HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ռուսաստանը գազով «խեղդում» է Հայաստանի անկախությունը

«Գազպրոմը» գնում է Իրան-Հայաստան խողովակաշարի 40 կմ-անոց հատվածը

Պաշտոնական Երեւանն այլեւս չի թաքցնում, որ ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններ են վարվում Իրան-Հայաստան կառուցվող գազատարի Ագարակ-Քաջարան 40 կմ-անոց հատվածը վաճառելու մասին: Մեր հարցին ի պատասխան՝ հինգշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ես դրա պատասխանը, անկեղծ ասած, չունեմ, գիտեմ, որ դրա շուրջ քննարկումներ, բանակցություններ են գնում: Այդ գազամուղը նույնիսկ դեռ չկա, այստեղ խոսքը չեղածը վաճառելու մասին է: Բայց խոսքն այսօր պետք է գնա, թե ով կկառուցի, դրա փողն ով կտա: Կարծում եմ' այսօր բանակցությունները դրա շուրջ են: Բնականաբար, հարց կտաք՝ եթե փողը տվեցին եւ կառուցեցին, երեւի թե նաեւ տերը կլինեն: Միգուցե, բանակցություններն ինքս չեմ վարում, մանրամասներին էլ այս պահին չեմ տիրապետում, որովհետեւ բավական հեղհեղուկ վիճակում է, բայց եթե կոնկրետ հարց եք տալիս' բացառու՞մ եմ, թե՞ ոչ «Գազպրոմին» Իրան-Հայաստան գազատարը վաճառելը, իհարկե ոչինչ չի կարելի բացառել»,-ասաց Վարդան Օսկանյանը:

«Գազպրոմի» պաշտոնական ինտերնետային կայքէջում ապրիլի 6-ին հրապարակվել էր մամլո հաղորդագրություն, ըստ որի Հրազդանի æԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից բացի «Գազպրոմը» Հայաստանի կառավարությունից գնում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նույն օրը հերքել էր այդ տեղեկությունները, իսկ հաջորդ օրը «Գազպրոմի» պաշտոնական ինտերնետային կայքէջում այլեւս չկար նախօրեի տեղեկատվությունը: Ապրիլի 7-ի համարում ռուսական «Վեդոմոստի» օրաթերթը ««Գազպրոմը» գրանցվել է Հայաստանում» վերնագրով հոդվածում գրել էր, որ խողովակաշարի 40 կմ-անոց հատվածը գնելու պայմանավորվածությունը «ձեռք է բերվել, սակայն պայմանագիրը դեռեւս վերջնական տեսքի չի բերվել»:

Տ նտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը նշում է, որ եթե հաստատվեն տեղեկությունները, համաձայն որոնց Իրան-Հայաստան խողովակաշարի 40 կմ-անոց հատվածը նույնպես տրվել է Ռուսաստանին, ապա Հայաստանի էներգետիկ անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում:

«Ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն է կոնկրետ գնորդը, այլ մեկ սուբյեկտ: Եթե Հայաստանի էներգետիկ ռեսուրսների 80-90 տոկոսը պատկանում է Ռուսաստանին, որն ընդգրկում է եւ՛ էներգիայի ստեղծման, եւ՛ բաշխման, մատակարարման համակարգերը, ապա այդ դեպքում Հայաստանը կախված է լինում մեկ կենտրոնից, եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին խոսելն այլեւս անիմաստ է դառնում: Ըստ էության, անիմաստ է դառնում նաեւ Իրան-Հայաստան գազատարի գաղափարն ընդհանրապես, որովհետեւ այդ գազատարը, ելնելով իր ռազմավարական նշանակությունից, պետք է ապահովեր ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունը, անվտանգությունը եւ այլընտրանքային աղբյուր լինելու հանգամանքը, այլեւ կատարեր տարանցման դեր, որից մենք զրկվում ենք, եթե այդ գործարքը տեղի է ունենում»,-ասում է Ա. Թեւանյանը:

Իրանագետ Արամ Շահնազարյանը նկատում է, որ այս պահին Թեհրանը լարված հարաբերություններ ունի Արեւմուտքի, մասնավորապես Միացյալ նահանգների հետ' կապված ատոմային խնդիրների հետ, հետեւաբար Իրան-Հայաստան գազատարին լուրջ ուշադրություն դարձնելու ժամանակ չունի:

«Բնականաբար, իրանցիները չեն ցանկանա, որ նման բան կատարվի, որովհետեւ Հայաստանի տարածքով դեպի Ուկրաինա, Եվրոպա գազ արտահանելու հեռահար նպատակներ ունեն, ինչը խաչաձեւվվում է Ռուսաստանի տնտեսական շահերին: Ներկայումս Իրանը չի կարող բացասաբար արձագանքել, պարտադրված է ինչ-որ կերպ համակերպվել, քանի որ ատոմային հարցերով մեծապես կախման մեջ է Ռուսաստանից: Բայց եթե Ռուսաստանից իրանցիները չստանան այն, ինչ ակնկալում են, այդ դեպքում նրանք կարող են այդ հարցը բարձրացնել, ինչը կարող է վնասակար լինել Հայաստանի համար: Ապագայի իմաստով Հայաստանի համար շահերի մեծ կորուստ է, որովհետեւ որպես տարանցիկ երկիր շատ բան կարող էր շահել»,-ասում է Շահնազարյանը:

Հարկ է հիշեցնել, որ այս տարվա փետրվարի 14-ին անակնկալ այցով Երեւան էր ժամանել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Այսօր արդեն պարզ է, թե պաշտոնական Թեհրանին ինչն էր մտահոգել, որ այդքան հապշտապ Երեւան էր գործուղել իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին: Օսկանյանի եւ Մոթթաքիի համատեղ մամլո ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը կոշտ տոնով հայտարարել էր, որ «ոչ ոք իրավունք չունի միջամտելու Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը»:

Այդ ժամանակ մենք Օսկանյանին հիշեցրինք հայկական եւ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները, համաձայն որոնց Մոսկվան ճնշումներ է բանեցրել Երեւանի եւ Թեհրանի վրա Իրան-Հայաստան գազատարի տրամագիծը 1200 մմ-ից 711-ի իջեցնելու հարցում, որպեսզի խողովակաշարը չդառնա տարանցիկ եւ չհարվածի Ռուսաստանի գազային, տնտեսական շահերին: Արտգործնախարարն ընդգծեց, որ գազատարի շինարարությունն իրականացվում է հայ-իրանական երկկողմ համաձայնագրի հիման վրա, եւ «երրորդ երկրները չեն կարող ազդել կամ ճնշում գործադրել մեզ վրա»: Մոթթաքին իր հերթին նշեց, որ լիովին կիսում է իր հայ պաշտոնակցի կարծիքը եւ հավելեց, որ Իրան-Հայաստան գազատարն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Վարդան Օսկանյանն է խոստովանում, որ Երեւանը էներգետիկ քաղաքականության հարցերում խուսանավելու լուրջ ռեսուրսներ չունի: Արտգործնախարարը հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, մամուլի ասուլիսում խորհուրդ տվեց հայկական էներգետիկ օբյեկտների վաճառքի հարցերը դիտարկել «ցանկալիի եւ հնարավորի խառնուրդի մեջ»:

«Իհարկե, ցանկալի է, որ էներգետիկ օբյեկտների մի մասը հայերի ձեռքը լիներ, հայ գործարարներ դրանք գնած լինեին, մյուս մասը' միգուցե եվրոպական երկիր: Բայց երեւի թե դրա հնարավորությունը չի եղել կամ հետաքրքրություն չի եղել, եւ այնպես է ստացվել, որ մի քիչ ավելի ռուսական թեքման է գնում»,-ասաց Օսկանյանը:

Բարձրաստիճան մյուս պաշտոնյաները վերոնշյալ գործարքներն այնպես են ներկայացնում, իբր դրանք կնքվել են՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների սոցիալական ոչ բարվոք վիճակը եւ բխում են Հայաստանի պետական շահերից: Իրականությունն այն է, որ լեգիտիմության ռեսուրսի լուրջ պակաս ունեցող հայկական իշխանությունները պարտադրված են ենթարկվել ռուսական գազային գրոհներին, քանզի Մոսկվան է նեղ պահերին, ընդ որում' հրապարակայնորեն, թեւ ու թիկունք կանգնում նրանց:

Անշուշտ, լեգիտիմության պակասից բացի, առկա է նաեւ օբյեկտիվ գործոնը. Հայաստանը իր չորս հարեւաններից երկուսի հետ չունի հարաբերություններ' արեւմուտքից Թուրքիան շարունակում է թշնամական քաղաքականությունը եւ կողպած պահում հայ-թուրքական սահմանը, ավելին' այդ սահմանի պաշտպանությունը տրվել է ռուսական սահմանապահներին, իսկ արեւելքից մեր հարեւանը Ադրբեջանն է, որի հետ սահմանները ոչ միայն փակ են, այլեւ՝ ականապատ: Նման պայմաններում շատ դժվար է Հայաստանի շահերից բխող քաղաքականություն վարել, անգամ եթե իշխանությունները չունենան լեգիտիմության խնդիր:

Ապրիլի 19-ի համարում ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրել է, որ «Գազպրոմը» արդեն ձեռք է բերել Իրան-Հայաստան գազատարի 40 կմ-անոց հատվածը: Ավելին՝ ակնարկ կա, որ 2009 թվականից «Գազպրոմը» իր ռազմավարական գործընկեր Հայաստանին «երկնագույն վառելիքը» կվաճառի ոչ թե 110, այլ 160 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Ի դեպ, ռուսական մամուլում արդեն հայտնվում են հրապարակումներ, ըստ որոնց Ռուսաստանը պատրաստվում է գնել Որոտանի ՀԷԿ կասկադը: Սա Հայաստանի միակ խոշոր էներգիա արտադրող օբյեկտն է, որը դեռեւս չի վաճառվել ռուսներին:

ԵՄ-ն Հայաստանին' փակե՛ք ատոմակայանը

Եվրամիության Եռյակի պատվիրակության ղեկավար, Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինքլերը ապրիլի 20-ին Երեւանում տված մամլո ասուլիսում հայտարարեց, որ «ԵՄ-ն շատ շահագրգռված է Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակմամբ»:

«Հայկական ատոմակայանում կիրառվում են հնացած տեխնոլոգիաներ, որոնք չեն համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին: Մյուս կողմից, ԵՄ-ն հարգում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը' ընտրելու էներգիայի այն տեսակը, որն առավելապես համապատասխանում է իր հնարավորություններին եւ շահերին»,-ասաց Վինքլերը: Նրա խոսքերով՝ Հայաստանում ԵՄ Եռյակի պատվիրակության բանակցությունների ընթացքում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները չեն քննարկվել, քանի որ «դա չի մտնում ԵՄ իրավասության մեջ»:

ԵՄ-ի այս կեցվածքը եւս անհասկանալի է: Եվրոպացիները պահանջում են փակել Հայաստանի ատոմակայանը, որն ապահովում է մեր երկրի էներգիայի աղբյուրների 40 տոկոսը, սակայն դրա դիմաց ոչինչ չեն առաջարկում: Ավելի ճիշտ, առաջարկում են 100 մլն եվրո, այն դեպքում, երբ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 800 մլն եվրո:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter