HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 5-ից Երևանում կմեկնարկի գարնանային էտը

Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն  ծառերի էտի ժամանակ:

«Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել է հանրային կամ մասնագիտական պարսավանքի, և կարողանանք ըստ ծառատեսակների, ըստ խնամքի պահանջների այնպիսի լուծումներով առաջ գնալ, որոնք կլինեն և՛ ճիշտ, և՛ ընդունելի հանրության կողմից», - նշում է Խաչիկ Հակոբյանն ու հավելում, որ ծառերի էտի ու խնամքի գործընթացը սահմանված ժամանակացույցով և հասցեական իրականացնելու նպատակով ծառերը կանձնագրավորվեն:  

«Այսուհետ էտման աշխատանքները մենք պետք է կատարենք միայն պլանավորված՝ ըստ փողոցների, ըստ կոնկրետ հասցեների, ըստ պուրակների, այգիների ծառատեսակային կազմի: Մնացած բոլոր դեպքերում էտն իրականացնելու ենք միայն արտակարգ իրավիճակներում և անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- ասում է բնապահպանության վարչության պետը:

Մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում գոյություն ունեցող չորացած ծառերի հարցում. դրանք պետք է հատվեն:

«Մենք խնդիր չունենք չորացած ծառերը պահպանելով՝ ձևացնել, իբր քաղաքում ավելի շատ ծառ ունենք, քան իրականությունն է: Դրանք յուրաքանչյուր պահի կարող են վտանգավոր դառնալ հարակից բնակչության, շինությունների և մարդկանց սեփականության համար: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է հետևանքների մասին հոգալու: Ծառ ունենք այնքան, որքան աճի շրջանում  տեսնում ենք կանաչած: Մնացած բոլոր ծառերը պետք է գրագետ հեռացնել»,-նշում է Խաչիկ Հակոբյանը:  

Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի նաև էտված ճյուղերի հարցում, դրանք տեղում կմանրացվեն:

«Մենք մուլչավորման գործընթաց ենք իրականացնելու: Հատուկ սարքավորումների միջոցով ծառերի հատված ճյուղերից կստանանք թեփ հենց տեղում, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ կտրված ճյուղերի կուտակումներից: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդումը նաև հոգատար վերաբերմունք է մայրաքաղաքի նկատմամբ: Թեփը կրկին կտրամադրվի սոցիալական այն խմբերին, որոնց տարիներ շարունակ բաժանվել են ճյուղերը»,-ասում է Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու նպատակով ծառերի էտը հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվի երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

Մեկնաբանություններ (1)

aram
The Armenian words for pruning a tree are HATEL and HATOOM and not Ed which is my neighbor's name

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter