
ՏՄՊՊՀ-ի սեմինարում Գերմանիայի դեսպանը դժգոհեց հայ լրագրողներից
Այսօր Աղվերանում մեկնարկել է «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով երկօրյա սեմինար, որը կազմակերպել են հայ և գերմանացի մասնագետները:
Ողջույնի խոսքով հանդես եկան տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:
Դեսպանը կարևորեց ՏՄՊՊՀ-ի դերակատարումը Հայաստանի տնտեսության հակամրցակցության բացահայտման և կանխարգելման գործում: Արտակ Շաբոյանն էլ իր հերթին նշեց, որ հանձնաժողովն արդեն ունի լուրջ ձեռքբերումներ թե օրենսդրության կարգավորման, թե մասնագետների առումով, ինչի արդյունքն էլ 2011թ. կայացված 200-ից ավելի որոշումներն են:
Ա. Շաբոյանի խոսքերով՝ միայն անցյալ տարի տնտեսվարողների նկատմամբ կիրառված տուգանքն իր չափով գերազանցում է նախորդ 10 տարվա ընթացքում նշանակված տուգանքների չափը միասին վերցրած:
Գերմանիայի դեսպանը սահուն անցում կատարեց եւ դժգոհեց հայ լրագրողների պրոֆեսիոնալիզմի պակասից՝ նշելով, թե ինքը նույնպես առնչվել է այդ խնդրին և իր օրինակով է հանգել այդ եզրակացությանը:
«Հայաստանում ժուռնալիստիկայի մակարդակը բարձր չէ: Պետք է լրագրողն ունենա անհատականություն, խիզախություն և չթաքնվի իր խմբագրի թիկունքում: Ինքս էլ իմ փորձից եմ եզրակացրել, իմ խոսքերը երբեմն ոչ ճիշտ են մեջբերում»,- ավելացրեց Հանս-Յոխեն Շմիդտը:
Սեմինարի ընթացքում ոլորտում Գերմանիայի փորձը լրագրողներին ներկայացնում է Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը: Տնտեսական մրցակցության պաշտպանությունը Գերմանիայում բարձր մակարդակի վրա է, և պետությունը պարզապես դիտորդի դերում է: Շատ հարցեր լուծում են հենց մրցակցող ընկերությունները: Ըստ գերմանացի դատավորի՝ իրենց երկրում բիզնեսն տարանջատված է պետությունից:
Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է, և շատ հարցերում պետությունը միջամտում է բիզնեսին:
Մեկնաբանել