HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշողությունների բրոունյան շարժում կամ բարև, Հայաստան

-Մեր տունը մեծ է, իսկ մեր թաղամասից լավ թաղամաս Երևանով մեկ շրջիր` չես գտնի:

-Ի՞նչ եք տեսնում պատուհանից:

-Շենքեր ու դրանց արանքից թաքուն ծիկրակող ծառեր:

- Թույլ ակնարկ կենդանության,- մելամաղձոտ ժպիտով ասաց նա:

Ձյունը լցվել է մինչև կոկորդս, քիթուբերան շոյում են քամի ու արև, սրանք Հայաստանի բիրտ համբույրներ են, եթե մի քիչ էլ բարձրանանք սարերն ի վեր` ինչ-որ պահից սկսած օդը կմաքրվի, և կնշմարվի հորիզոնը. այ հենց էդտեղից էլ սկսվում են երազանքները: Ես հիշեցի նա խոսում էր հեռախոսով, ասում, որ ճանապարհը բարդ է, ոլորան, բայց եթե կարողանաս անցնել այն, ապա կհասնես մի կետի, որում համախոհներ կգտնես, որովհետև բոլոր հիմարները մնացած կլինեն կարճ ու ցածր քարերի վրա, գաճաճ թփեր կտեսնեն, և միայն հոտառությունը նրանց կհուշի թռչունների գոյության մասին...իսկ մեր առջև կբացվի գույների աննկարագրելի բազմաշերտությունը:

Հոգնել եմ, կանգ առ, իսկ նա ասես թևերը կտրած խոշոր թռչուն լիներ, որ թռչում էր ոտքերով: Կա նպատակ, ուրեմն պետք է շարժվել այդ ուղղությամբ, ո՞րն է նպատակը,- հարցնում եմ ես, նա կրկնում է. «Տեսնել՝ ինչ կա սարի մյուս կողմում»:

Թռչունները աչքաչափ հեռվում են, սա ո՞ր թռչունն է. սև  թևեր ունի սպիտակ մարմին: Կաչաղակն է, փայլող իրեր է սիրում գողանալ, նայիր՝ մատանին մատիցդ չսահի, կաչաղակի փայ կդառնա, ասեց ու ժպտաց ինձ: Ես գիտեի՝ նա բաց չի թողնի հնարավորությունը ինձ խայթելու, ասելու, որ որոշ կենդանիների ընդհանրապես չեմ ճանաչում:

-  Դու հորթին ու գառանն անգամ իրարից չես տարբերում,- իմ մտքին համընթաց հնչեց նրա ձայնը,- քեզ թվում է՝ մեկը կովի փոքր ձագն է, մյուսը՝ տարիքն առած, դպրոցական գրքերո՞ւմ էլ չես տեսել հորթերի:

- Դրանց մասին միայն լսել եմ ճիշտ այնպես, ինչպես եգիպտական բուրգերի մասին,- ասեցի ու չորացած ճյուղով ձյան վրա եռանկյունի գծեցի:

-Հասնենք տուն մի հորթ նկարիր, որին կուլ է տվել օձը,- քմծիծաղեց նա:

Շուրջբոլորը ձյուն է ձյան մեջ, հետո լուսանկարներում հեռվում մի տեղ ամրոցի ավերակներ կհայտնաբերենք: Նա լպստում է մատը, պարզում վերև, որպեսզի հասկանա՝ քամին որ կողմից է փչում: Ես էլ եմ նույնը անում, թեպետ վախ ունեմ, որ կհարցնի ինձ աշխարհի չորս կողմերի մասին. ես անգամ շփոթվում եմ, երբ ինձ հարցնում են՝ փողոցը վերև է բարձրանում, թե իջնում է ներքև, ինձ թվում է շուրջբոլորս անծայրածիր ուղիղ մակերևույթ է: Եթե ոտքերդ հոգնում են, ուրեմն, վերև ես բարձրանում, բացատրում է նա: Իսկ եթե կանգնած եմ...նայում եմ աջ, ձախ, իսկ շուրջբոլորս շենքեր են ու ասֆալտ, եթե ոտքս արթնանալու պահից սկսած մի մեծ ու տրոփող ցավ է. անընկալելի անհրաժեշտություն քայլելու:

-Դուք դպրոցներում լողավազաններ չունե՞ք:

- Չէ, մեր եղածը մի կտոր խաղադաշտն է՝ պոկված բզկտված դարպասով:

Երեխան հարցնում է՝ երբ տեղ կհասնեք, գրիր՝ ոտքով ճանապարհ ենք ընկել, օդաչուն կես օդային ճանապարհին իմացել է, որ ֆիրման սնանկ է ճանաչվել, ինքն էլ այլևս գործազուրկ է ու ազատ, մեզ իջեցրել է սարերի մեջտեղում, վերցրել ինքնաթիռը՝ հավատալով երկութևանիների մասին հեքիաթներին ու տրվել է հեռու տաք եզերքների գայթակղությանը, նա կարծել է առանց երամ միայնակ մեծ ահռելի թռչուն է: Ես գրեցի, իսկ նա հարցնում է՝ Մոսկվայում եք, թե Սանկտ Պետերբուրգում: Հիմա բոլոր երեխաներն են շուտ մեծանում, ավելի շուտ, քան մենք մեր ժամանակին: Հիշում եմ, երբ հայտարարեցին ֆիրմայի սնանկացման մասին, լուրը հայտնվեց գերմանական հեռուստաեթերի թեժ կետում, օդանավակայանում նստած, մոր հետ հանգստի մեկնել ցանկացող մի աղջնակ, ասեց՝ ֆիրման էլ չկա, իսկ մենք ինչ կարող ենք անել. մենք ընդամենը մարդ ենք: Նա այնքան տխուր ասեց այդ մասին, ու այնքան անզոր հնչեց նրա ձայնը… երևի արդեն պատկերացրել  էր իրեն ջրերում՝ աչքաչափ հեռու գտնվող ձկներին նայելիս: Իսկ դու ի՞նչ էիր պատկերացրել, ես մտածում էի, որ այդ կորցրած 700 եվրոյով կարող էինք լուսանկարչական ապարատի համար օբյեկտիվ գնել և զգալ, թե ինչպես է աշխարհը ցանցի պես բոլոր կողմերից գրավում մեր տեսողությունը: Ինչևէ, եղածը եղած է:

Հիշում ես, դեռ Բեռլինում երազում տեսել էի իբր մի փոքրիկ մուկ մի դեղին լաթի կտոր էր գողացել. նա, բերանում պահած այդ խեղճուկրակ կտորը, փախչում էր, հետո մտավ լվացարանի տակի պատի մեջ գոյացած սև խոռոչը, ես ու դու զարմացել էինք. ախր ում էր պետք այդ կեղտոտ ջնջոցը: Ես սկզբում կարծեցի գործընկերոջդ եմ երազում տեսել, նույնիսկ բորբոքվեցի, գոռացի, որ մանր խաբեբա է, աշխատի այնպես անել, որ չհանդիպեմ իրեն, թե չէ չեմ կառավարի ինձ, մի բան կասեմ, կթքեմ դեմքին, ասեցի ես՝ ներսիս քնաթաթախ առյուծին հանկարծակի ցնցելով: Բայց կարծես թե այդ փախուստը ու խուճապը կորցնելու մաշվածության միջից հազիվ նշմարվող դեղին գույնի պատառիկը, ինձ հիշեցնում է մորս, նա չի կարողանում բաց թողնել անցյալը, միաժամանակ  խոռոչում իրեր է կուտակում՝ միամտորեն կարծելով, որ կուտակված իրերի նյութական աշխարհը գալիք օրվա հանգստությունն է:  Նա՞ էլ է իր պահեստը խոռոչ անվանում,- հարցրեցիր դու: Նա կղզի է անվանում. ջրերը դիակներ են ափ նետում, թեպետ ամենակարևոր բաները մեռնում են մեր ներսում,- նորից բանաստեղծությո՞ւն ես գրում, չէ ուղղակի ամեն օր ավելի ու ավելի ներսումս լղոզվում է նրա ժպիտը, ես անհրաժեշտություն եմ զգում օդում ուրվագծելու այն՝ ավազի պես մատներիս արանքից փախչող նրա ժպիտը:

… Նա պատմում է, թե ինչպես էր հյուրասենյակում նստած հարևանուհու հետ, որը ինչ-որ կարևոր խոսակցության կիզակետում գոռաց՝ ոնց որ դիմացովս հենց նոր մի մուկ վազեց, մայրս ասեց՝ աչքիդ է երևում, տանը մուկ չկա, բայց ավելի ուշ նկատեց բացակայում են կոնֆետների եզրերը: Նա ամենուր գրքեր դրեց, գրքերի վրա՝ պանրի շերտեր:

-Գրքե՞ր են կոչվում,- մտքումս կառուցելով հերթական պատմությունը՝ հարցրեցի ես:

-Այո,- խիստ ձայնային ելևէջ արձակեց մայրս:

- Խանութում ասում ես՝ ինձ մկան գի՞րք տվեք,- չհանձնվեցի ես: Մայրս բարձրացրեց հոնքերը, ես ժպտացի, որովհետև ամեն ինչ այնքան ծանոթ թվաց: Բացված գրքերից մեկի վրա, ինչպես Հիսուսը խաչի վրա, ոտքեր ու ձեռքեր չռած, փռվել էր մի փոքրիկ մոխրագույն մկնիկ, մայրս փակել է գիրքը, ասես մուկը ընդամենը երկու թերթերի վրա պատկերված մի նկար է եղել:

Ես խնդրում եմ մորս առանց դուռը թակելու չմտնել իմ սենյակ, նա պարզաբանում է, որ սենյակիս պահարանում իր սրբիչներն են, սրբիչները՝ որպես մեծ ու ահռելի բազմագույն ձյան շերտեր:

Դու խելագարվում ես, նա քսան տարեկան աղջկա պես նեղուցի նմանվող խոհանոցում այս ու այն կողմ է վազում, իսկ դու չգիտես`որտեղ տեղավորել քո հսկա մարմինը: Այդ ընթացքում, մինչ դու փորձում ես յուրացնել քո շռայլ շարժումների կառավարման արվեստը, ես մազերս թաց շաղակրատում եմ վարսավիրի հետ, ի դեպ,  քեզ այդպես էլ  չպատմեցի մազերս լվացող լայն ու անկեղծ ժպիտով կնոջ մասին, որն այնպես էր մերսում գլուխս ասես այն ֆիլիգրան եղանակով ստացված զարդ էր, մազերս՝ արծաթե փխրուն մետաղալարեր: Այնքան նրբություն կար նրա մատներում, ու ժպիտը նրա, գիտես, դա այն ժպիտներից չէր, որ ծնում են քաղաքակրթությունները, առաջընթացը, բարքերը, չէ, ժպիտը վայրի էր ու անկեղծ, ինչպես ինքը՝ բնությունը:

Հարցնում եմ վարսավիրին՝ արդյոք ինչ-որ բան փոխվել է երկրում: Ուզում եմ ինձնից թոթափել անցյալի համառ ստվերները: Դու ուզում էիր տեսնել ի՞նչ կա սարի մյուս կողմում, ահա, տես, մեր դիմաց նշմարվում, փթթում, ջրի պես տարածվում է քաղաքը, իմ քաղաքը, որը կրկնվում է, սպառնում ինձ միևնույն փողոցներով, բակերով, մարդկանցով, կենցաղով…միայն թե կյանքն է ավելի արագ դարձել, առևտրի կետերն ու վարկային բյուրոներն են շատացել, մեր թաղի մթերային խանութում երեք հատ ավոկադո է հայտնվել: Իսկ ձեր տունը, մտքումս նորից հայտնվեցիր դու, էլի առաջվա պես մե՞ծ է, չէ, մեր տունը փոքր է դարձել, ծանոթ թաղերը`ավելի նեղ, օդը`ավելի կեղտոտ…մինչդեռ ամեն ինչ նույնն է մնացել, ինքնաթիռի զուգարանի չափ նեղ վերելակը մեզ մեկ վերև է բարձրացնում, մեկ` իջեցնում ներքև, իսկ աղբատար խողովակներն ի վեր ու ի վար ճեմում են շենքի հարազատ մկները, սև ու մոխրագույն առնետները: Առնետները ճեմում են, խողովակների ծակերից ներսուդուրս անում, իսկ այ շքամուտքի դուռը առաջվա պես քամին էլ բացուխուփ չի անի, հա, ճիշտ ես, ծածկագրված շենքի ներսում մնացել ենք մենք մերոնցով …ու հեռուստացույցները, որ միացված են օրը 24 ժամ` նախաճաշելիս, ընթրելիս, անգամ լոգանք ընդունելիս կարող է մեկ էլ ականջիդ հասնել, թե ինչպես է ոմն մեկն ասում` պարտավոր ենք Ֆերնանդոյին նորից աշխատանքի ընդունել,- մինչ փրփուրը սահում է մարմնիցս` հիշեցնելով ձնհալների մասին, ինձ է հասնում մեկ այլ պատառիկ, այս անգամ պարզվում է՝ քաղաքում մալարիայի համաճարակ է տարածվել: «Առաջ դա ասես քեզ չէր խանգարում,- չկարողանալով թաքցնել ժպիտդ ասեցիր դու,-  իսկ երբ ինչ-որ կարևոր բան էիր ուզում պատմել,- հարցրեցիր դու, -փորձում էիր ավելի բա՞րձր լինել, քան հեռուստացույցը, - և մենք խոսում էինք միասին ու միաժամանակ…»,- ասեցի, ու երկուսս էլ զգացինք`ասածս հնչեց, ինչպես անհաջող ռոմանսից սպրդած մի բան, միայն թե ավելի մելամաղձոտ կհնչեր, եթե ասեի. «Երբ խոսում են աչքերը, երբ խոսում են աչքերը»,- մտքումս նվագեցին բառերը:

-Ինչ-որ կեղծ բան կա դրանում,- ասեցիր դու, -այդ ձայների ներքո ոչ մի լուրջ խոսակցություն չես սկսի, դրա համար էլ մայրդ չի ճանաչում քեզ…

-Հեռուստացույցով հինգ տարի առաջ նայածս ֆիլմն են կրկնում,- թեման փոխելու համար ասեցի ես,- հաջորդ կադրում  աղջկա ոտքերը կհարեն նոր գնած չմուշկները, և նա չի կարողանա կատարել իր  երազած թռիչքը:

- Ամեն ինչ դանդաղ է փոխվում,- հանկարծակի ցնցեց վարսավիրի ձայնը,-  բենզինի գինն է էժանացել, ուտելիքն էլ մեր բենզինն է, ասա դա էլ էժանանա, թե չէ  ինչ՝ մի ավտոյի չափ էլ չարժի մեր մարմինը:

Չգիտեմ՝ ինչու հիշեցի քարանձավում ապրող մի հնդիկ յոգի, որն արևի էներգիայով էր սնվում:

Խոսակցության ընթացքում տեսադաշտիցս բաց չէի թողնում խոզանակը, որով շուտով պետք է հարդարվեին մազերս. դրա վրա խճողված մազերը ինձ հիշեցնում էին ազգիս հավաքական քիթը, որն անասելի տաք արտաշնչում էր դեմքիս:

Մանե Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter