HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է Երևանի արտադրական ձեռնարկություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «365 գրուպ» և «Մուրադ սար» ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝ ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

«365 գրուպն» արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ, ինչպես նաև «Passion de Pineau» 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է և գործող «Passion de Pineau» գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են Ռուսաստանը և Գերմանիան:

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) ներդրումային կոմիտեի հաստատած ներդրումային ծրագրով և ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ և գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից և Վրաստանից:

Պարենի արտադրության միջազգային ստանդարտների ներդրման և համապատասխանեցման համար ընկերությունը հիմնանորոգել է արտադրական ու հարակից պահեստային, ինչպես նաև գրասենյակային տարածքները՝ համապատասխանելով ISO 22000:2005 սերտիֆիկատի պահանջներին:

2011 թ. ընթացքում «365 գրուպը» մթերել է 440 տոննա խաղող և այլ մրգեր՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շշի՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը 2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն:

Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է իրացման ծավալներն ավելացնել 43, իսկ արտահանումը՝ 25 տոկոսով: Ներկայում ընկերությունն ունի 30 աշխատող: Վերազինման և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:

Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում պոնիվինիլքլորիդի հիմքի վրա արտադրատեսակների արտադրությունը խթանելու և պատրաստի արտադրատեսակների ներմուծումը տեղականով փոխարինելու նպատակով 2011-ի դեկտեմբերին փոփոխություն է կատարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Դրանով՝ պոնիվինիլքլորիդի պոլիմերների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

«Մուրադ սար» ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք:

Վրացական և իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչև 2000 տոննայի: «Մուրադ սարը» նախորդ տարի թողարկել է 932 մլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները:

Իրան և Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Արդեն իսկ Վրաստան է առաքվել 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը: Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:

Ընկերությունում աշխատում է 37 մարդ: Միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ:

Արտադրության զարգացման նպատակով 2011-ին ձեռք են բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:

Ձեռնարկությունն ունի հավելյալ էլեկտրաէներգիայի խնդիր: Կառավարության կայքի հաղորդմամբ՝ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է գտնել խնդրի լուծման տարբերակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter