HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ինչպես կինոկենտրոնին հեռացրին Կենտրոնից՝ շենքը վաճառելու համար

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասում է, որ կազմակերպության հյուրերին ստիպված է հանդիպել սրճարաններում, քանի որ կենտրոնին պատկանող շենքը վերանորոգելու փոխարեն, 3 տարի առաջ, իշխանությունները որոշեցին վաճառել: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կառավարությանը խնդրել է Տերյան փողոցում գտնվող այս շենքը փոխանցել Հանրային ռադիոյին՝ տեխնիկան տեղակայելու նպատակով, սակայն գույքն ընդունելուց մեկ ամիս անց աճուրդի է հանել այն:

Առաջին կինոտաղավարի պատմությունը

Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը կառուցվել էր 1928թ-ին՝ քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով՝ որպես «Հայկինոյի» (նախկին՝ «Հայֆիլմ»-ը) կինոտաղավար: Պետական այս հիմնարկի նույն թվականի հաշվետվության մեջ գրված է, որ տաղավարի կառուցմամբ կինոյի նկարահանումներն այլևս կախված չեն լինի եղանակային պայմաններից, կլուծվի նաև լուսավորության հարցը, քանի որ մինչ այդ բոլոր նկարահանումներն անց էին կացվում բնական լույսի տակ:

«Այդ թվականների բոլոր համր ֆիլմերը էնտեղ են արվել, որովհետև մինչև էդ նույնիսկ գնացել են՝ Թիֆլիսում են նկարել»,- ասում է կինոգետ Մելիք Կարապետյանը: Նա հիշում է, որ շենքի առաջին հարկում նաև փոքր կինոդահլիճ է եղել՝ փորձնական դիտումների համար:

pavillion.jpg (464 KB)
Պատկերներ տաղավարում կատարված նկարահանումներից / Մելիք Կարապետյանի արխիվից

Խորհրդային շրջանի շատ հայկական ֆիլմեր նկարահանվել են այստեղ մինչև 1970-ական թվականները, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան տեղափոխվել է Աշտարակի խճուղի: Կինոտաղավարի շենքի մեծ մասն այնուհետև տրվել է Հանրային ռադիոընկերությանը, և այն վերափոխվել է ձայնագրման ստուդիայի, հայտնի՝ «Տերյան ստուդիա» անունով: Մնացած փոքր հատվածում շարունակել է գործել կինոդերասանի ստուդիան, որտեղ վարպետության դասեր էր տալիս Հենրիկ Մարգարյանը:

2005թ-ին, երբ «Հայֆիլմ» պետական կազմակերպությունը մասնավորեցվել է, դրա՝ Տերյան 2 հասցեում գտնվող տարածքը հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը: Մեկ տարի անց, երբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, որպես իրավահաջորդ՝ նրան անհատույց օգտագործման է տրվել նաև այդ շինությունը, ինչպես նաև գրեթե նույն չափի մեկ այլ տարածք հարևան՝ Տերյան 3ա շենքում:

Արդեն հաջորդող տարիներին, ինչպես հիշում է Մելիք Կարապետյանը, սկսվել են շենքի մասնավորեցման մասին խոսակցությունները:

Տարբեր ձևակերպումներ՝ մեկ նպատակի համար

Գույքն ընդունելու հաջորդ տարում՝ 2007թ-ին, Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը կառավարությանը խնդրել է թույլ տալ շինությունը հանձնել մասնավոր մի ընկերության և դրա փոխարեն ստանալ վերանորոգված տարածք: Տնօրենը պատճառաբանել է, որ շենքն ունի «խարխուլ հիմք, փլուզման եզրին հասած պատեր, վթարային տանիք, ուստի տնտեսապես առավել շահավետ է այն հիմնովին քանդել, նորը կառուցել»:

«Հաշվի անելով, որ պետբյուջեի շրջանակներում նման լուծման գնալը որոշակիորեն բարդ կլինի, մենք բանակցություններ նախաձեռնեցինք մի շարք կազմակերպությունների հետ և նրանցից մեկի՝ «Էլ Սի ռոյալ» ՍՊԸ-ի հետ եկանք հետևյալ հայտարարին. եթե կառավարությունը տալիս է իր համաձայնությունը, և շինությունը մենք հանձնում ենք նրանց, կառուցումից հետո ՍՊԸ-ն մեզ, որպես սեփականություն, նշված հասցեից կտրամադրի 400 քմ վերանորոգված մակերես՝ օդափոխության և ջեռուցման արդի համակարգերով»,- գրել է Գևորգ Գևորգյանը:

Պարզ չէ, թե ինչ պատասխան է ստացել այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված այս դիմումը, քանի որ հետագա տարիներին շենքը մնացել է կանգուն:

2015թ-ին Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ խնդրելով Կինոկենտրոնին ամրացված 198.6 քմ անշարժ գույքը հանձնել Հանրային ռադիոընկերությանը: Ջաղինյանը պատճառաբանել է, որ «ռադիոընկերության նպատակային գործունեությունն ապահովելու, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջացել է լրացուցիչ տարածքների կարիք» և «ստուդիայի տարածքին կից ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը նույն շինությունում է գտնվում, և տարածքը բավարար է նշված խնդիրները լուծելու համար»:

Հենց այս հիմնավորումով էլ որոշվել է Կինոկենտրոնին տրված շենքը հետ վերցնել և հանձնել Հանրային ռադիոյին՝ դրա «զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացման» համար:

Չնայած սրան՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) և ռադիոընկերության ներկայացուցիչները հաստատում են, որ շենքը իրենց փոխանցելու նպատակը ի սկզբանե եղել է այն օտարելը: Իրենք ցանկացել են վաճառել ռադիոյին պատկանող 1167.9 քմ մակերեսով ձայնագրման ստուդիան՝ հաշվի առնելով, որ դրա «վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացումը ծախսային տեսանկյունից նպատակահարմար չէր, ինչպես նաև այն հանգամանքը, որ շենքն ուներ երրորդ աստիճանի վթարայնության մակարդակ»: ՀՀՌԽ աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանն ասում է, որ միայն վաճառքի ժամանակ են իմացել, որ ձայնագրման ստուդիային կից շենքը իրենց հաշվեկշռում չէ, և դիմել են Պետգույքի կառավարման վարչությանը՝ Կինոկենտրոնի կողմից օգտագործվող գույքը վերցնելու հարցով, այլապես, ըստ Վարդանյանի, ստուդիան քանդելուց հետո կից շինությունը չէր կարող կանգուն մնալ:

2016թ-ի հունվարի վերջին կառավարության որոշումով Կինոկենտրոնին պատկանող շենքը տրվել է Հանրային ռադիոընկերությանը, մեկ ամիս հետո տեղի է ունեցել գույքի հանձնում-ընդունումը, ևս մեկ ամիս անց հեռուստառադիոընկերության խորհուրդը աճուրդի է հանել այս երկու շինությունները (ընդամենը՝ 1366.5 քմ) և դրանց տարածքը:

teryan_studios.jpg (526 KB)
Տերյան 2-ի շենքը՝ մինչև քանդվելը / Մելիք Կարապետյանի արխիվից

Խորհրդի աշխատակազմի տրամադրած նիստի արձանագրության մեջ գրված է, որ ռադիոընկերությունը նախատեսում է «իրացումից ստացվող միջոցներով Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող Ընկերության շենքի չորրորդ հարկում կառուցել ժամանակակից երաժշտական ձայնագրման ստուդիա»: Շավարշ Վարդանյանը վստահեցնում է, որ որոշումն ընդունվել է կառավարության համաձայնությամբ:

Պետական գույքի կառավարման կոմիտեն և քաղաքային իշխանությունները պետական գույքի այս մասնավորեցումից տեղեկություններ չունեն: Փաստորեն, շենքը հանձնվել է Հանրային ռադիոընկերությանը՝ դրա գործունեությունն ապահովելու և սարքավորումները տեղակայելու պատճառաբանությամբ, մինչդեռ այդպիսով ընկերության վերադաս մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, իրավունք է ստացել ինքնուրույն որոշել պետական գույքի ճակատագիրը, ինչը և արել է՝ վաճառելով շենքը:

Բազմաբնակարան էլիտար շենք՝ ստուդիայի տեղում

Գույքը աճուրդի է դրվել 720 մլն դրամ մեկնարկային գնով, որը ժամանակի ընթացքում պետք է նվազեր: Հանրային ռադիոընկերության արդեն նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարվել է հայտնել վաճառքի մանրամասները՝ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառով, սակայն հեռուստառադիոխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը նշում է, որ իր տեղեկությամբ՝ ամբողջ գույքը վաճառվել է 300 մլն դրամով: «Հիմա մենք 6-րդ ստուդիայում (նկատի ունի Ալեք Մանուկյանի մասնաշենքի ստուդիան-հեղ.) ունենք ձայնագրության ամենավերջին տեխնիկան, և էստեղ կարող են ձայնագրվել ամենամեծ խմբերը»,- հավելում է խորհրդի անդամը:

bazmabnakaran.jpg (441 KB)Տերյան 2 հասցեում կառուցված շենքը

Գնորդը եղել է «Ակվա Լեն-Շին» ընկերությունը: 2017թ-ին ռադիոյի ձայնագրման ստուդիան և Կինոկենտրոնի շենքը քանդվել են, իսկ մեկ տարի անց դրանց տարածքում արդեն կառուցված է եղել 4 հարկանի բազմաբնակարան շենք: Դրա 1քմ-ը կառուցապատողը վաճառում է 1500-1600 դոլարով:

Տարածքը գտնվում է Տերյան, Կողբացի, Պուշկինի և Արամի փողոցների միջև՝ երկու բարձրահարկ նորակառույցների հարևանությամբ: Ընկերությունը շենքի առավելություններից նշում է Հյուսիսային պողոտայի և Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությունը:

satellite-small.jpg (1.12 MB)

Կառուցապատման ընթացքում հարակից մի քանի շենքերի բնակիչներ պայքարել են նոր շենքի կառուցման դեմ: «Շինարարական աշխատանքների ադյունքում գոյացած փոշին և աղմուկը շուրջ մեկ ամիս մեր բնակարաններում է»,- 2017թ-ի հուլիսին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմումում գրել են նրանք՝ պահանջելով կասեցնել շինարարությունը՝ մինչև հարցը լուծում ստանա:

Մեկ ամիս անց բնակիչները դատական հայց են ներկայացրել կառուցապատող ընկերության դեմ, քանի որ վերջինս չի կատարել քանդման թույլտվության պահանջները՝ հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության չի եկել կառուցապատման հետևանքով վնասներ կրող բնակիչների հետ: Նրանք դատարանից պահանջել են ընկերությանը պարտավորեցնել այդ վնասների դիմաց փոխհատուցման համաձայնագիր կնքելուն, ինչպես նաև վերացնել իրենց առողջությանը և գույքին սպառնացող վտանգը: 2018թ-ի մայիսին, սակայն, երբ շինարարությունը գրեթե ավարտված էր, նրանք հրաժարվել են հայցից:

Թանգարան. այլընտրանք՝ էլիտար շենքին

Նիկողայոս Բունիաթյանի նախագծած շենքի մասին շատ քիչ նյութ է պահպանվել, այդ թվում՝ ճարտարապետի արխիվում: Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը, որը Բունիաթյանի մասին գրքի և հոդվածների հեղինակ է, ասում է, որ քաղաքի գլխավոր ճարտարապետի մյուս շենքերի շարքում («Ինտուրիստ» և «Սևան» հյուրանոցները, Գյուղբանկը, բնակելի շենքեր քաղաքի կենտրոնում) կինոտաղավարի շենքը «ճարտարապետական հետաքրքրություն չէր ներկայացնում», ինչի պատճառով էլ նյութեր չեն պահպանվել:

Կինոգետ Մելիք Կարապետյանը, սակայն, հակադարձում է՝ նշելով երկու օրինակներ՝ գերմանական Բաբելսբերգի ստուդիայի տաղավարը, որտեղ 1927թ-ին նկարահանվել է «Մետրոպոլիս» ֆիլմը, և ֆրանսիական Օրսե թանգարանը, որ գործում է 20-րդ դարասկզբի գնացքի կայարանի տարածքում:

Տերյան 2-ի շենքը մեդիա-թանգարանի վերածելու առաջարկը Մելիք Կարապետյանը ներկայացրել է մշակույթի մի քանի նախարարների: Նրա համոզմամբ՝ այստեղ կարելի էր պահել, հետազոտել և ցուցադրել բոլոր այն տեսաձայնային նյութերը, որոնք գտնվում են ազգային արխիվում, Կինոկենտրոնում, Հանրային հեռուստաընկերությունում, տարբեր ստուդիաներում ու թանգարաններում:

Կարապետյանի առաջարկը, սակայն, արձագանք չի ունեցել: Հիշում է, որ դեռ 2010թ-ին, երբ կարճ ժամանակով խորհրդական է եղել Կինոկենտրոնում, իրեն ակնարկել են, որ թանգարանի նախագիծն իրագործելի չէ, քանի որ արդեն պայմանավորվածություններ կան՝ տարածքը մասնավորեցնելու համար: Մելիք Կարապետյանն ասում է, որ տարածքին պարզապես վերաբերվել են որպես Երևանի կենտրոնում գտնվող հողակտորի, որի ամեն քառակուսի մետրը մեծ գումար արժե:

Ճարտարապետ Բունիաթյանի ընտանիքի անդամ Իզաբելլա Մուրադյանն էլ նշում է, որ հարցը միայն այն չէ, որ շենքը Բունիաթյանն է նախագծել. «Նրանք քանդում են առաջին պատմական հուշարձանները: Եթե մենք ամեն անգամ չջնջենք՝ սկսենք նորից, վերջապես մի բան կունենանք»:

ԲՀԿ-ական գործարար, գեներալ Ապրիամովի հարազատներ. ովքեր են բնակարանների սեփականատերերը

2011թ-ի նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել է Արմեն Մուրադյանին և ընկերոջը՝ Ասատուր Առուստամյանին: Առաջինի մոտ հայտնաբերվել է մոտ 14գ չորացված մարիխուանա, իսկ երկրորդի մոտ՝ 2գ հաշիշ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմեն Մուրադյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն էր, որը հայտնի էր որպես թաղային հեղինակություն Արարատի մարզում՝ Շլամ Արմեն մականունով:

Նա ներկայացվում է նաև որպես մերձավորը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (մականունը՝ Շերիֆ), որը 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկ արվեց, ապա պատգամավոր դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Նույն ժամանակ ձերբակալվել էին ԲՀԿ-ի ներկայացուցիչներ Մասիսում և Ջերմուկում՝ կրկին թմրանյութեր պահելու մեղադրանքով, ինչը մամուլում ներկայացվեց որպես «քաղաքական արշավ ԲՀԿ-ի դեմ» Հանրապետական իշխանության կողմից:

21 օր կալանքի տակ գտնվելուց հետո Արմեն Մուրադյանն ազատ է արձակվել, իսկ 6 ամիս անց դատարանը նրան 1 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է ենթարկել՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտարկելով նրա վատառողջ լինելը, խնամքին՝ չաշխատող կնոջ և թոշակառու մոր առկայությունը:

Արմեն Մուրադյանը Տերյան 2 հասցեի էլիտար շենքի բնակարաններից մեկի սեփականատերն է: Նրա հարևանների թվում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովի դուստրն ու փեսան: Տարածքի բնակիչներից մեկի հավաստմամբ՝ շինարարարության ընթացքում պարբերաբար այստեղ է եղել նաև Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

DSC_5148.jpg (1.61 MB)

Կինոկենտրոնի տարածքի հարցը մնում է չլուծված

Երբ 2015թ-ին քննարկվում էր Կինոկենտրոնի շենքը ռադիոընկերությանը տրամադրելու հարցը, մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ այստեղ է տեղակայված իր ենթակայությամբ գործող Կինոկենտրոնի ոչ միայն ուսումնական ստուդիան, այլև աշխատակազմի մի մասը: «Նախագծում ներառված չեն դրույթներ տարածքը այլ համարժեք տարածքով փոխարինելու մասին և նման խմբագրությամբ որոշման նախագծի ընդունման պարագայում կխաթարվի կազմակերպության բնականոն գործունեությունը»,- հայտնել է մշակույթի նախարարությունը:

Մինչդեռ նախագիծը հեղինակող պետգույքի կառավարման վարչությունը որոշել է այդ հարցը հետաձգել՝ հիշատակելով այն հանգամանքը, որ 2006թ-ի որոշմամբ կազմակերպությանը տրամադրվել էր ևս 147.6 քմ տարածք Տերյան 3ա հասցեում: «…Այլ տարածք տրամադրելու խնդրին նպատակահարմար է անդրադառնալ հետագայում»,- եզրակացրել է պետգույքի կառավարման վարչությունը:

Վարչության պետ Արման Սահակյանին ուղղված հետագա գրությամբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին առաջարկել էր «հետագայում քննարկել նաև «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը այլ համարժեք տարածքի տրամադրման հարցը»: Այսքանով հարցը փակվել է:

Կինոկենտրոնն այժմ տարածք է վարձակալում «Հայֆիլմ» ստուդիայի՝ Աշտարակի խճուղում գտնվող շենքում: Տերյան 3ա հասցեի տարածքը վերանորոգման կարիք ունի: 2007թ-ին իրականացվել են այս տարածքի նախագծային-նախահաշվային աշխատանքները և պարզ է դարձել, որ դրա վերանորոգումը կարժենա 31 մլն դրամ: Ուշագրավ է այս մասին մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանի գրառումը, ըստ որի՝ 2006-2018թթ. Ազգային կինոկենտրոնի համար պետբյուջեից վարձակալության նպատակով տրված ընդհանուր գումարը կազմել է 113 837 100 դրամ: «Այսինքն՝ 4 անգամ կարելի էր վերանորոգել Կինոկենտրոնին պատկանող տարածքը և մինչ օրս չվարձակալել տարածքներ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է նախարարի խորհրդականը:

Մյուս կողմից, Հանրային ռադիոընկերությունը, որ «լրացուցիչ տարածքների կարիք» ունենալով, կառավարությունից խնդրել էր կից շինությունը, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող հիմնական մասնաշենքի մի շարք տարածքներ տարիներ շարունակ վարձակալության է տվել մասնավոր ընկերությունների: Այս մասին՝ մեկ այլ հրապարակմամբ:

Նորակառույց շենքի լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter