղաքաշինական հարցերում ավելի արմատական մոտեցումների կողմնակից է: «Թեեւ քաղաքին մշակութային տարբեր շերտեր անհրաժեշտ են, բայց այդ շերտերի պահպանության մեջ ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել: Քաղաքը կենդանի օրգանիզմ է, եւ նրանից ժամանակ առ ժամանակ պետք է հեռացնել կենսագործունեությանը խանգարող մասերը»,-ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Որպես կանոնավոր հատակագիծ ունեցող քաղաք' Երեւանը ձեւավորվել է 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ու նրա դպրոցի շնորհիվ: Թամանյանական նոր ճարտարապետությունը նույնպես հակասության մեջ է մտել հին սկզբունքների հետ, սակայն այսօր այդ հակասությունը համարվում է բնական, քանի որ լուծումները ճաշակով են գտնված: Թամանյանը կարողացավ համադրել ազգային եւ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքները:
Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը անթույլատրելի է համարում միջամտությունը Թամանյանի նախագծով կառուցված շենքերին. «Մենք պետք է գուրգուրանքով վերաբերվեինք Թամանյանի ու նրա դպրոցի ճարտարապետությանը, բայց մասնավորը հասավ ու ավերեց: Կարապի լճի դիմաց հրաշալի ձեղնահարկերով կառույցներ ունեինք: Բայց ձեղնահարկերի մասին օրենք չունենք: Էդ պատճառով էլ ով հասավ, խեղաթյուրեց ձեղնահարկը: Եվ, ընդհանրապես, ամբողջ Երեւանում հին շենքերի վրա մեկ կամ մի քանի հարկ բարձրացնում են, եւ այդ նորը հնի ճարտարապետության հետ ոչ մի կապ չունի»,-ասում է Լ. Վարդանյանը:
Ս. Շահումյանի անվան հրապարակը Երեւանի քաղաքաշինական դեմքի խորհրդանշական համապատկեր է' խորհրդային ոչ վաղ անցյալ (Ս. Շահումյանի արձանը) , նորանկախ հանրապետության ներկա («Կոնգրես հյուրանոցը») , անկանխատեսելի պատկերով ապագա (քանդված «Սեւան» հյուրանոցը): Այս փոքրիկ հատվածը մայրաքաղաքի միակ բեկորն է, ուր կողք-կողքի կանգուն են 19-րդ, 20-րդ դարի խորհրդային եւ ետխորհրդային շրջանի կառույցները: Ուր որ է կհայտնվի 21 դարի շինությունը:
Եթե խորհրդային կառավարությունը եկեղեցու տեղում գաղափարական շահերից ելնելով որեւէ կոմունիստ առաջնորդի արձան էր կանգնեցնում , ապա մեր ժամանակներում դրդապատճառները զուտ ֆինանսական են' կառուցվում է այնպիսի շինություն, որը եկամտաբեր է, իսկ պատմամշակութային հուշարձանները ոչ միայն որեւէ եկամուտ չեն բերում, այլ, տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում, «խանգարում» են քաղաքաշինական գործընթացին: Վերջերս քանդվեց եւս մեկ պատմական շենք' «Սպայի տունը»: Իսկ շենքը կառուցվել էր 1842 թվականին, ուներ ոչ միայն ճարտարապետական, այլեւ պատմական արժեք:
Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը վստահեցնում է, որ քանդված շենքը նույնությամբ կվերականգնվի.
![]() |
Սպայի տունը |
«Պաշտոնապես հայտնում եմ, որ շինարարությունից հետո այդ շենքը կամ իր տեղում, կամ մեկ այլ տարածքում կվերակառուցվի, սակայն պարզ է՝ այլ ֆունկցիոնալ նշանակությամբ: Իսկ հասարակության դժգոհությունը հուշարձանների քանդման վերաբերյալ արդարացի է, բայց մինչեւ 2004թ.-ը կատարվածի համար: Քանի որ 2004թ.-ին Կառավարության կողմից արդեն հաստատվել է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության պետական ցուցակը, այդ հուշարձաններն այլեւս պետության խնամքի տակ են առնված եւ եթե նույնիսկ այս պահին քանդվում են, հետո անպայման կվերականգնվեն»,-ասում է Կ. Այվազյանը:
2000-2004թթ.-ին, երբ շինարարական բումը սկսվել էր, որեւէ հաստատություն իրավասու չի եղել միջամտել հուշարձանների քանդման գործընթացին, որովհետեւ չկար կառավարության կողմից հաստատված Երեւանի հուշարձանների պահպանության նոր ցուցակը: Դա մի ժամանակահատված էր, երբ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում էր քաղաքաշինական մի քանի ծավալուն ծրագրեր, մասնավորապես Հյուսիսային պողոտայի կառուցումը: Միայն այս հատվածում 5-ից ավելի պատմամշակութային հուշարձան է քանդվել:
![]() |
Գաբրիել Գաբրիելյանի տունը |
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանը հիշում է այս հարցում նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերաբերմունքը. «Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետը շատ հաճախ էր զարմանում, թե ինչպես այս կամ այն հուշարձան-շենքը քանդվեց: Պարզվում է' ինքը տեղյակ չի եղել այդ մասին: Աբովյան 1/4 հասցեում գտնվող Գաբրիել Գաբրիելյանի տունը քանդելու լուրը ստանալուց հետո ասաց՝ վայ, ես ուզում էի՝ դա մնա: Իսկ հետո առանց ամաչելու հայտարարեցին, թե այդ շենքը իրենք չեն քանդել, այլ քանդել են բոմժերը»:
Նարեկ Սարգսյանը հուշարձանների պահպանության մեկ այլ տարբերակ է առաջարկում. «Հուշարձան-շենքերի պահպանությունը քաղաքի համար լավ է, բայց եթե քաղաքաշինական ավելի կարեւոր խնդիր է լուծվում, ապա այդ շենքերը պետք է տեղափոխել: Ներկայիս Ալավերդյան փողոցի գրեթե բոլոր հին շենքերը տեղափոխված, այդտեղ կրկին կառուցված են, ո՞վ է դրա մասին հիմա հիշում»,-ասում է նա:
Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության պետական ցուցակում արձանագրված է 975 հուշարձան:
2004թ.-ից գոյություն ունի հուշարձանների տեղափոխման պետական ծրագիր, ու տեղափոխման ենթակա 14 հուշարձանների ցուցակ:
«Այդ ցուցակը կազմել են մի կողմից Հուշարձանների պահպանության գործակալությունը, մյուս կողմից՝ քաղաքապետարանը: Վերջինս այս գործընթացի մեջ խառնվելու որեւէ իրավասություն չուներ: Քաղաքապետարանը չի կարող մասնագիտորեն գնահատել, թե որ շենքը հուշարձան համարվի, որը՝ ոչ: Բացի այդ, նա ինչպե՞ս կարող է հանդես գալ հուշարձանների պահպանության օգտին, եթե խնդրի հակառակ կողմում է՝ կառուցապատող է: Դրա համար էլ թելադրում էր իր կարծիքը: Եթե հողի վրա հարմար մի գնորդ արդեն աչք ունի, ուրեմն պետք չի, որ էդ տարածքում գտնվող շենքը մտնի հուշարձանների ցուցակ»,-ասում է Մարիետա Գասպարյանը:
Տեղափոխվելիք հուշարձանների տեղն արդեն ընտրված է: Դրանք «կհամախմբվեն» Արամ-Բուզանդ-Կողբացի փողոցների միջեւ' «Սիլ Պլազայի» ետնամասում ընկած տարածքում: Հուշարձանային գոտու ստեղծումը մի կողմից փրկում է կառույցները վերահաս ոչնչացումից, մյուս կողմից զրկում է հուշարձաններին իրենց հատուկ պատմական միջավայրում գոյատեւելու հնարավորությունից:
«Այդ տարածքում վաղ, թե ուշ, սրճարաններ ու սննդի օբյեկտներ են գոյանալու, թող գոնե հուշարձաններ լինեն: Եթե նույնիսկ ժամանակի քննությունը չի բռնի, թող հետո սերունդները քանդեն»,-գտնում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:
Իսկ կառուցվող նոր շենքերի մասին Մարիետա Գասպարյանն ասում է. «Հաջորդ սերունդները կվերաբերվեն այս նոր շենքերին այնպես, ինչպես ժամանակակից ճարտարապետներն են վերաբերվում նախորդներին, այսինքն' նույն հաջողությամբ կքանդեն: Դա նշանակում է, որ երբեք ոչ մի պատմական շերտ չենք ունենա, մենք ուղղակի չենք հասցնի շերտ ունենալ, որովհետեւ բոլորը ջնջում ենք»:
Հին ու նոր Երեւանների բախման կետում կանգնած է ժամանակակից մի քանի սերունդ: Եվ ցանկացած մշակութային ժառանգության ճակատագիր գրվում է ոչ միայն քաղաքաշինական ծրագրերով, այլ սերնդի, կոնկրետ մարդու հոգեբանությամբ ու մտածելակերպով:
«Ժամանակակից հասարակությունը նեոլիբերալ հասարակություն է: Նա կոն ֆլիկտի մեջ է նախորդ՝ խորհրդային գաղափարախոսության հետ, որ ը թելադրում էր այդ դարաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդու կենսակերպը: Իսկ այդ մարդն այսօր' նոր հասարակարգի պայմաններում, հայտարարում է, որ այլեւս ես ինքս կձեւավորեմ իմ կենսակերպը, իմ փողոցը, իմ թաղամասը եւ հետո, այդ նույն մոտեցմամբ, կողքինիս կենսակերպը: Դա է պատճառը, որ նախորդ դարաշրջանի ճարտարապետության նկատմամբ վերաբերմունքը թշնամական է»,- ասում է արվեստաբան Ռուբեն Արեւշատյանը :
Ճակատագրի բերումով նոր Երեւանը կառուցողները նրանք են, ովքեր, կամա թե ակամա, ժխտում են հինը: Ովքեր ժամանակների բերումով ստացել են տնտեսական ու հոգեբանական ազատություն եւ ազատվում են այն ամենից, ինչը հիշեցնում է հին ժամանակները:
Աննա Սարգսյան
Մեկնաբանել