HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Եվ դու՞, Ռուբեն․․․

Ընկերներիս մոտ միշտ պաշտպանել եմ Ռուբեն Հախվերդյանին՝ անկախ նրա արտահայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանություններից։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ պետք է  լինել ներողամիտ՝ հաշվի առնելով նրա տաղանդը և նրա ստեղծած իսկապես քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակույթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրել և կարող եմ նրան անվերջ լսել։

․․․ Եվ հանկարծ լսեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը հայ լրագրության գերաստղ Համլետ Ղուշչյանի հետ։

Էլի, կարելի էր նույն «ներողամտությամբ» վերաբերվել նրա բառապաշարին (լածիրակ, լակոտ, ԼՏՊ, թյուրիմացություն, Սեռժիկ, ռուսական  գործակալներ, բեղլու, կնանիք, լափել, արա, կնոջդ հետ հաճախ պիտի հարաբերվես, վիժվածքներ, աբորտացուներ, դեպուտանքներ, վեցանոցներ, հետույքն էին լիզում, հետույքը կմտնեն…)։ Ամենահետաքրքրականն այն է, որ այդ նույն Համլետ Ղուշչյանը ժամանակակից եզրույթով ասած «դուխ» է առնում ու սկսում իր հերթին «դամ» պահել Ռուբենին (տականքներ, սարսափելի ժամանակահատված, բուլկի Արամ, նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխներ…) Բայց, իհարկե, հաղորդման գլուխգործոցը սույն Ղուշչյանի «անկեղծ խոստովանությունն» էր, որ ինքն անցած «հանցավոր ռեժիմից» հալածվել և ստիպված հեռացել է Մոսկվա (հիշեցի անորսալի Ջոյին), իրեն համեմատում է Ռուբենի «Լավագույն տղերքը հեռանում են» երգի հերոսների հետ։ Իհարկե, Ղուշչյանի «ինտելեկտն» ունի իր հոտառությունը։ Եթե Ռուբեն Հախվերդյանը հայհոյում է Հայաստանի անկախության շուրջ 30 տարիները, ապա Համլետ Ղուշչյանը, դրանից սարսափելով և զգալով այսօրվա պատվերը, հայհոյում է միայն անցած 20 տարիները։

Այս հարցազրույցը չէի լսի կամ  բնավ չէի անդրադառնա, եթե համացանցում չկարդայի խոսքեր, որոնք վերագրվում էին Ռուբեն Հախվերդյանին և որոնց չէի ուզում հավատալ։

Բայց․․․ ահա Ռուբեն Հախվերդյանի մտքի գոհարները․

«․․․ Թուրքական հատկություն ա (քծնանքը) ուժեղի ձեռքը համբուրի, թույլին սպանի, որը վառ կերպով արտահայտվեց Ռոբերտի ու Սերժիկի, որովհետև իրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել։ Էդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի, տխմար դերասանուհի կա ընդե, արա, վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք գնացեք ձեր մշակույթով, ձեր նամազներով, ձեր մուղամներով (վերջին բառը հուշում է «դուխով» Համլետը) Ղարաբաղից, էս թուրքական երաժշտությունը էկավ ու արմատակալեց Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Թաթա ու հազար ու մի զիբիլ․․․»։

Չգիտես` ի՞նչ պատասխանես, այն, որ քծնանքը որևէ ուղիղ կապ չունի արցախցիների հետ, որ ադրբեջանական երաժշտություն լսում էին ողջ Խորհրդային Հայաստանում։ Այն, որ նույն Խորհրդային Հայաստանում նույնպես ծաղկում էր ռաբիսը, բայց, ի տարբերություն այսօրվա, ստեղծվում էին նաև բարձրակարգ էստրադային երգեր (իսկ որ այսօր չեն ստեղծվում, հաստատ արցախցիները չեն մեղավոր): Արդյոք Ռուբեն Հախվերդյանը հոգու խորքում չի՞ նախանձում նույնպես բոլորի կողմից սիրված Թաթային, նաև Թաթայի՝ գուցե ավելի մեծ հոնորարների համար։ Բայց սրանք հեչ։ Ես զարմանում եմ Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների հանդեպ ֆաշիզմի հասնող ատելության վրա։ Չէի պատկերացնում, որ լյումպենական պարզունակությունը, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունը տարածվում է արցախցիների նկատմամբ, հատուկ է նաև Ռուբեն Հախվերդյանին։ Հետաքրքիր է, հայ ժողովրդի այդ ո՞ր հատվածն այդքան տարիներ կդիմանար ադրբեջանական ճնշումներին։ Եվ հիմա իրենց հայրենակիցներն ասում են՝ թողեք, գնացեք։ Հարյուր հազարավորների սիրելի Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը ավելի վտանգավոր են, քան տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների` մեր շահերից չբխող հայտարարություններն ու բանաձևերը Արցախի հարցի վերաբերյալ և շատ ավելի վտանգավոր, քան ալիևյան սպառնալիքներն ու ադրբեջանական զենքերը։

Ես սխալվել եմ։ Ռուբեն Հախվերդյանն, իհարկե, տաղանդավոր երգահան, բանաստեղծ, երգիչ է։ Բայց, միևնույն ժամանակ, պարզունակ մտածողության տեր, չար և նախանձ անձնավորություն։ Եվ երբեք՝ Վլադիմիր Վիսոցկի կամ Ժակ Բրել։

․․․ Իսկ Համլետ Ղուշչյանը հենց նրա կողմից երգված «լավագույն տղերքից» է։

Մեկնաբանություններ (3)

Ա, Թոմոյան
Շնորհակալություն հոդվածագրին; Հաղորդավարն ավելի խիստ գնահատականի է արժանի; Նա այսուհետ պիտի հանրային հարթակից չխոսի;
Հայկ Գալստյան
Բրավո; պարոն Իշխանյան։ Մի բանի վրա եմ խիստ զարմանում. Արցախցիներին հայհոյող նվաստները գոնե հասկանու՞մ են; որ դառնում են ադրբեջանցիների համախոհները; հասկանու՞մ են; որ դառնում են մեծն Նժդեհի ասած ներքին թուրքը։ Եթե Նախիջևանի հայությունը դատարկվեց օրերի ընթացքում; ապա արցախահայությունը; որը մի քանի անգամ դաժան պայմաններում էր ապրում; մնաց կառչած իր հողին։Իսկ սա միմիայն հարգանքի և մեծարանքի է արժանի։ Կուզենալի իմանալ; թե ինչու են արցախցիները արժանանում այսքան չկամության։Եվ այդ չկամներից մեկն էլ իմ սիրած արվեստագետ Ռուբեն Հախվերդյա՞նն է։ Հասկանու՞մ է արդյոք երգիչը թե իր մտքերը քանի թուրքի է ուրախացնում։
Կարինե
Երկուսն էլ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել հայ ժողովրդից և արցախցիներից հատկապես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter