Քաղաքաշինական սխալները մեզ վրա թանկ են նստելու
Քաղաքաշինական մի շարք սխալների պատճառով, ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, Երևանն այլևս քայլող մարդու տեղ չէ: Սխալների հեղինակները դրա մասին քիչ են մտահոգվում, որովհետև նրանց գլխավոր փոխադրամիջոցները ոտքերը չեն: Բայց եթե մի օր նրանց մեջ արթնանա զբոսնելու ցանկություն, դուրս գան մեքենաներից և չգտնեն որևէ հանրային կանաչ տարածք, թող հիշեն Մաշտոցի պուրակում այսօր կառուցվող «բուտիկների» ներսում մնացած ծառերը ու կարոտեն նրանց արտադրած թթվածինը:
Սարհատ Պետրոսյան - Քաղաքապետարանը ժամանակին կայացրել է սխալ մի որոշում, համաձայն որի՝ Աբովյան փողոցի վրա թույլատրվել է կառուցել այդ շինությունները: Ես, օրինակ, կփորձեի ուսումնասիրել, թե ով է սխալ որոշում կայացրել, և կփորձեինք պատժել այդ մարդկանց: Բայց մեր հասարակությունն այսօր այնպիսի վիճակում է, որ չի կարող այդկերպ մտածել: Եվ քաղաքապետարանը փորձում է հասարակության պահանջները բավարարել՝ նույնպես չգնալով իմ ասած ճանապարհով: Երևանի ամենաթանկանոց տեղից քանդել է տալիս ինչ-որ կառույց և տեղափոխում է քաղաքի դարձյալ կենտրոնական հատված, չի տեղափոխում, օրինակ, «Երրորդ մաս», որովհետև այդ գործարարները ունեն տնտեսական շահի, ներդրումների խնդիր:
Տեսականորեն քաղաքապետարանը ճիշտ ուղու վրա է, որովհետև այս դեպքը մասնավոր շահի հետ երկխոսելու նպատակով թույլտվությունների գործիքը ճիշտ օգտագործելու առաջին քայլերից մեկն է: Բայց, իհարկե, ամենևին չեմ արդարացում կանաչ տարածքում օբյեկտ կառուցելը: Հասարակությունը պետք է դրա համար պայքարի, ինչպես «Մենք ենք այս քաղաքի տերերը» նախաձեռնության անդամներն անում են Մաշտոցի պուրակում:
- Փաստորեն, նախաձեռնության անդամները կարող են փոխել պայքարի ուղղությունը և փորձել բեկանել քաղաքապետարանի նախկին սխալ որոշումը: Եվ այդ դեպքում խանութների սեփականատերերին փոխհատուցելու խնդիր այլևս չի առաջանա, հատկապես կանաչ տարածքի հաշվին:
- Ես այդպես կանեի. հետ գնալ և բեկանել նախկին սխալ որոշումը: Բայց, ըստ էության, գործընթացը ճիշտ ուղու վրա է: Ցանկացած հանրային տարածքի գրավումը վատ է, և ճիշտ է, որ այսօր հասարակությունը քաղաքապետարանի առջև բարձրացնում է այն խնդիրը, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքը ծառայեցնել մասնավոր շահին:
Շատ հավանական եմ համարում, որ նախաձեռնության անդամները կարող են հասնել նրան, որ շինությունները պուրակում չկառուցվեն: Հավանական է նաև, որ եթե կառուցվեն, ապա հետագայում խնդիրներ կառաջանան նաև այդ տարածքի համար: Ենթադրում եմ, որ պայքարի այս մեխանիզմը պետք է զարգացվի և դառնա ավանդույթ: Դա ցույց է տալիս, թե ինչպես պետք է վարվել Երևանի հանրային կանաչ տարածքներում շինություններ կառուցելու թույլտվությունների հետ:
- Քաղաքաշինական նոր նախագիծ իրականացնելիս ինչքանո՞վ է արդար մրցույթ անցկացվում Հայաստանում:
- Եթե գնահատելու լինենք, օրինակ, 10 միավորանոց համակարգով, ապա այդ արդարության չափը հավասար է 0-ի: Այդ առումով ահավոր վիճակ է: Պատճառներից մեկն այն է, որ մեզ մոտ կա, այսպես ասած, ճարտարապետական էլիտա, որն ինքնուրույն կայացնում է բոլոր որոշումները և իր ներսում լուծում է բոլոր խնդիրները:
Այսօր Հայաստանում մեծ քաղաքաշինական պատվեր իրականցնում են չորս-հինգ մեծ ընկերություններ, իսկ կառավարման բոլոր գործիքները կենտրոնացված են Երևանի գլխավոր ճարտարապետի ձեռքում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պաշտոնում: Նրա համակարգն է որոշում` ով պետք է նախագծի, ինչպես պետք է նախագծի, երբ պետք է նախագծի և այլն: Ու այդտեղ արդեն ստորադասվում են բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական համակարգերը, որոնց մշակման համար ՀՀ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսել (Երևանի գլխավոր հատակագիծ, Երևանի հուշարձանների ցանկ և այլն):
Հենց այսօր քանդվում է արդարադատության նախարարության շենքը, որը նախկին Սևան հյուրանոցի մի մասն էր: Հյուրանոցի շենքը ժամանակին եղել է Երևանի` հուշարձան համարվող շենքերի կազմում, բայց մի չինովնիկի թեթև ստորագրությամբ մի քանի տարի առաջ դուրս է մնացել այդ ցանկից, և հիմա քանդվում է արդարադատության նախարարության` Սևան հյուրանոցի մասը կազմող հատվածը: Մեզ հասած տեղեկություններով` դրա տեղում կառուցվում է Երևանի գլխավոր ճարտարապետին պատկանող կազմակերպության նախագծած շենքը: Այս փաստին չի կարողանում ընդդիմանալ ոչ միայն քաղաքացիական, այլև մասնագիտական հանրությունը:
- Իսկ մասնագիտական ընդդիմադիր հանրությունը կարողանո՞ւմ է լուրջ քննարկում ծավալել:
- Կարելի է ասել, մասնագիտական քննարկումներ չեն լինում: Վերջին անգամ նման քննարկում եղել է հունիսին Ճարտարապետների միությունում՝ կառավարության գմբեթի խնդրի վերաբերյալ: Պետական համակարգում ներգրավված մասնագետները առհասարակ կարողություն չունեն որևէ քննարկում ծավալելու, և դա հասկանալի է. մի մարդ, ով 15 տարի միևնույն համակարգում է աշխատում, ի վիճակի չէ այլ կերպ մտածելու:
Եվ ճարտարապետների միությունում, և քաղաքաշինական խորհրդում, որևէ խնդրի վերաբերյալ ծավալված մասնագիտական քննարկումները իրականում մասնագիտական չեն: Նախ, շատ հազվադեպ է լինում, որ մասնագիտական քննարկման ժամանակ օգտագործվում են մասնագիտական մտքեր: Այսինքն` մասնագիտական հանրության մեջ գործիքակազմին տիրապետելու խնդիր ունենք: Երբ ճարտարապետները կամ քաղաքաշինարարները հավաքվում են՝ քննարկելու որևէ քաղաքաշինական խնդիր, դիզայների մտքեր են արտահայտում: Օրինակ` կառավարության շենքի գմբեթի շուրջ ծավալված քննարկման ժամանակ ինչ-որ մեկը կարծիք էր հայտնում, թե գմբեթը կարելի է կառուցել ապակուց, բայց, եղբայր, մենք դեռ չենք որոշել գմբեթ դնել-չդնելու խնդիրը:
Կամ ներքևից վերև պետք է փոխվի այս տրամաբանությունը, որը փորձում են անել ակտիվ քաղաքացիները, կամ էլ վերևում գտնվող մարդիկ, ովքեր վերջին 15 տարիների ընթացքում հնարավորություն են ունեցել քաղաքաշինության ոլորտում որոշումներ կայացնելու, պետք է հեռացվեն ամբողջովին այս ոլորտից, և մտնեն նոր խաղացողներ, որոնց համար առաջնային խնդիր պետք է լինեն հանրային շահը, մասնագիտական ազնվությունն ու կարողությունը:
- Նոր քաղաքշինական նախագիծ ներկայացնելուց առաջ պետք է կազմակերպվի հանրային քննարկում: Նման դեպք հիշո՞ւմ եք:
- Մեզանում հստակորեն ձևավորված չէ հանրային քննարկման ինստիտուտը: Հանրային քննարկման վերաբերյալ շատ ժլատ օրենսդրական և ենթաօրենսդրական հղումներ կան: Դրանք դեռևս շոշափելի գործիքներ չեն դարձել հանրային քննարկման ինստիտուտի համար: Հազվադեպ է եղել, որ մարդիկ հանրային քննարկումների միջոցով հասել են ինչ-որ արդյունքների: Եվ այդ արդյունքները գրանցվել են զուտ կազմակերպչական խանդավառության շնորհիվ:
Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ հանրային քննարկման ինստիտուտի մեջ մեզ մոտ չի դիտարկվում մասնագիտական կարծիքը: Երբ մասնակցում ես հանրային քննարկմանը և մասնագիտական կարծիք ես հայտնում, ասում են` լավ, դա մասնագիտական կարծիք է, դա իրենց խնդիրը չէ, և հակառակը. հանրային քննարկման ոլորտից չես կարողանում տեղափոխվել մասնագիտական դաշտ:
- Ինչո՞ւ ենք հանգիստ վերաբերվում մեր իրավունքների ոտնահարմանը. հանրային քննարկումը նախատեսված է օրենքով:
- Կա շատ կարևոր մի պատճառ: Ճարտարապետական հանրությունը ավելի քան 30-40 տարի չի զբաղվել քաղաք ստեղծելու խնդիրները հանրության սեփականություն դարձնելով: Այսինքն՝ ճարտարապետներին իրենց սնոբիզմը թույլ չի տվել իջնել քաղաքացու մոտ և խոսել նրան մատչելի լեզվով: Ճարտարապետի և քաղաքացու միջև, փաստորեն, երկխոսություն տեղի չի ունեցել: Երբևէ Երևանում չի եղել, օրինակ, Թամանյանի վաստակը ներկայացնող ցուցահանդես, որ իմանանք` Թամանյանն իրականում ինչ է նախագծել, որ ոչ թե գծել է այս Հյուսիսային պողոտան, այլ շատ ավելի տաղանդավոր ճարտարապետ է եղել և ունի շատ ավելի լավ նախագծեր:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հյուսիսային պողոտայում, «տարբեր ոճեր խառնելով, կարելի է ստեղծել ֆանտաստիկ միջավայր»: Համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ էիք պատկերացնում ներկայիս Հյուսիսային պողոտայի փոխարեն:
Հյուսիսային պողոտայի նախագծման նպատակը Հանրապետության հրապարակն ու Օպերայի շենքը ոտքի ճանապարհով կապելն էր: Այն, ինչ արվեց, հեշտ ու շատ պարզունակ լուծում էր. պարզապես երկու կետը ուղիղ գծով միացրին: Արդյունքում` Հյուսիսային պողոտան ջարդեց Թումանյան, Պուշկին, Արամի, Տերյան, ինչպես նաև Լալայանց փողոցների կառուցվածքը:
Մենք առաջարկում էինք, որ հրապարակն ու Օպերայի շենքը կապող ոտքի ճանապարհը կարող է անցնել պատմական շենքերի բակերի, նեղ փողոցների միջով, ինչը կարող էր շատ ավելի հետաքրքիր լինել, այսինքն` չէին լինի այդ մոնումենտալ, բարձրահարկ շենքերը. կունենայինք փոքր, եվրոպական կառույցներ, և երևանյան շենքերի արանքներում կստեղծվեր հետաքրքիր միջավայր:
Բացի դրանից` եթե մենք այսօր Հյուսիսային պողոտայի երկարությամբ ունենք հանրային սպասարկման օբյեկտներ, ապա մեր նախագծով` պողոտայում ունենալու էինք երկու անգամ ավելի շատ կոմերցիոն մակերես` հանրային սպասարկման տարածքներ: Ես կարծում եմ, որ այսօրվա Հյուսիսային պողոտան հնարավոր չէ դարձնել շատ լավ վայր, բայց ավելի լավը կարելի է դարձնել, եթե լինեն նորմալ, լուրջ մասնագիտական մոտեցումներ: Հիմա ահավոր վատ և տխուր միջավայր է:
- Ինչո՞վ է պայմանավորված բարձրահարկ շենքերի նկատմամբ ձևավորված բացասական վերաբերմունքը:
- Կան քաղաքներ, որոնք տալիս են իրենց տարածքը վերևից դիտելու հնարավորություն: Երևանը դրանցից մեկն է: Օրինակ` կարելի է բարձրանալ «Կասկադ» համալիրի ամենավերևի հատվածը և դիտել ողջ քաղաքը: Այդպիսի քաղաքների տարածական տրամաբանությունը ենթադրում է, որ հորիզոնի գիծը պետք է պահել այնպիսին, ինչպիսին կա և թույլ չտալ, որ ուղղահայաց լուծումներ լինեն:
Երևանի կենտրոնում դեռևս 1970-80-ական թթ. սխալ մոտեցմամբ առաջացան մի քանի բարձրահարկ շենքեր: Եվ այդ նույն հոգեբանությունը` քաղաքի տարածության կազմակերպման սխալը, խորացավ հատկապես այս օրերին և դարձավ մասսայական: Եթե համեմատելու լինենք, 1990թ. Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերը 10-12 էին, այսօր մենք ունենք 30-40 բարձրահարկ շենքեր: Սխալն այլևս անուղղելի է, բայց կարծում եմ, որ կարելի է կանգ առնել և նման թույլտվություններ այլևս չտալ:
Այդ շենքերի կառուցման թույլտվություններում մի այլ կարևոր սխալ նույնպես կա. Երևանում 10-15 հարկանի շենքերի կառուցման թույլտվություն են տալիս` առանց բնակիչների ավտոկայանը այդտեղ նախատեսելու: Երևանում բազմաթիվ բարձրահարկ շենքեր կան, որ ավտոկայան չունեն: Դա քաղաքաշինական կոպիտ խախտում է: Երբ Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերը սկսեն բնակեցվել, այդ ժամանակ Երևանի ամբողջ կենտրոնը տրանսպորտային կոլապսի է ենթարկվելու: Իսկ որպեսզի այդպես չլինի, եվրոպական երկրներում կան շատ ընդունելի և փորձարկված մոտեցումներ, որ մեզ մոտ չեն կիրառվում:
-Եվրոպական երկրներում կա նաև տրամվայ: Մեզ մոտ մի քանի տարի առաջ հանեցին: Հնարավո՞ր է, որ մի օր վերականգնվի:
- Կարծում եմ, որ մի օր կունենանք այնպիսի մի երկիր, երբ քաղաքաշինական ճիշտ մոտեցումները կհարգվեն, և Երևանի տրամվայը կվերականգնվի: Այսօր տասից ավելի եվրոպական քաղաքներում, որոնք նախկինում չեն ունեցել տրամվայ, կառուցվում են տրամվայի գծեր: Իսկ մենք մի քանի տարի առաջ քանդել ենք մեր տրամվայի գծերը: Դա շատ թանկանոց մի համակարգ էր, որ մենք ձեռքից բաց թողեցինք: Գրեթե վստահ եմ, որ մի օր տրամվայը վերականգնելու անհրաժեշտություն է առաջանալու, բայց դա շատ ավելի թանկ է նստելու մեզ վրա:
- Քաղաքաշինական սխալների շարքը կարելի՞ է շարունակել:
- Ո՞ր մեկը ասեմ (ծիծաղում է- Մ.Մ.): Հուսով եմ, որ Գետառի հունի մեջ խցկված ավտոճանապարհը կհեռացվի քաղաքից, որովհետև դա հակաէկոլոգիական է: Շատ եվրոպական երկրներում գետի հունի մեջ մտցված ճանապարհները այսօր ապամոնտաժվում են, փոխարենը ստեղծվում են կանաչ տարածքներ և վերադարձվում են քաղաքներին:
Ամենակարևոր խնդիրներից մեկն այսօր Հանրապետության հրապարակի ամբողջ համալիրի պահպանությունն է: Հրապարակի շրջակայքում այսօր բուսնել են քաղաքաշինական առումով այլանդակ շենքեր, որոնք նսեմացնում են հրապարակը: Այդ ամբողջ հատվածի համար պետք է մշակվի մի ընդհանուր քաղաքաշինական հայեցակարգ: Եվ այդ հայեցակարգը պետք է լինի բաց, թափանցիկ ու բոլորի համար հասկանալի: Ոչ այնպես, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ երկու հոգով նստեցին, գծեցին, թե ով ինչ պետք է անի:
Թումանյան փողոցի որոշ հատվածներում մայթ չկա: Այս փողոցը Երևանի ամենաօգտագործվող փողոցներից մեկն է հատկապես Թումանյանի տուն-թանգարանից մինչև Նալբանդյան փողոցն ընկած հատվածում: Ուշադրություն դարձրեք, թե այդ հատվածում մարդիկ ինչպես են օգտագործում մայթերը: 89-90թթ. քանի որ շենքերի նկուղային տարածքները ոչ մեկին չէին պատկանում, կոմերցիոն կառույցներ ստեղծելու համար առաջին հարձակումը եղավ նկուղների վրա: Եվ քանի որ նկուղները աստիճաններ չունեին, մայթերի հաշվին ստեղծվեցին նկուղ գնացող աստիճաններ:
Հյուսիսային պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածում էլ մայթը երկու մակարդակով է գնում, և դա սխալ է: Շինարարության թույլտվություն տվող ցանկացած մեկը պետք է իմանա, որ խանութի մուտքը պետք է լինի մայթին հավասար: Մայթը հանրային տարածք է, որտեղ չպետք է լինեն աստիճաններ: Հյուսիսային պողոտայում փողոցի և շենքերի խանութների բարձրությունները նույն մակարդակի վրա չեն գտնվում: Այսինքն` որպեսզի խանութ մուտք գործես, պետք է աստիճան բարձրանաս:
Դա սպասարկման օբյեկտների ամենակարևոր սխալներից մեկն է: Եթե դու երկուսից ավելի աստիճան պետք է բարձրանաս, որ մտնես խանութ, ապա դրա վարձավճարի կամ քառակուսի մետրի արժեքը էականորեն իջնում է, որովհետև կառույցը մատչելի չէ, հրավիրող չէ: Սրանք պարզագույն գիտելիքներ են, որ նշված են քաղաքաշինական ցանկացած դասագրքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել