HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանում կոռուպցիան լուրջ հիմնախնդիր չէ՞

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը բազմիցս քննադատվել է բացօթյա առեւտուրն արգելելու համար: Քաղաքացիները մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպեցին, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ եղան, սակայն պարզվում է` երեւանցիների 59.9 տոկոսը դրական է վերաբերում բացօթյա առեւտրի  արգելքին, իսկ բացասական` 39.6 տոկոսը: Ընդ որում՝ բացօթյա առեւտրի խնդրի մասին տեղյակ է հարցված երեւանցիների միայն 40.1 տոկոսը:

Այս տվյալները հրապարակել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը: Հարցումն իրականացվել է ընթացիկ տարվա մարտին՝ ՀՀ կառավարության պատվերով:

Երբ բացօթյա առեւտուր իրականացնողները մարտի 3-ին փորձ արեցին իրենց բողոքն արտահայտել Կառավարության շենքի առջեւ, ոստիկանության, ցուցարարների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ բախում եղավ: Հարցված երեւանցիների 77.3 տոկոսը բացասաբար է վերաբերել պատգամավորաոստիկանական բախմանը,  դրական է արձագանքել 19.7 տոկոսը:

Հարցված քաղաքացիների  22.2 տոկոսի կարծիքով՝ Երեւանի առաջնային խնդիրը գործազրկությունն է: Հարցման երկրորդ տեղում է աղբահանությունն ու աղտոտվածությունը` 21.6 տոկոս: Երեւանցիների միայն 1.8 տոկոսն է հիմնախնդիր համարել կոռուպցիան:

Պետական մարմիններում կաշառակերության մակարդակը ստուգելու համար Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում քաղաքացիներին հարց է ուղղվել, թե վերջին 1 տարվա ընթացքում կաշառակերության մակարդակը կոնկրետ ոլորտներում ընվազե՞լ է, թե` աճել: Պարզվում է՝ մարտին կոռուպցիայի մակարդակն ամենաշատն աճել է բուհերում` 34.8 տոկոս, իսկ 6 տոկոսի կարծիքով բուհերում կոռուպցիա չկա: Երկրորդ տեղում հարկային մարմիններն են` 30.2 տոկոս, հետո` դատաիրավապահ համակարգն ու ճանապարհային ոստիկանությունը, համապատասխանաբար 29.8 եւ 27.1 տոկոս:

Ուշագրավ է, որ հարցվածների 36.3 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում կոռուպցիան ամենաշատը նվազել է հենց ճանապարհային ոստիկանությունում` 36.3 տոկոս, իսկ 4.7 տոկոսի կարծիքով՝ այստեղ բացարձակ կոռուպցիա չկա: Հետո դպրոցներն ու բուժհաստատություններն են` 33 եւ 28.4 տոկոս: 21 տոկոսի կարծիքով՝ դպրոցում կոռուպցիա չկա, իսկ 17.1 տոկոսը պնդում է ճիշտ հակառակը:

Բուժհաստատություններում կոռուպցիան բացառել են հարցվածների 9.9 տոկոսը, 26.9 տոկոսն ասում է, որ կոռուպցիա կա: 34.9 տոկոսի կարծիքով էլ` կոռուպցիան բուժհաստատություններում ոչ ավելացել է, ոչ էլ նվազել` մնացել է նույնը:

Մեկնաբանություններ (1)

Grigor
Korupcian henc Erevanum e armatavorvac, te che chor u camaq marzerum inch ka vor korupcia lini?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter