
Ռուսաստանն արտահանձնել է թալիշների առաջնորդին Ադրբեջանին
Ռուսաստանի Դաշնությունն արտահանձնել է թալիշների առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդային Ադրբեջանին: Վերջինս Ադրբեջանում մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ տարածքային ամբողջականության դեմ կոչերով հանդես գալու և թշնամություն հրահրելու մեջ:
Ֆահրադին Աբոսզոդայն թալիշական ազգային շարժման և Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետության ղեկավարն էր 1990-ականներին: Թալիշները ներկայիս Ադրբեջանի հարավային՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ապրող բնիկներ են: Թալիշաբնակ տարածքներում հնարավոր անջատողականությունից խուսափելու համար Ադրբեջանը «զսպողական» քաղաքականություն է վարում նրանց նկատմամբ:
2018թ. սեպտեմբերին Ֆահրադին Աբոսզոդայ ձերբակալվել էր մերձմոսկովյան Լյուբերց քաղաքում Ադրբեջանի պահանջով:
Լյուբերցի քաղաքային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի քաղաքացի Ֆահրադին Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ այն հիմքով, որ լրացել է նրա՝ ՌԴ-ում կացության ժամկետը: Աբոսզոդան ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում: Նրա ձերբակալման մասին որոշումը Բաքուն կայացրել էր դեռևս 2018թ. հուլիսի 14-ին:
Ադրբեջանը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Վերջինս կասկածվում էր հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության և հակաադրբեջանական գործունեության մեջ:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությունը կուսումնասիրի Աբոսզոդայի՝ Հայաստան այցելության մասին տեղեկատվությունը և նրա հանդիպումը հայկական հատուկ ծառայությունների հետ: Ստուգվում է նաև տվյալներն այն մասին, որ Աբոսզոդան օլնայն ռիժիմով հայտարարություն է տարածել Հայաստանից, որն ուղղված է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Վերլուծաբան Հրանտ Տէր-Աբրահամյանն այս տեղեկության վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ սա «նոր կառավարության լրջագույն բացթողումներից մեկի արդյունք է»:
«Շատերի համար սա գուցե երկրորդական անհասկանալի լուր է: Բայց ես սա կգնահատեմ նոր կառավարության լրջագույն բացթողումներից մեկի արդյունք: Սա տարիների ջանքերի, աշխատանքի ջուրը գցելն է, որոնց սկզիբը դրվել է դեռևս 2004-05թթ.-ին, այդ թվում՝ նվաստիս շատ համեստ ներդրմամբ: Չգիտեմ ոնց բացատրեմ, որ ժամանակն է հասկանալ, որ քաղաքականությունը մենակ «ոչ կոռուպցիա, մենք լավն ենք ու կիրթ ենք լյա-լյա-ն» չի, լուրջ գործ է տարբեր ուղղություններով: Կներեք վրդովված եմ»:
Մեկնաբանել